Պեդրո Պասկալ. Հոլիվուդի գրավիչ տղան ու կյանքի հետաքրքիր դրվագները
Դիտումներ՝ *
13:54 2023-03-28

Չնայած Պեդրո Պասկալը 1990-ականներից նկարահանվում է ֆիլմերում՝ նրա համբավը սկսեց տարածվել միայն 2014 թվականին՝ «Գահերի խաղում» նկարահանվելուց հետո: Դրան հաջորդեցին «Նարկո», «Մանդալորացին», «Մեզնից վերջինները» սերիալները։ Իսկ այսօր Պասկալն ամենուր է և ամենասիրելիներից:

Ներկայացնում ենք հետաքրքիր դրվագներ Պեդրո Պասկալի մասին:

Պասկալ՝ հեղափոխականների որդին

Պեդրո Պասկալը ծնվել է 1975 թվականի ապրիլի 2-ին Չիլիի Սանտյագո քաղաքում, մանկական հոգեբան Վերոնիկա Պասկալի և վերարտադրողական բժշկության մասնագետ Խոսե Բալմասեդայի ընտանիքում։ Նրա ծնողները մաս էին կազմում Աուգուստո Պինոչետի ռազմական դիկտատուրայի ընդդիմության։ Նրա մայրը երկրի Ձախ հեղափոխական շարժման առաջնորդ Անդրես Պասկալի զարմիկն է՝ Չիլիի նախկին նախագահ Սալվադոր Ալյենդեի ազգականը։ Ռազմական հեղաշրջումից մի քանի տարի անց Խոսեն և Վերոնիկան ստիպված եղան հեռանալ Չիլիից։

Երբ Պասկալն ինը ամսական էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Դանիա, ապա Տեխաս, իսկ երբ նա 11 տարեկան էր՝ Կալիֆորնիա։ Հենց այդ ժամանակ նա սկսեց հաճախել տեղի արվեստի դպրոց։ Heraldo իսպանական հրատարակությանը տված հարցազրույցում նա հիշում է. «Մեզ քաղաքական ապաստան առաջարկեցին Դանիայում, իսկ դրանից անմիջապես հետո ծնողներս աշխատանքի առաջարկ ստացան Միացյալ Նահանգներում: Այս հնարավորության շնորհիվ ես կարողացա մեծանալ այստեղ։ Սրանում է ամերիկյան մշակույթի ուժը: Ամբողջ աշխարհից մարդիկ գալիս են այս երկիր և իրենցից ինչ-որ բան ներդնում այստեղ»:

Պեդրո Պասկալ-1

Եվ սկսվեց իսկական կարիերան

1993 թվականին նա ընդունվում է Նյու Յորքի համալսարանին կից Տիշի արվեստի դպրոցի դերասանական բաժին, բայց ավարտելուց հետո նրա դերասանական կարիերան չի հաջողվում, իսկ վեց տարի անց տեղի ունեցավ Պասկալի կյանքի ամենաողբերգական դեպքը. նրա մայրն ինքնասպան եղավ: Նա որոշեց որպես բեմական անուն պահել միայն նրա օրիորդական ազգանունը՝ ոչ միայն հարգելու նրա հիշատակը, այլև դադարեցնելու հայրական ազգանվան արտասանության հետ կապված խնդիրները, որոնք ամերիկացիները դժվարությամբ էին վերարտադրում և հիշում (դերասանի ամբողջական անունը Խոսե Պեդրո Բալմասեդա Պասկալ է):

2017 թվականին նա Paula ամսագրին տված հարցազրույցում ասել է. «Մորս մահվան հանգամանքները շատ ցավալի են դարձրել նրա հիշատակը մեր ընտանիքի համար։ Ես հաճախ եմ տառապում դրա պատճառով և դեռ փորձում եմ գլուխ հանել դրանից, այդ թվում՝ հանուն նրա։ Նա իմ կյանքի սերն էր․․․»:

2020 թվականին նա People ամսագրին խոստովանել է, որ երախտապարտ է Վերոնիկային իր կարիերայի համար.

«Նա միշտ աջակցել է ինձ ամեն ինչում, և ես հավատում էի նրան, քանի որ զգում էի, որ նա գիտի մի բան, որը ես չգիտեի: Իմ հաջողությունն առանց նրա հնարավոր չէր լինի»։

Մոր մահից հետո Պասկալի կարիերան կանգ առավ։ 2000-ականների սկզբին նա խաղացել է լատինամերիկացի տղամարդկանց փոքրիկ կարծրատիպային դերեր՝ բանդիտների և թմրավաճառների: Նա նկարահանվել է տարբեր սերիալներում, բայց 2014-ին «Գահերի խաղում» հայտնվեց նոր կերպար՝ տաքարյուն և սրամիտ արքայազն Օբերին Մարթելը, որն ուներ «Կարմիր օձ» մականունը: Պասկալը նախագծում իր դերն ստացել է հեռախոսով արված սովորական տեսանյութի շնորհիվ․ այդ մասին Variety ամսագրին պատմել է Դևիդ Բենիոֆը: Պրոդյուսերն ասել է, որ արքայազնի դերի համար դերասան ընտրելը դժվար էր, քանի որ կերպարը հայտնվում է սերիալի կեսում, բայց շատ կարևոր է սյուժեի համար. «Դա շքեղ iPhone չէր՝ լավ տեսախցիկով։ Պատկերն ուղղակի սարսափելի էր, տեսանյութը նկարահանված էր ուղղահայաց և ոչ պրոֆեսիոնալ էր։ Ամեն ինչ վատ էր՝ բացի նրա լարված ու համոզիչ խաղից»։

Ստատիստից մինչև «Աստղային պատերազմների» սիրելի հերոս

«Գահերի խաղում» Պասկալի կերպարի մահանալուց գրեթե անմիջապես հետո դերասանը ստացավ գլխավոր դերերից մեկը Netflix-ի «Նարկո» սերիալում: Ինքը՝ դերասանը, իր կերպարին՝ Խավիեր Պենյային, կատակով անվանում է «փնթփնթան», բայց ընդհանուր առմամբ Պաբլո Էսկոբարի որսի մասին նախագիծը մռայլ ու լուրջ է ստացվել։ Իսկ նրա կերպարը՝ Թմրանյութերի դեմ վարչության դաժան գործակալ, բայց նաև շատ բնական, զվարճալի և պայծառ:

«Հսկայական տաղանդի անտանելի ծանրությունը» ֆիլմում դերասանին հաջողվեց իրականացնել իր երազանքը և ծանոթանալ իր կուռքի հետ, որին հետևում էր դեռ երիտասարդ տարիքից․ խոսքը Նիկոլաս Քեյջի մասին է։

«Սրտով հասկանալ Ջոելին»

Երբ սկսեց նկարահանվել «Մեզնից վերջինները» սերիալը՝ Պասկալը 46 տարեկան էր (տասը տարով փոքր Ջոել Միլլերից): Այնքան մեծ ուշադրություն է դարձվել նախագծի քասթինգին, որ նույնիսկ սարսափելի է անգամ պատկերացնել դերասանների վիճակը: Դեռևս առաջին նյութերի հրապարակումից առաջ երկրպագուները պահանջում էին, որ Պասկալին փոխարինեն Նիկոլայ Կոստեր-Վալդաուով, իսկ Բելլային՝ 26-ամյա Քեյթլին Դիվերով։ Թրեյլերի թողարկումից հետո «պահանջները» մնացին անփոփոխ։

Հակառակ քննադատություններին՝ Պեդրո Պասկալը ստացավ դերը և մարմնավորեց Ջոել Միլլերին այնպես, ինչպես նա տեսավ և զգաց կերպարը: Polygon-ին տված հարցազրույցում Պասկալն ասել է, որ փորձել է «իրենից շատ բան դնել դերի մեջ» և «իր սրտով հասկանալ Ջոելին»:

«Երբ մենք փնտրում էինք Ջոելին, մեզ պետք էր մեկը, որն իր մեջ կունենար որոշակի ուժ և հայրական էներգիա, բայց միևնույն ժամանակ այդ ամենի տակ ցավ կլիներ: Պեդրոյի աչքերում ինչ-որ անհերքելի բան կար: Դա հետաքրքիր համադրություն է. մարդ, որն ունակ է անհավատալի դաժանության, բայցև պահպանում է մարդասիրությունն ու զգացմունքները զգալու կարողությունը», – ասել է «Մեզնից վերջինները» սերիալի շոուռաներ Քրեյգ Մեյզինը:

Օսկար Այզեք և ամուր ընկերություն

Պատմությունն ամբողջական չէր լինի առանց Օսկար Այզեքի՝ թերևս միակ մարդը, որը կարող է Պեդրո Պասկալին անվանել «my sweet girlfriend» («իմ անուշիկ աղջիկ») և «փոքրիկս»: Դերասանները ծանոթացել են դեռևս 2005 թվականին, երբ աշխատում էին «Beauty Of The Father» պիեսի վրա. հարցազրույցներից մեկում Պեդրոն հիշել է, թե ինչպես է Այզեքի հերոսն առեղծվածային կերպով ձեռք բերել կիթառ, որը բնօրինակ տեքստում չկար:

Տարիներ անց նրանք մնացին լավագույն ընկերներ, միասին ապրեցին Հավայան կղզիներում «Եռակի սահման»-ի նկարահանումների ժամանակ, դարձան ամենահայտնի «լատինացիները տիեզերքում» և համացանցը հեղեղեցին համատեղ հմայիչ լուսանկարներով։ Հարցազրույցներից մեկում Այզեքը պնդում է, որ իր ընկերը «տարված է» իրենով, իսկ մյուսում Պասկալը ծիծաղելով հաստատում է դա:

Այս բարեկամությունը լավագույնս ցույց է տալիս Wired-ի համար նրանց համատեղ տեսահոլովակը, որտեղ դերասանները պատասխանում են Google-ի ամենահայտնի հարցերին։ Այզեքի և Պասկալի դուետն օրինակ է այն բանի, թե ինչպես մարդիկ չեն ամաչում լինել ծիծաղելի, նուրբ զգացմունքներ արտահայտել և չկենտրոնանալ բրուտալ՝ «իսկական տղամարդու» կերպարին համապատասխանելու վրա:

Ամուսնացա՞ծ է

Ի տարբերություն Պասկալի հետ հարյուրավոր հարցազրույցների, որտեղ նա խոսում է ամեն ինչի մասին, դերասանն անձնական կյանքի հետ կապված հարցերում ավելի զուսպ է։ Արդյոք նա այժմ որևէ հարաբերությունների մեջ է՝ հայտնի չէ, ավելին, Պասկալը հազվադեպ է մեկնաբանում իր նախկին զուգընկերների հետ կապված շփումը: 2014 թվականին բոլորը քննարկում էին նրա սիրավեպը Լինա Հիդիի հետ (Սերսեան՝ «Գահերի խաղից»), նրանք երկուսն էլ համատեղ լուսանկարներ էին հրապարակում իրենց սոցիալական էջերում, բայց մեկ տարի անց Հիդին դուստր ունեցավ ռեժիսոր Դեն Քադանից։ Իսկ 2015-ին, օրինակ, խոսակցություններ կային, որ նա հանդիպել է իր գործընկերուհու՝ «Մենթալիստ» սերիալից Ռոբին Թաննիի հետ, սակայն ավելի ուշ Պեդրոն ասաց, որ նրանց միավորում է միայն ընկերությունը: