1. Ձեր խոսքի տերը եղեք
Մտադրությունների, խոսքերի և արարքների համընկնումը ներքին ներդաշնակության հիմնական պայմաններից է, որն անհրաժեշտ է նպատակներին հասնելու համար։ Երբ կատարում ես հենց այն, ինչ խոստացել ես քեզ կամ մեկ ուրիշին, դու կոփում ես բնավորությունդ և բարձրացնում ինքնավստահությունդ:
Բայց, եթե դուք դրժում եք խոստումները, ապա ձեր հանդեպ հավատը նվազում է: Դուք սկսում եք ինքներդ ձեզ համարել ստախոս, որին չի կարելի վստահել: Ուստի, եթե վճռականորեն որոշել եք, օրինակ, օրական կես ժամ ֆիզիկական վարժություններ անել, մի մոռացեք դրա մասին։ Ձեր ինքնընկալումը կբարելավվի, և ավելի հեշտ կլինի հասնել ուզածին։
2. Օգուտ քաղեք նախանձից
Ուզել այն, ինչ չունես, սովորական մարդկային հատկանիշ է: Բայց, եթե ցանկանում եք հասնել նպատակին, ապա չպետք է ենթարկվեք նախանձին, ավելի լավ է այն օգտագործեք ձեր կարիքների համար։
Նախանձը ցույց է տալիս, թե ինչն է ձեզ պակասում կյանքում։ Օրինակ, եթե դուք ցանկանում եք ավելի շատ գումար, ապա պետք է մտածեք, թե ինչ նշանակություն ունի այն ձեզ համար: Եթե դա ազատություն է, ապա արժե ավելի ազատ լինելու միջոց գտնել արդեն հիմա։ Նման թաքնված ցանկությունների բավարարումը կդարձնի ձեր կյանքն ավելի լավը և ուժ կտա երազանքին հասնելու ճանապարհին:
3. Մի խղճացեք ինքներդ ձեզ
Երբ աղետ է տեղի ունենում, հաջողակ մարդը չի խղճում ինքն իրեն և չի արդարանում: Նա վեր է կենում և գնում առաջ։ Ճակատագրից բողոքելը շատ հեշտ է, բայց դա պարզապես ժամանակի և ջանքերի վատնում է, որը միայն խանգարում է հասնել նպատակներին: Կարևորն այն չէ, թե ինչ է կատարվում կյանքում, այլ այն, թե ինչպես ես դրան արձագանքում:
4. Անհաջողությունը որպես դաս ընդունեք
Անհաջողությունը միայն մեր գլխում է։ Հաջողության հասնելու համար հարկավոր է հրաժարվել սովորական ընկալումներից։ Դուք կա՛մ հասնում եք նպատակին, կա՛մ սովորում եք օգտակար դաս, որը կօգնի ձեզ ապագայում։ Երրորդ տարբերակ չկա։
5. Ներդրումներ կատարեք նպատակների համար
Փորձառու ներդրողները գիտեն, որ ֆոնդային շուկան անընդհատ փոխվում է, բայց, եթե վստահում եք ձեր որոշումներին և չեք հրաժարվում ներդրումներից, ապա երկարաժամկետ հեռանկարում դուք անպայման հաջողության կհասնեք:
Նույնը վերաբերում է երազանքին, որին դուք ձգտում եք: Ճանապարհին դուք կունենաք վերելքներ և վայրէջքներ, սակայն, եթե չդադարեք փորձել, վաղ թե ուշ կհասնեք ձեր ուզածին: Դա մարաթոն է, ոչ թե հարյուրմետրանոց վազք: Դուք կարող եք հասնել վերջնագծին միայն համբերությամբ:
6. Մի՛ վախեցեք փոփոխություններից
Ձեր նպատակին տանող ճանապարհը դժվար թե կատարյալ ուղիղ լինի: Հնարավոր է՝ ստիպված լինեք զբաղվել կողմնակի գործերով գումար ստանալու համար կամ աշխատել այլ ոլորտում փորձ և կապեր ձեռք բերելու համար: Ոմանք վախենում են շրջանցող ուղիներից և կարծում են, որ այդ կերպ դավաճանում են երազանքին։
Բայց պետք չէ այդպես մտածել։ Քանի դեռ դուք զարգանում եք և չեք մոռանում, թե ինչու եք անում այդ ամենը, դուք շարժվում եք դեպի նպատակը։ Երբեմն այդ շարժումը կարող է թվալ հետքայլ կամ կողքի շրջվել, բայց դա նորմալ է: Գլխավորը ցանկալին տեսադաշտում պահելն է։