Երգիչ Փոլ Մաքքարթնին պատմել է, որ հանգուցյալ Ջոն Լենոնը դժվար մանկություն է ունեցել, մեջբերում է Deadline-ը։
«Ջոնն իսկապես ողբերգական կյանք է ունեցել։ Մանկության տարիներին նրա մայրը զրկվել է դաստիարակության իրավունքից, իսկ հայրը հեռացել է տնից, երբ Ջոնը երեք տարեկան էր»,- պատմել է երաժիշտը: Մաքքարթնիի խոսքով՝ ինքը միշտ հիացել է այն փաստով, որ Լենոնը կարողացել է անցնել բոլոր դժվարությունների միջով և դառնալ իսկապես ուժեղ մարդ։
«Ջոնն իր ամբողջ կյանքի ընթացքում մեծացել է նմանատիպ փոքրիկ ողբերգություններով շրջապատված: Դա ինձ ստիպեց հասկանալ, թե ինչու է նա այդքան խոցելի: Ես միշտ հիացել եմ այն հանգամանքով, թե ինչպես է նա վարվել այդ ամենի հետ, քանի որ վստահ չեմ, որ կարող էի հաղթահարել այն ամենը, ինչի միջով նա է անցել»,- ասել է Մաքքարթնին: Նա խոստովանել է, որ Լենոնի հետ միասին The Beatles-ը հիմնադրելով՝ չէր կարծում, որ խումբն այդքան հաջողակ կդառնա։
The Beatles խմբի մենակատար Ջոն Լենոնը մահացել է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին։ Երաժշտի վրա կրակել են, երբ նա կնոջ՝ Յոկո Օնոյի հետ վերադառնում էր Նյու Յորքի Hit Factory ձայնագրման ստուդիայից։