Կրեմլի ամենագեղեցիկ զենքը. Ռեգինա Զբարսկայայի պատմությունը
Դիտումներ՝ *
13:31 2022-01-25

Ռեգինա Զբարսկայան վաղ տարիքում հասկացավ, որ գեղեցկությունն ու երիտասարդությունը իրեն կարող են ապահովել արժանապատիվ ապագա, բայց երիտասարդությունը ժամանակավոր երևույթ է, իսկ գեղեցկությունը երջանկություն չի երաշխավորում: Նրա կյանքում ամեն ինչ է եղել, բացի փոխադարձ սիրուց:

Ռեգինա Զբարսկայան մահացել է 52 տարեկանում, և ոչ ոք չգիտի՝ որտեղ է նրա գերեզմանը:

Խորհրդային հայտնի մանեկենուհի Ռեգինա Զբարսկայայի կյանքի պատմությունը ներկայացնում է cluber.com.ua կայքը:

Նորաձևության և արվեստների Փարիզյան կենտրոնի հսկայական դահլիճը նրան հոտնկայս էր ծափահարում: Նրա դեմքն առանձնահատուկ կախարդանքով էր օժտված, և ինքն էլ իր ողջ կյանքում այդպես էլ հանելուկային մնաց:

Նա Ռեգինա Զբարսկայան էր՝ հանրահայտ խորհրդային մանեկենուհին, ողբերգական ճակատագրով գեղեցկագույն ռուս կինը, ում անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է «թագուհի»:

Ֆրանսիական Paris Match ամսագիրը նրան անվանել էր «Կրեմլի ամենագեղեցիկ զենքը»: Նրանով հիացել են Ֆեդերիկո Ֆելլինին և Իվ Մոնտանը, իսկ նրա մահից հետո սոսկ մի քանի լուսանկարներ են մնացել։ Անգամ գերեզման չկա, իսկ եթե կա էլ, նրա գոյության մասին ոչ ոք չգիտի, ինչպես և հստակ հայտնի չէ, թե որտեղ է մահացել խորհրդային երկրի առաջին մանեկենուհին՝ իր մոսկովյան բնակարանո՞ւմ, թե՞ հոգեբուժական կլինիկայում, ուր բազմիցս բուժվել էր։

Հայտնի չէ նաև՝ սրտի տագնա՞պը, թե՞ ինքնասպանությունը Ռեգինային «օգնեցին» լքել այս աշխարհը. Սա գաղտնիք է, որ հազիվ թե երբևէ բացահայտվի:

Ֆրանսերենին կատարելապես տիրապետող Զբարսկայան գլխավորն էր Մոսկվայի Մոդելների տանը: Նրա մեջ ամեն բան այլ էր. անգամ իրարից երկարությամբ թեթևակի տարբեր ոտքերը նա կարողանում էր պոդիումի վրա ներկայացնել անկրկնելի արժանապատվությամբ: Եվ դա նրան չներեցին. անանուն նամակները, մատնագրերը սովորական բան էին Ռեգինա Զբարսկայայի կյանքում:

Իր դավանած արժեքներով, բայց ոչ ծագմամբ արիստոկրատ Ռեգինա Կոլեսնիկովան ծնվել է Լենինգրադում: Հայրը սովետական բանակի սպա էր: Ռեգինային դաստիարակել էր տատիկը: Պատերազմից հետո Ռեգինայի հորը ծառայության են ուղարկում Նիժնի Նովգորոդ, ուր և վերջինս ավարտում է դպրոցը:

Դպրոցից անմիջապես հետո Ռեգինա Զբարսկայան ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի (ВГИК) տնտեսագիտական ֆակուլտետը, ուր սովորում էր գերազանց: Նա պաշտում էր ռուսական դասական գրականությունն ու հատկապես ֆրանսերեն լեզուն:

Հենց ինստիտուտի վերջին կուրսում Ռեգինան հանդիպում է այն մարդուն, ով առանձնահատուկ դերակատարում է ունենում նրա կյանքում: Դա Վերա Իպոլիտովնա Արալովա-Պատերսոնն էր, հայտնի նկարիչ մոդելավորող, հանրահայտ դերասանուհի Լյուբով Օռլովայի մտերիմ ընկերուհին:

Արալովան Ռեգինային հրավիրում է՝ որպես մոդել աշխատելու Կուզնեցկի մոստի վրա գտնվող Մոդելների տանը: Նուրբ դիմագծերով, սկիֆյան աչքերով վառ սևահերը բացարձակ նման չէր խորհրդային երկրի կնոջ: Հենց Ռեգինայի արևմտյան արտաքինի վրա Արալովան հաշվարկ կատարեց ու չսխալվեց:

1961թ. Փարիզյան ցուցադրությունից հետո վրա հասավ Ռեգինա Զբարսկայայի աստեղային ժամը: Ռեգինան դառնում է աշխարհում խորհրդային նորաձևության առաջին ներկայացուցիչը: Առանց նրա արտասահմանում Մոդելների տան որևէ ցուցադրություն տեղի չի ունենում:

1967թ. Ռեգինան փայլում էր Մոսկվայում տեղի ունեցած նորաձևության առաջին համաշխարհային փառատոնին:

