Ֆրանսիայի կինոն. 10 լավագույն դերասանուհիները
Դիտումներ՝ *
12:44 2022-08-17

1. Ժաննա Մորո

Նկարահանվել է լավագույն ռեժիսորների՝ Անտոնիոնիի, Բունյուելի, Տրյուֆոյի, Ֆասբինդերի, Բեսոնի և այլոց մոտ: Արժանացել է Կաննի, Վենետիկի, Բեռլինի և Մոսկվայի կինոփառատոների մրցանակներին: 1947 թվականին ընդգրկվել է Կոմեդի Ֆրանսեզի թատերախմբում՝ դառնալով լեգենդար թատրոնի պատմության ամենաերիտասարդ դերասանուհին:

2. Կատրին Դենյով

Ֆրանսիական կինոյի թագուհին նկարահանվել է 163 ֆիլմերում: Հանրահռչակ է դարձել «Շերբուրյան հովանոցներ» ֆիլմի՝ Կաննում կայացած տրիումֆից հետո:

3. Բրիջիդ Բարդո

Աշխարհահռչակ է դարձել Ռոժե Վադիմի «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմում կատարած դերից հետո: Նախորդ դարի կեսերին համարվում էր եվրոպական սեքս խորհրդանիշ՝ ֆրանսիական Մերիլին Մոնրո: Վերջին 30 տարիներին ակտիվորեն զբաղվել է կենդանիների պաշտպանությամբ:

4. Ռոմի Շնայդեր

Ավստրիական, գերմանական և ֆրանսական կինոյի աստղը վաղ պատանեկության տարիներին նկարահանվել է ավստրիական մելոդրամաներում, որոնք էլ նրան աշխարհահռչակ դարձրին: Ֆրանսիայում ձեռք է բերել լուրջ դրամատիկ դերասանուհու կարգավիճակ:

5. Իզաբել Աջանի

Ֆրանսիացի դերասանուհի և պրոդյուսեր Իզաբել Աջանին հանդիսատեսին հայտնի է «Մագո թագուհին», «Ապրողը» և «Կամիլ Կլոդել» ֆիլմերից: «Սեզար» կինոմրցանակի հնգակի դափնեկիր է:

6. Իզաբել Հյուպեր

Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների, նկարահանվել է ավելի քան 100 կինոնկարներում և հեռուստատեսային բեմադրություններում: Աշխատանքները, որոնց մասին առավել հաճախ գրել են կինոքննադատները, «Տիկին Բովարի» և «Դաշնակահարուհին» ֆիլմերում կատարած դերերն են:

7. Ժուլյետ Բինոշ

Արժանացել է «Օսկարի» 1997թ. «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Անգլիական պացիենտ» ֆիլմում կատարած դերի համար: Վաղ աշխատանքներից ամենանշանակալիցը «Կենցաղի անտանելի հեշտությունը» ֆիլմում կատարած դերն է: Հանդիսատեսին հայտնի է «Անգլիական պացիենտ», «Շոկոլադ» և «Երեք գույն. կապույտ» ֆիլմերից:

8. Սոֆի Մարսո

Նրա հայրը վարորդ է եղել, իսկ մայրը՝ վաճառողուհի: Նա համաշխարհային կինոյի աստղ է: Խաղացել է 35-ից ավելի ֆիլմերում: Հանրահայտ է դարձել դեռ պատանի տարիքից «Բում» ֆիլմում (1980թ.) կատարած դերից հետո: Այսօր նա արդեն 55 տարեկան է, բայց շարունակում է ակտիվորեն նկարահանվել կինոյում, երգում է, նկարում է և պաշտում է ռուս գրականությունը:

9. Օդրի Տոտու

Մեծ ճանաչում է ձեռք բերել «Ամելի» ֆիլմից հետո, որը նկարահանվել է 2001 թվականին: Հանդիսատեսին հայտնի է նաև «Դա Վինչիի ծածկագիրը», «Կոկո դե Շանել» և «Քնքշություն» ֆիլմերից:

10. Մարիոն Կոտիյար

2007 թվականին դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Կյանքը՝ վարդագույնով» ֆիլմում Էդիթ Պիաֆին մարմնավորելու համար: Նույն դերի համար նա արժանացել է նաև «Ոսկե գլոբուսի»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168․am

Ամենաընթերցված