54-ամյա Սելին Դիոնը երկրպագուներին հայտնել է տխուր լուր: Երգչուհին ստիպված կլինի չեղարկել շրջագայությունn առողջական լուրջ խնդիրների պատճառով։ Արցունքն աչքերին Սելինը ձայնագրել է զգացմունքային տեսաուղերձ, որում նա խոստովանել է, որ տառապում է հազվագյուտ «մկանային կաշկանդվածության համախտանիշով», որն առաջացնում է ցավ եւ սպազմ, ինչպես նաեւ ազդում է ձայնալարերի վրա: Այս հիվանդությունը կարող է հրահրել մկանների պատռվածքներ, ինչը մեծապես ազդում է կյանքի որակի վրա, հաճախ խանգարում է մարդուն նորմալ շարժվել, մեքենա վարել եւ նույնիսկ ուտել:
Ես երկար ժամանակ պայքարում եմ իմ առողջական խնդիրների հետ, եւ ինձ համար իսկապես դժվար էր դիմակայել այս մարտահրավերներին ու խոսել այն ամենի մասին, ինչի միջով անցել եմ… Ցավով եմ ասում ձեզ, որ փետրվարին չեմ կարողանա վերսկսել իմ եվրոպական շրջագայությունը:
Հիշեցնենք, որ Սելին Դիոնի ձայնի դիապազոնը, ըստ տարբեր աղբյուրների, հասնում է հինգ օկտավայի: Երգչուհին հայտնի դարձավ «My Heart Will Go On» ստեղծագործությամբ, որը դարձավ Ջեյմս Քեմերոնի լեգենդար «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքը։ Սելինի դիսկոգրաֆիան ներառում է 27 լիամետրաժ ստուդիական ալբոմ, իսկ ձեռքբերումների գանձարանում կան միանգամից մի քանի «Գրեմմի» մրցանակներ։