Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե «Վիշապի տունը» սերիալի՝ «Գահերի խաղի» պրիքվելի գլխավոր դերերում լինեին Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամները։
Ամերիկյան The Late Late Show հեռուստաշոուի սցենարիստներին դա հաջողվել է․ հաղորդման նոր դրվագում Քիմը, Քայլին և Քրիս Ջեները հայտնվել են Ջորջ Ռ. Ռ․ Մարտինի տիեզերքում։
Քիմը հայտնվել է Վեստերոսի արքայադստեր կերպարում, որը վիշապի ձվերից պատրաստում է մարմնի խնամքի յուրահատուկ միջոցներ, Քրիս Ջեները վերածվել է վիշապների «մայրիկի», իսկ Քայլին դարձել է Երկաթե գահի տիրուհին։ Հաղորդավար Ջեյմս Քորդենին բաժին է հասել թագավորի դերը։
«Վիշապի տան» պրեմիերան տեղի է ունեցել երևանյան ժամանակով օգոստոսի 22-ի առավոտյան՝ HBO հեռուստաալիքով:
Սերիալը հիմնված է Ջորջ Ռ․Ռ․ Մարտինի «Կրակ և արյուն» և «Վիշապի վերելքը» (վերջինս կթողարկվի հոկտեմբերին) վեպերի վրա։
«Գահերի խաղի» պրիքվելը պատմում է գլխավոր սերիալի պատմությունից 200 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Վեստերոս հորինված մայրցամաքում Թարգարիեն դինաստիայի ներկայացուցիչների միջև գահին հավակնելու պատճառով քաղաքացիական պատերազմ է սկսվում: