Շառլ Ազնավուր – Էդիթ Պիաֆ. ավելին, քան սեր
Դիտումներ՝ *
22:47 2021-12-19

«Մեր հարաբերություններն ավելին էին, քան ընկերությունը, բայց սիրուց էլ մի փոքր պակաս էին», – ասում է Ազնավուրը՝ հիշելով անկրկնելի Էդիթին: Պիաֆի դերը Ազնավուրի կյանքում շատ մեծ էր ու կարևոր հատկապես երգիչ դառնալու ճանապարհին:

Ամեն բան սկսվեց վալսից

«Մեր պատմությունը սկսվեց 1946-ին մի վալսից: Մենք այն թարս ուղղությամբ էինք պարում: Դրանից հետո էլ իրար բաց չթողեցինք: Մեր սերն արտահայտվում էր մեր ընկերության մեջ», – հիշում է Ազնավուրը հետո:

Շառլը ընկերոջ՝ Պիեռ Ռոշի հետ երգում էր մի փոքրիկ ռեստորանում, Պիաֆը ընթրում էր ընկերների հետ: Մի քանի երգ լսելուց հետո երգչուհին իր մոտ է կանչում Ազնավուրին.

Էդիթ Ի՞նչ ես անում այս գիշեր:

Շառլ Գնում եմ կնոջս մոտ:

Էդիթ Հերթական ամուսնացած սրիկան… Լավ, ինչ արած… Գնանք պարելու:

Երիտասարդ տղայի համար վիրավորական էր, որ կինն է իրեն պարելու հրավիրում, այն էլ նման տոնով: Նա Էդիթին հեռու է հրում, երգչուհու ընկերները քար են կտրում զարմանքից, Շառլը մի քանի քայլ ետ է գնում, և կամաց սուլում է: Հենց այդպես պիտի իրեն հարգող փարիզցին կնոջը պարելու հրավիրեր: Իհարկե:

Էդիթ Հմ… Դու փաստորեն հպարտ տղա ես…

Նրանք պարեցին: Վալս, հակառակ ուղղությամբ՝ դեպի ձախ պտտվելով:

Էդիթ Հրեա՞ ես:

Շառլ Չէ, հայ:

Էդիթ Հա՞յ, էդ ո՞րն է:

Շառլ Երկար պատմություն է:

Էդիթ Ա, լավ, եթե երկար է, պետք չի պատմել:

Ահա այս կարճ զրույցով ու դրան հետևած վալսով սկսվեց ճանաչված երգչուհու և մեծ քթով, կարճահասակ ու ոչ մի առանձնահատուկ հաջողություններ չունեցող հայազգի երգչի ընկերություն-սերը:

Էդիթը Շառլին ու Պիեռին իր հետ Նյու Յորք հրավիրեց:

Էդիթ Եթե ուզում եք հետս գաք, փող գտեք, եկեք:

Նյու Յորք, Նյու Յոոորք

Տղաները ամեն բան վաճառեցին ու Ամերիկայի տոմսեր գնեցին, իսկ երբ Նյու Յորքում պարզվեց, որ Պիաֆը չեղարկել է համերգները ու հերթական սիրեկանի հետ Ֆրանսիա մեկնել, Պիեռը քիչ էր մնում սպաներ Շառլին: Ազնավուրը զանգում է Պիաֆին կատաղած, նա էլ թե՝

Էդիթ Դե դուք էլ Կանադա գնացեք, էնտեղ ֆրանսիական երգեր սիրում են:

Կանադա՜

Եվ իրոք: Կանադայում տղաներին հաջողություն էր սպասվում: Ազնավուրն անգամ մեքենա գնեց: Իսկ Ֆրանսիայում նրա կինը՝ Միշլենը, շատ էր բարկացած: Ապահարզան. ու վերջ: Շառլը ստիպված էր Ֆրանսիա վերադառնալ, ամուսնալուծվել ապա Պիաֆին հանդիպել ու… մնալ նրա հետ:

Սիրեկաննե՞ր, մի՞թե

Շառլը մեծանուն Պիաֆի և՛ վարորդն էր, և՛ ընկերը, և՛ օգնականը: Պիաֆը սիրում էր հարբել, Ազնավուրն էլ երբեմն դեմ չէր լինում զվարճանալ: Բոլորը վստահ էին, որ նրանք սիրեկաններ են, Պիաֆին դա դուր էր գալիս, Շառլը իր իշխանության տակ էր, իր հետ էր միշտ ու ծառայում էր անխոս: Շառլին էլ դու էր գալիս նման տաղանդավոր երգչուհու ընկեր լինելը: Սակայն մինչև ե՞րբ…

Հոգնելով Էդիթի կամակորություններից ու անկայությունից՝ Շառլը փորձում էր ազատվել «ստրկությունից»: Նա նույնիսկ ամուսնանում է նորից: Երգչուհի Էվելինը՝ Շառլի նոր կինը, շատ էր խանդում ամուսնուն, կռիվներ սարքում: Իսկ դե Շառլն էլ միշտ գիտեր՝ ուր գնալ նման դեպքերում. իհարկե Էդիթի մոտ:

Հայական քիթն ու ֆրանսիական կամակորությունը

Էդիթը որոշում է. հայկական քիթը խանգարում է Շառլին ավելի հանրաճանաչ ու սիրելի դառնալ նրբագեղ Ֆրանսիայում: Վիրահատություն է պետք: Ու երբ Շառլը համաձայնում է ու բժիշկների հետ պայմանավորվում, Էդիթը մեծ խնջույք է կազմակերպում այդ առիթով:

Էդիթ Իմ փոքրիկ Շառլ…

Համբերության բաժակը

Պիաֆի անպարտաճանաչությունը, հարբեցողությունը, դեպրեսիաները, համերգներից ուշանալը ու խայտառակ անհարգալից վերաբերմունքն ամեն ինչի հանդեպ Շառլի համբերության բաժակը լցնում էին…

Իսկ երբ համերգներից մեկից Պիաֆն ուշանում է՝ վատ դրության մեջ դնելով Ազնավուրին, շանսոնյեն այլևս դիմանալ չի կարողանում: Պիաֆը, նրա սիրեկանները, խմիչքը… Վերջ: հերիք է…

Շառլ Ես ապրում էի Պիաֆի ու նրա սիրեկանների հետ, ես գիտեի նրանցից յուրաքանչյուրին…

Իսկ երբ 1963-ի դեկտեմբերի 11-ին մահանում է մեծ երգչուհին, դժբախտ կինն ու կոտրված հոգին՝ Պիաֆը, Ազավուրը լաց էր լինում երեխայի պես…

vnews.am