45 տարի առաջ Էլդար Ռյազանովը հանդիսատեսին ներկայացրեց իր «Ծառայողական սիրավեպ» ֆիլմը, որը դարձավ գլուխգործոց: Ինչպե՞ս ռեժիսորին հաջողվեց նկարահանել ֆիլմ, որը սիրով դիտում են մինչ օրս:
«Ծառայակիցները» պիեսը Էլդար Ռյազանովն ու Էմիլ Բրագինսկին գրել են 1971 թվականին, որից հետո այն բեմադրվեց երկրի մի քանի թատրոններում, մասնավորապես՝ Մոսկվայի Մայակովսկու անվան և Լենինգրադի Կոմեդիայի թատրոններում։ Ներկայացման հեռուստատեսային տարբերակը Ռյազանովին դուր չեկավ, որից հետո նա որոշեց ֆիլմ նկարահանել։
Ռյազանովը գլխավոր դերը վստահեց Անդրեյ Մյագկովին, որն իր նախորդ՝ «Ճակատագրի հեգնանքը, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմում խաղացել էր Ժենյա Լուկաշինի դերը: Այժմ դերասանը պետք է հայտնվեր նոր կերպարում և չասոցացվեր նախորդ դերի հետ։ Մյագկովը հրաշալի մարմնավորեց իր դերը. նա տիպիկ գրասենյակային աշխատակից է, որը սովոր է շփվել թվերի, այլ ոչ մարդկանց հետ:
Ինչ վերաբերում է գլխավոր հերոսուհուն, ապա Ալիսա Ֆրեյնդլիխը գալիս էր Էլդար Ռյազանովի մոտ լսումների՝ «Գուսարական բալլադ» և «Բախտի զիգզագը» ֆիլմերում նկարահանվելու համար, սակայն համագործակցել ոչ մի կերպ չէր ստացվում։ Եվ ահա, վերջապես, ռեժիսորը դերասանուհուն վստահեց գլխավոր դերը, ինչի համար ուրախ էր, քանի որ վաղուց գիտեր Ալիսա Բրունովնայի տաղանդի մասին։
«Երբ դիտեցի նրա մասնակցությամբ ֆիլմերը, ինքս ինձ մտածեցի, որ էկրանին լավ, պրոֆեսիոնալ կատարող է, բայց ոչ ավելին։ Ստանալով Ֆրեյնդլիխի համաձայնությունը՝ ես սկսեցի մտածել, թե ինչպես հասնել նրան, որպեսզի կինոն չխլացնի նրա տաղանդի ուժեղ կողմերը, ինչպես օգնել նրան էկրանին բացահայտել իր իրական հարուստ դերասանական և մարդկային ներքինը», – հիշել է Ռյազանովը։
Հնարքներից մեկը, որ մտածեց ռեժիսորը, նկարահանման հրապարակում այնպիսի մթնոլորտ ստեղծելն էր, որը մոտ լիներ թատրոնին, որպեսզի Ալիսա Բրունովնան իրեն կոմֆորտ զգար: Բացի այդ, սկսեցին նկարահանել ժամանակագրական կարգով, որպեսզի դերասաններն ավելի լավ պատկերացնեին և զգային ֆիլմի սյուժեն:
Բացի «Ծառայողական սիրավեպ» ֆիլմում գլխավոր թեմայից, կան նաև մի քանի երկրորդական գծեր, և երկրորդական դերերի հերոսները պակաս կարևոր չէին, քան Մյագկովն ու Ֆրեյնդլիխը։
Լիա Ախեջակովան հիանալի մարմնավորեց քարտուղարուհի Վերոչկային, Լյուդմիլա Իվանովան դարձավ արհմիությունից ակտիվիստուհի, Պյոտր Շչերբակովը մարմնավորեց դժբախտ Բուբլիկովին։ Ֆիլմում առանձին թեմա է Սամոխվալովի՝ ի դեմս Օլեգ Բասիլաշվիլիի (ի դեպ, դերասանն ի սկզբանե ռեժիսորին խնդրել էր մարմնավորել Նովոսելցևի դերը) և Օլգայի սիրո պատմությունը՝ Սվետլանա Նեմոլյաևայի կատարմամբ։
Երկմասանոց ֆիլմը թողարկվեց 1977 թվականի հոկտեմբերի 26-ին՝ 45 տարի առաջ, որի ընդհանուր տևողությունը 2.5 ժամ էր։ 1978 թվականին արդեն «Ծառայողական սիրավեպ» ֆիլմը հիթ էր։ Մյագկովն ու Ֆրեյնդլիխը դարձան տարվա դերասան և դերասանուհի՝ ըստ «Советский экран» ամսագրի ընթերցողների։
Դե, իհարկե, ֆիլմն ինքնին դարձավ տարվա ֆիլմ, քանի որ այն առաջ անցավ Եվգենի Մատվեևի «Ճակատագիր» և Ալեքսանդր Ֆայնցիմերի «Трактир на Пятницкой» ֆիլմերից:
5 հետաքրքիր փաստ «Ծառայողական սիրավեպ» ֆիլմի մասին՝
Սկզբում ֆիլմը պետք է կոչվեր «Ղեկավարող մոխրոտի հեքիաթը», իսկ ավելի ուշ անվանումը փոխվեց «Ծառայողական սիրավեպեր»-ի։ Նկարահանված սևագիր տարբերակը, որը 5 ժամ էր տևում, գրասենյակային 5 սիրավեպ էր ներառում:
Առավոտը գրասենյակում արժանահավատորեն ցույց տալու համար Ռյազանովը դիմեց խորամանկության. հերթական տեսարանը նկարահանելուց հետո նա ընդմիջում հայտարարեց, սակայն տեսախցիկը չանջատեց։ Դադարի ընթացքում դերասանուհիները սկսեցին անկաշկանդ կարգի բերել իրենց. ահա այսպես նկարահանվեցին անհրաժեշտ կադրերը։
Ֆիլմը հեռուստաներկայացման չվերածելու համար Ռյազանովը դրանում մոսկովյան փողոցների տեսարաններ ավելացրեց։ Իսկ դրանում տեղացող ձյունը ոգեշնչեց ռեժիսորին գրել «Բնությունը վատ եղանակ չունի» («У природы нет плохой погоды») հայտնի երգի տեքստը։
Չիմանալով «Բնությունը վատ եղանակ չունի» ստեղծագործության հեղինակին՝ Մյագկովն ասել է, որ այն իրեն դուր չի գալիս։
Հաստատությունը, որտեղ աշխատում են գլխավոր հերոսները, նկարահանվել է Մոսկվայի 3 վայրում։ Շենքի ճակատային հատվածը պատկանում է Ծովային և գետային տրանսպորտի դաշնային գործակալությանը, Կալուգինայի գրասենյակը գտնվում է Բոլշչոյ Գնեզդնիկովսկու նրբանցքի 9 հարկանի շենքի տանիքի կողքին, իսկ մնացած գրասենյակները պատրաստվել են Մոսֆիլմի տաղավարներում:
Հաստատության կարգավիճակը ցույց տալու համար Լյուդմիլա Պրոկոֆևնայի գրասենյակում տեղադրվել է հունգարական հազվագյուտ Videoton-340 համակարգիչ։ Այն արժեցել է գրեթե 440 հազար ռուբլի (համեմատության համար նշենք, որ «Ժիգուլի» կարելի էր գնել 5 հազար ռուբլով): Կենտրոնական վիճակագրական բյուրոյի աշխատակիցն ամեն օր համակարգիչը բերել է նկարահանման, իսկ երեկոյան՝ տարել: