Ուեսթին արգելել են ելույթ ունենալ «Գրեմմի»-ի ընթացքում՝ սոցցանցերում գրառումների պատճառով
Դիտումներ՝ *
20:01 2022-03-20

Հռչակավոր ռեփեր Քանյե Ուեսթին արգելել են մասնակցել հայտնի «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը՝ համացանցում անպատշաճ պահվածքի պատճառով։

Ինչպես հայտնում է The Guardian-ը՝ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Instagram սոցիալական ցանցը ռեփերի համար 24 ժամով արգելել է հրապարակումները։

Instagram-ի աշխատակազմում պարզաբանել են, որ երաժիշտի օգտահաշվի բովանդակությունը խախտել է կայքի քաղաքականությունը։ Խոսքը «ատելություն հրահրելու, ծաղրի և հետապնդման» մասին է։

Ընկերությունում ռասիստական և վիրավորական են համարել նրա մեկնաբանությունը հաղորդավար և կատակերգու Թրևոր Նոայի հասցեին։

Ավելի վաղ Նոան Ուեսթին քննադատել էր այն բանի համար, որ ամուսնալուծության գործընթացի ժամանակ վերջինս հանգիստ չէր թողնում նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին։ Ուեսթն իր վերջին հրապարակումներում բազմիցս հիշատակում էր նախկին կնոջն ու նրա նոր ընկերոջը՝ դերասան և կատակերգու Փիթ Դևիդսոնին, և մանրամասներ էր հրապարակում նրանց անձնական կյանքից։

Ռեփերը հրապարակավ սպառնալիքներ էր հղում հեռուստաաստղի նոր սիրեցյալին, մասնավորապես՝ իր My Life Was Never Easy երգում («…Just so I can beat Pete Davidson’s ass…» ), և լուրեր էր տարածել, թե Դևդսոնը ՁԻԱՀ-ով է տառապում։

Միաժամանակ երաժիշտի ներկայացուցիչները հայտարարել են, որ զարմացած չեն նրան «Գրեմմի»-ից հեռացնելու որոշումից, քանի որ այս տարի Ուեսթը միանգամից հինգ անվանակարգի էր հավակնում։
Այս տարվա արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 3-ին, ռեփերը պետք է ներկայացներ իր տասներորդ ալբոմը՝ «Donda»-ն։ այն թողարկվել է 2021-ի օգոստոսին և ներկայացված է «Տարվա ալբոմ» անվանակարգում։ Ընդ որում, Քանիեն 22 «Գրեմմի» մրցանակ ունի 75 անվանակարգերում։