«Եվրատեսիլ 2023»-ը կանցկացվի Մեծ Բրիտանիայում
Դիտումներ՝ *
15:09 2022-07-25

Եվրոպական հեռարձակողների միությունը եւ BBC-ն հաստատել են, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն անցկացվելու է Միացյալ Թագավորությունում` ուկրաինական UA։ PBC հեռուստաալիքի հետ համագործակցությամբ․ այս մասին գրում է մրցույթի պաշտոնական՝ Eurovision.tv կայքը՝ ներկայացնելով նաեւ մյուս տարվա մրցութային պայմանավորվածությունները։ Այսպիսով, «Եվրատեսիլի» հյուրընկալման պարտավորությունները ստանձնելու է բրիտանական BBC-ն։ «Եվրատեսիլ 2022»-ի հաղթող երկիրը՝ Ուկրաինան, մրցույթի մեծ հնգյակի երկրների հետ միասին (որոնց թվում է նաեւ Մեծ Բրիտանիան), ելույթ է ունենալու միանգամից եզրափակիչ համերգին։ US։PBC հեռուստաալիքի ներկայացուցիչները համագործակցելու են BBC-ի հետ՝ մրցույթում ուկրաինական տարրեր ներառելու համար։

Կայքը հայտնում է, որ մրցույթի տարբերանշանի ու շոուի անցկացման կարգերի մասին կհայտարարվի ավելի ուշ։

Ինչպես նշված է ԵՀՄ-ի հաղորդագրության մեջ՝ Ուկրաինայում մրցույթը չանցկացնելու որոշումն ընդունվել է՝ ելնելով անվտանգության կանոններից։ Քննարկումների արդյունքում «Եվրատեսիլ 2022»-ում երկրորդ հորիզոնակը զբաղեցրած հեռարձակողը՝ BBC-ն, Եվրոպայի հեռարձակողների միության կողմից ստացել է այն հաջորդ տարի հյուրընկալելու հրավերը։

««Եվրատեսիլ 2023»-ը չի հյուրընկալվի Ուկրաինայում, բայց այն կանցկացվի ի աջակցություն Ուկրաինայի։ Շնորհակալ ենք մեր գործընկերոջը՝ BBC-ին, մեզ ցուցաբերած այս աջակցության համար։ Համոզված եմ, որ միասին մենք կկարողանանք ուկրաինական ոգին ցուցադրել գալիք մրցույթում՝ եւս մեկ անգամ ամբողջ Եվրոպան համախմբելով խաղաղության, աջակցության, յուրահատկության ու տաղանդի շուրջ»,-ասել է UA:PBC-ի մենեջմենթի տնօրեն Միկոլա Չերնոտիթսկին։

«Եվրատեսիլ 2022»-ում Ուկրաինան ներկայացնում էր Kalush Orchestra-ն՝ Stefania երգով։ Մեծ Բրիտանիան մրցույթում ներկայացնում էր Սեմ Ռայդերը՝ Space Man երգով։

Ամենաընթերցված