Երգչուհի Շակիրայի նոր երգը՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ նախկին հարաբերությունների ակնարկներով, դարձել է համացանցում քննարկման հիմնական առարկան։ Մինչ համացանցի որոշ օգտատերեր տող առ տող վերծանում են ֆուտբոլիստին ուղղված ակնարկները և ծաղրում մարզիկի պատասխանը, մյուսները մեմեր են ստեղծում նախկին զույգի դիմակայության մասին և տեսանյութեր նկարահանում վիրուսային երգի համար:
Հունվարի 12-ին կոլումբիացի երգչուհին արգենտինացի դիջեյ Bizarrap-ի հետ իսպաներեն թրեք է թողարկել, որում ծաղրել է նախկին սիրելիին ու նրա ընկերուհուն հետևյալ արտահայտութուններով՝
«Դու Ferrari-ն փոխեցիր Renault Twingo-ի հետ: Դու Rolex-ը փոխեցիր Casio-ի հետ»:
Ժերար Պիկեն, իր հերթին, արձագանքել է նախկին սիրելիի նոր երգին։
Ի պատասխան՝ 35-ամյա ֆուտբոլիստն իսպանական մեդիալիգայի հանդիպմանը ժամանել է Renault Twingo-ով, ինչպես նաև եթեր է դուրս եկել Casio ժամացույցով և հայտարարել, որ ապրանքանիշը դարձել է իսպանական մեդիալիգայի հովանավորը։
«Մենք համաձայնության ենք եկել Casio-ի հետ՝ հովանավորելու Թագավորների լիգան: Casio-ն հիանալի ժամացույց է, այն ծառայում է ամբողջ կյանքի ընթացքում»,- նշել է Պիկեն:
Թրեքը YouTube-ում 24 ժամվա ընթացքում ունեցել է ավելի քան 63 միլիոն դիտում՝ դառնալով ամենաշատ դիտված նոր լատինական երգը հարթակի պատմության մեջ։