Գիտնականները ստեղծել են պղպջակ, որն «Ապրել» է 465 օր
Դիտումներ՝ *
19:15 2022-02-11

Լիլի համալսարանի (Ֆրանսիա) ֆիզիկոսների թիմը ստեղծել է պղպջակ, որն իր ձևը պահպանել է ռեկորդային 465 օր: Գիտնականները օճառի պղպջակը ստեղծել են գլիցերինի հավելումով։ Ինչպես վստահեցնում են նրանք, այս փորձը կարող է նաև գործնական կիրառություն ունենալ․ դրա հիմքով հնարավոր կլինի ստեղծել նոր նյութեր, որոնք կօգտագործվեն կյանքի տարբեր ոլորտներում՝ բժշկությունից մինչև սպառողական ապրանքներ։

«Պղպջակների ջրային թաղանթը միկրոմասնիկներով ծածկելը կանխում է ձգողականության և/կամ գոլորշիացման հետևանքով առաջացող դրենաժը (ցամաքուրդ), ըստ այդմ, գլիցերինի հետագա ավելացումը հանգեցնում է կայուն վիճակի, երբ ջրի գոլորշիացումը հավասարակշռվում է գլիցերինի հիդրոսկոպիկությամբ (խոնավություն կլանելու հատկություն)»,- նշում են փորձի հեղինակները Physical Review Fluids գիտական ամսագրում հրապարակված հոդվածում։

Արդյունքում գոյանում են պղպջակներ, որոնք կարող են մթնոլորտում պահպանել իրենց ամբողջականությունը մեկ տարուց ավելի՝ առանց էական փոփոխության։

Սովորական օճառի պղպջակներն իրենցից ներկայացնում են օճառաջրի գնդաձև բազմաշերտ թաղանթ։ Դրանց փխրունությունը հիմնականում պայմանավորված է հեղուկի գոլորշիացմամբ և ձգողականությամբ, որի ազդեցությունից պղպջակի թաղանթն աստիճանաբար բարակում է և ի վերջո պատռվում։ Սակայն այս գործընթացը կարելի է դանդաղեցնել՝ ավելացնելով մակերևութային ակտիվ նյութեր ։

Իրենց աշխատանքում թիմը փորձարկել է երեք տարբեր տեսակի պղպջակներ՝ սովորական օճառի պղպջակներ, գազային հիմքով ջրային ու նեյլոնե մասնիկներից թաղանթով պղպջակներ և երրորդը՝ գազային հիմքով ջրային, նեյլոնե և գլիցերինի մասնիկներից կազմված թաղանթով պղպջակներ:

Սովորական օճառի պղպջակները, իհարկե, երկար «չապրեցին»՝ մեկ րոպեից էլ պակաս: Ջրի և նեյլոնե մասնիկների թաղանթով գազային պղպջակները ավելի լավ արդյունքներ ցուցաբերեցին՝ պահպանելով իրենց կառուցվածքը 6-60 րոպե: Իսկ երրորդ տեսակի պղպջակներն աներևակայելի երկար մնացին՝ միջինում 101 օր, իսկ դրանցից «ամենաերկարակյացը»՝ 465 օր։

Գիտնականները նշում են, որ նման արդյունքը հնարավոր է դարձել գլիցերինի ավելացման պատճառով։ Գլիցերինը հիգրոսկոպիկ նյութ է, այսինքն՝ հեշտությամբ և արագ կլանում է խոնավությունը շրջակա միջավայրից կամ մթնոլորտից։ Միևնույն ժամանակ պղպջակի շառավիղը մնացել էր անփոփոխ, ինչը վկայում է ավելորդ ճնշման արտահոսքի բացակայության մասին։ Վերջինիս համար պատասխանատու են արդեն նեյլոնե մասնիկները։

Հետազոտողները նշում են, որ նյութերի այս խառնուրդից կարող է ստեղծվել օբյեկտների մի ամբողջ նոր դաս՝ ֆիզիկական և քիմիական այնպիսի հատկություններով, որոնք դեռ պետք է նոր բացահայտվեն:

ita.am

Ամենաընթերցված