Առաջին անգամ իր հավաքածուով Մոսկվա էր ժամանել հանրահայտ Մադմուազել Շանելը: Դա Ռեգինայի կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածն էր: Կրթված, գեղեցիկ, խելացի Ռեգինան կարողանում էր հմայել: Նրա մտերիմ ընկերների թվում էին Վյաչեսլավ Զայցևն ու Բորիս Մեսսերերը, նրանով հիանում էր Պիեռ Գարդենը: Ռեգինան ընկերություն էր անում նաև ռուսական ավանգարդի մուսա Լիլյա Բրիկի հետ:

Բոհեմական երեկույթներից մեկի ժամանակ Ռեգինան ծանոթանում է Լև-Ֆելիքս Զբարսկու հետ: Վերջինս տաղանդավոր նկարիչ էր, Լենինի մարմինը զմռսած ակադեմիկոս Բորիս Զբարսկու որդին:

Ռեգինան սիրահարվում է Զբարսկուն: Ինքը՝ Զբարսկին, նույնպես տարված էր Ռեգինայի նրբագեղությամբ, գեղեցկությամբ ու խելքով:

Նա Ռեգինային ծանոթացրեց իր շրջապատի նկարիչների, ռեժիսորների ու դերասանների հետ: Ռեգինան երկրպագում էր Լև Զբարսկուն, իսկ վերջինս պաշտում էր ինքն իրեն:

Նրանք ամուսնացան ու միասին ապրեցին 7 տարի: Ականատեսները պատմում են, թե ինչպես էր Զբարսկին ստորացնում Ռեգինային, իսկ նա կատարում էր ամուսնու բոլոր քմահաճույքները, քանի որ ինքնամոռաց սիրում էր նրան:

Ռեգինան շատ էր ուզում երեխա ունենալ, սակայն Լև Զբարսկին կատեգորիկ դեմ էր: Ռեգինան հեռացնում է երեխային, իսկ այնուհետև Զբարսկին ամուսնալուծվում է: Ռեգինան այդպես էլ մայր չդարձավ ու սկսեց կորցնել ապրելու իմաստը:

Նա ընկնում է դեպրեսիայի մեջ ու սկսում է հակադեպրեսանտներ օգտագործել: Հրաշքով ուշքի գալով, հաղթահարելով կյանքի մատուցած «անակնկալները»՝ Զբարսկայան փորձում է վերադառնալ այնտեղ, ուր միշտ թագուհի էր՝ Մոդելների տուն:

Բնականաբար, նրան կրկին ընդունում են աշխատանքի, սակայն դա արդեն բոլորովին ուրիշ Ռեգինա էր, ով շատ էր տառապել: Ռեգինային լուրեր էին հասել, որ Լև Զբարսկին սիրավեպ ունի Լյուդմիլա Մակսակովայի հետ, և նրանք արդեն Մաքսիմ անունով որդի ունեն:

1972թ. Զբարսկին արտագաղթում է ԱՄՆ, և, իմանալով այդ մասին՝ Ռեգինան կտրում է երակները: Նրան փրկեցին, բայց նա առաջին անգամ հայտնվեց հոգեբուժարանում: Բուժման կուրս անցնելով՝ նա կրկին վերադառնում է Մոդելների տուն, սակայն հասկանում է, որ իր ժամանակն անվերադարձ անցել է:

1970-ականների սկզբում Ռեգինան Մոսկվայում ծանոթանում է երիտասարդ հարավսլավցի լրագրողի հետ: Նրանց միջև սիրավեպ է սկսվում: Երկար դադարից հետո Ռեգինան կրկին կյանքի նկատմամբ հետաքրքրություն է զգում, ցանկանում է սիրել, բայց… Հարավսլավցին վերադառնում է Բելգրադ, ուր հրապարակում է «Հարյուր գիշեր Ռեգինա Զբարսկայայի հետ» սկանդալային գիրքը, որում մեջբերումներ է կատարում Ռեգինայի՝ խորհրդային իշխանության մասին արտաբերած բացասական մտքերից: Զբարսկայային կանչում են Պետական անվտանգության կոմիտե: Նա ամեն բան հերքում է:

Ռեգինան սարսափելի ճնշված վիճակում էր… Կրկին ինքնասպանության փորձ ու պալատ հոգեբուժարանում…

1987թ. նոյեմբերի 16-ին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հայտնում է Ռեգինա Զբարսկայայի մահվան լուրը: Նրանից տառացիորեն ոչինչ չէր մնացել, բացի մեկ-երկու լուսանկարից ու նրա անվան լեգենդից, ում կյանքում ամեն ինչ կար, բացի փոխադարձ սիրուց:

Վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ կարելի է լսել Ռեգինայի ու ՊԱԿ օրգանների համագործակցության մասին: Դրա մասին որևէ ապացույց չկա: ՊԱԿ արխիվները գաղտնի են պահվում: Եթե անգամ Ռեգինան համագործակցել է ՊԱԿ-ի հետ, ապա դա, ցավոք, նրան երջանկություն չի բերել:

Լև-Ֆելիքս Զբարսկին մահացել է 2016թ. փետրվարի 22-ին, Նյու-Յորքում, 84 տարեկան հասակում: Երբեմնի մոսկովյան բոհեմական կյանքի աստղը մահացել է կատարյալ միայնության, աղքատության և մոռացության մեջ:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը