«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը ելույթ է ունեցել iHeartRadio ALTer Ego համերգի ընթացքում, որի ժամանակ բեմ է բարձրացել բաճկոնով, որի վրա անգլերենով գրված է եղել՝ «Դադարեցրեք շրջափակումը» (Stop the blockade), «Արցախ»: Այդպիսով՝ հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը։
Նա նաև գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։
«Խնդրում եմ ՁԵԶ՝ միջազգային հանրությանը, կանգնել իմ կողքին՝ ի պաշտպանություն Արցախի հայերի, մենք պետք է #դադարեցնենք շրջափակումը (#STOPTHEBLOCKADE) և թույլ չտանք Ադրբեջանին շարունակել Արցախում հայերի էթնիկ զտումների սարսափելի քաղաքականությունը։ Ինչպե՞ս կարող եք օգնել: Պարզ բան, սեղմեք այս հղումը՝ https://l.linklyhq.com/l/1f9Np, որն ավտոմատ կերպով թվիթ կստեղծի Քամալա Հարիսի համար՝ խնդրելով խախտել լռությունն այս հարցում, դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին և սկսել ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունն Արցախին…»,- գրել է երգչուհին։
iHeartRadio ALTer Ego համերգը հավաքում է այլընտրանքային ռոքի ամենահայտնի ներկայացուցիչներին։ Հունվարի 14-ին Լինը միացել է նրանց Լոս Անջելեսի Kia Forum-ում երաժշտական երեկոյի ժամանակ։