10 փաստ իտալական խոհանոցի մասին
Դիտումներ՝ *
14:44 2022-01-15

1. Իտալական խոհանոցն ամենապոպուլյարն է աշխարհում: Ըստ CNN-ի տվյալների, աշխարհի զբոսաշրջիկների մոտ 1/3-ը (32 տոկոս) համարում են այն լավագույնը: Բայց պետք է նշել, որ առաջատարությունն Իտալիային հեշտությամբ չի տրվում: Նրան կրնկակոխ միշտ հետևում է ֆրանսիական խոհանոցը:

2. Իտալիայի տարբեր շրջաններում գաստրոնոմիան տարբեր է: Սիցիլիայի խոհանոցն իրենից ներկայացնում է իտալականի սինթեզը՝ հունականի, իսպանականի և արաբականի հետ: Տոսկանայում ակցենտ է արվում հորթի, ոչխարի, տավարի մսի վրա: Կալաբրիան յուրահատուկ է իր թրաձկով, թյունոսով, ոչխարի պանրով, այծի մսով պատրաստված ուտեստներով: Լոմբարդիան հայտնի է ռիզոտոյով, ձկով և գինու մեջ պատրաստված մսով:

3. Կերակուրը և գինին Իտալիայում միշտ իրար հետ են: Ընդ որում, իտալացիները գինի խմում են միայն կերակուր ընդունելիս:

4. Իտալացիներն ունեն ևս մեկ սովորույթ՝ կապված խմիչքի հետ. օրվա ընթացքում նրանք վայելում են մի քանի բաժակ սուրճ: Հյուսիսում ճաշից հետո խմում են թուրքական սուրճ, հարավում՝ շաքարով պատրաստված պինդ սուրճ, իսկ կապուչինո իտալացիները խմում են կամ ճաշի ընթացքում, կամ նախաճաշին:

5. Իտալական ազգային կերակուրները վնասակար չեն կազմվածքի համար և նույնիսկ շատ օգտակար են: Դրանց յուրահատկությունը միջերկրածովյան մթերքների և տարատեսակ կանաչիների օգտագործման մեջ է: Հատկանշական է նաև այն, որ այստեղ ալյուրով պատրաստված մթերքները պատրաստվում են խոշոր աղացած ալյուրով, որը չի վնասում կազմվածքին:

6. Պաստան իտալացիները չեն ստեղծել: Միտքը պատկանում է չինացիներին: Իսկ այ, պատրաստման եղանակը հորինել են իտալացիները (եփել պաստան նախապես աղ արած ջրում):

7. Իտալիայում խոհարարական գաղափարները և արժանիքները պատկանում են ոչ միայն խոհարարներին: Օրինակ՝ Իտալիայում այդքան տարածված զաֆրանը կերակուրի մեջ առաջին անգամ ավելացրել է մի ռեստավրատոր, ով այն օգտագործում էր՝ որպես ներկի բաղադրիչ: Իսկ բոլորի կողմից այդքան շատ սիրելի պաղպաղակը 14-րդ դարում Չինաստանից Իտալիա է բերել վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոն:

8. Ի դեպ, պաղպաղակի մասին: Իտալիայում այն սիրում են ուտել՝ վրան ցանելով ծովի աղ և լցնելով ձիթայուղ:

9. Իսկական իտալական խոհանոց կարող եք գտնել ոչ թե թանկարժեք ռեստորաններում, այլ այն փոքրիկ հեռու վայրերում գտնվող ռեստորաններում, ուր հաճախում են իտալացիները:

10. Ռիզոտոն ձկան և մսի խավարտ չէ: Այն Իտալիայում համարվում է լրիվ ինքնուրույն ուտեստ: Իսկ սպագետիին երբեք չեն ավելացնում տոմատի մածուկ կամ կետչուպ. դա հանցագործություն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված