Ամերիկացի հեռուստալրագրող Օփրա Ուինֆրին եւ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, ըստ որոշ քննարկումների, գուցե փոխարինեն հանգուցյալ սենատոր Դիան Ֆայնշտեյնին, գրում է Fox News-ը։
Ըստ Newsmax-ի եւ The Desert Sun-ի՝ Ուինֆրիի անունն այն մարդկանց թվում է, ովքեր ցանկանում են զբաղեցնել այդ դերը, սակայն հաջողակ հեռուստահաղորդավարուհին, որը նաեւ միլիարդատեր է, գրքերի հրատարակիչ եւ ձեռնարկատեր, դեռեւս մայիսին նշել էր, որ ինքը «չի մտածում զբաղեցնել այդ տեղը, եթե այն թափուր մնա»,- հայտնում է Los Angeles Times-ը:
Ֆայնշտեյնի մահվան լուրը հայտնի դարձավ ուրբաթ օրը, որից հետո բոլոր հայացքներն ուղղվեցին դեպի Կալիֆորնիայի դեմոկրատ նահանգապետ Գեւին Նյուսոմը, որն էլ նշանակելու է այն մեկին, ով կծառայի Ֆայնշտեյնի պաշտոնավարման մնացած 13 ամիսներին: Նահանգապետը նախկինում հայտարարել էր, որ Ֆայնշտեյնի մահից հետո Սենատում կնշանակի սեւամորթ կնոջ։
Հաղորդվում է, որ Նյուսոմն իր ազգային հավակնություններն ունի 2028-ի նախագահական ընտրություններում: Դեռեւս անցյալ շաբաթվա սկզբին Նյուսոմը պնդել էր, որ ինքը մարտահրավեր չի նետի Բայդենին 2024 թվականին: Միեւնույն ժամանակ, աղբյուրները The Daily Mail-ին հայտնել են, որ Սասեքսի դքսուհու անունը նույնպես քննարկվում է՝ որպես Ֆայնշտեյնի հավանական փոխարինող:
Նա եւ արքայազն Հարին ապրում են Կալիֆորնիայի Մոնտեսիտո քաղաքում: