Դերասան, ռեժիսոր և Community Organised Relief Effort-ի (CORE) հիմնադիր Շոն Փենը կպարգևատրվի Բոբ Հոուփի անվան մարդասիրական մրցանակով Փառքի սրահում տեղի ունենալիք միջոցառման ժամանակ, գրում է The Hollywood Reporter-ը։
Միջոցառումը, որն անցկացվում է Հեռուստատեսության ակադեմիայի կենտրոնակայանում, Փառքի սրահին նոր անդամների անդամակցության արարողությունն է:
Այս տարի վեց նոր անդամներ կհայտնվեն ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ Դեբի Ալենը, Քեն Բերնսը, Բոբ Դեյլին, Ռոբերտ Լ. Ջոնսոնը, Ռիտա Մորենոն և Դոնալդ Ա. Մորգանը: Փառքի սրահը մեծարում է փոքր էկրանների լեգենդներին, «որոնք իրենց կարիերայի ընթացքում կամ բացառիկ նվաճումների շնորհիվ հսկայական ներդրում են ունեցել արվեստի, գիտության կամ հեռուստատեսության զարգացման գործում»:
Ինչ վերաբերում է Փենին, ապա նա առանձնացվել է «տասնամյակների կատարած գործունեության» համար՝ հիմնականում CORE-ի միջոցով կատարած աշխատանքի շնորհիվ: Կազմակերպությունը սկսել է օգնություն տրամադրել 2010 թվականին Հաիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։ Այդ ժամանակից ի վեր CORE-ը մոբիլիզացվել է մարդասիրական արտակարգ իրավիճակների համար՝ COVID-19 համաճարակը, 2022 թվականին Ուկրաինայում տիրող իրավիճակը․․․
Բոբ Հոուփի անվան մարդասիրական մրցանակը հիմնադրվել է 2002 թվականին՝ «պարգևատրելու անհատին, ում բարեգործական ջանքերն արտացոլում են Բոբ Հոուփի տարիների ալտրուիզմը և դրական ազդեցությունը հասարակության վրա»: Այս տարի ընտրող հանձնաժողովը գլխավորում էին Հեռուստատեսության ակադեմիայի կառավարիչներ Քիմ Քոուլմանը և Մայքլ Սփիլլերը։