Մեր ժամանակների ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդներից մեկը՝ բուդդիստ վանական Թիթ Նաթ Հանը, պատմել է կանոնների մասին, որոնք կօգնեն երջանիկ լինել:
Ժպտացեք
Եթե ուզում եք ապրել խաղաղության և ուրախության մեջ, սկսեք ամեն օրը ժպիտով: Դա բավարար է դրական ալիքի վրա տրամադրվելու համար:
Դադարեք կլանել նեգատիվը
Շատ հաճախ մենք թույլ ենք տալիս չար խոսքերին, սարսափելի պատկերներին և գրգռիչ ձայներին ներս խուժել մեր ուղեղ և իրենց հետ բերել տխրություն, վախ և անհանգստություն: Ուշադրություն դարձրեք նրան, թե ինչ եք արտաքին աշխարհից ներս թողնում ձեր մեջ: Ինչո՞ւ դիտել «բոևիկ» և սարսափ ֆիլմեր, եթե դրանք վատթարացնում են ձեր հոգեկան վիճակը:
Իհարկե, դա վերաբերում է ոչ միայն հեռուստատեսությանը: Այնքան շատ գայթակղություններ և թակարդներ կան մեր շուրջը, որոնցից պետք է զգուշանալ: Պարզապես ավելի տարբերող պետք է լինել: Դուք պետք է գիտակցեք, թե ինչն է վնասում ձեր նյարդային համակարգը, ուղեղը և սիրտը, և, թե ինչն է օգտակար:
Կենտրոնացեք ներկա պահի վրա
Ճաշելու ընթացքում փորձեք համտեսել ուտելիքի ամեն մի կտորը, այլ ոչ թե՝ շտապելով կուլ տալ: Հաղորդակցման ժամանակ ամբողջությամբ կենտրոնացեք խոսակցության վրա, այլ ոչ թե սավառնեք երկնքում: Պարտեզում զբոսնելիս ուշադիր հետևեք այն ամենին, ինչը ձեզ շրջապատում է, և վայելեք զգացողությունները, այլ ոչ թե մտածեք ձեր խնդիրների մասին:
Եթե դուք ամեն ինչ անում եք «ավտոպիլոտի» տակ, ապա կյանքն անցնում է առանց ձեր իսկ մասնակցության: Սովորեք լինել այստեղ և հիմա: Եվ նույնիսկ այնպիսի պարզ գործողություններ, ինչպիսիք են սպասք լվանալը կամ ատամները մաքրելը, Ձեզ ուրախություն կպարգևեն:
Մի շտապեք
Ժամանակակից մարդիկ շատ նպատակասլաց են: Մենք ճշգրիտ գիտենք՝ ուր ենք գնում, և շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Երբեմն դա անհրաժեշտ է, բայց ճանապարհին մենք մոռանում ենք վայելել կյանքը:
Փորձեք գոնե երբեմն գլխից դուրս հանել բոլոր նպատակները և չշտապել: Պարզապես նստեք՝ առանց ինչ-որ բանով զբաղվելու: Մեդիտացիա արեք: Մենք միշտ ինչ-որ տեղ ենք շտապում: Բայց ժամանակ առ ժամանակ պետք է կանգ առնել:
Ուրախություն գտեք ինքներդ ձեր մեջ
Մենք կուրորեն հավատում ենք, որ ուրախություն և անհոգություն կգտնենք, եթե հաջողության հասնենք կամ լուծենք առկա խնդիրները: Սակայն իրականում արտաքին պայմանները նշանակություն չունեն, քանզի երջանկության աղբյուրը հենց մեր մեջ է:
Կառչելով ապագայի նկատմամբ հույսից՝ դուք կորցնում եք այսօր երջանկություն գտնելու հնարավորությունը: Ուղղորդեք ձեր էներգիան այն բանի վրա, որ ավելի լավ հասկանաք ձեզ և ձեր «այսօրը»:
Ժպտացե՛ք, թուլացե՛ք, կատարեք մի քանի խորը շունչ, ձեր մարմնում զգացե՛ք կյանքի ռիթմը: Սովորե՛ք նկատել երջանկության փոքրիկ պահերը, և վայելեք դրանք, երբ դուրս եք գալիս զբոսանքի, լոգանք ընդունեք, խաղացեք ձեր կենդանու հետ: Սկսե՛ք սերմանել ձեր մեջ սերը, բարությունը, երախտագիտությունը և կարեկցանքը: Այս զգացմունքներից է ծնվում իրական, մաքուր երջանկությունը:
Ըմբռնող եղեք
Եթե դուք որևէ բույս եք ցանել, և այն վատ է աճում, դուք նրան չեք մեղադրում և չեք զայրանում: դուք փորձում եք գտնել պատճառները և մտածում եք՝ ինչպես օգնել նրան: Գուցե պետք է այն պարարտացնել, ջրել և պաշտպանել արևից: Սակայն, եթե խնդիրներ են առաջանում ընկերների և հարազատների հետ, մենք հենց իրենց ենք մեղադրում: Պետք է սովորել հոգ տանել նրանց մասին, և ամեն ինչ լավ կլինի նրանց հետ:
Մեղադրանքներից, ինչպես նաև մարդուն վեճերի և կշտամբանքի միջոցով համոզելու փորձերից երբեք ոչ մի լավ բան չի ստացվում: Դրանով կարելի է միայն փչացնել հարաբերությունները: Միայն ըմբռնումն ու սերը կարող են իրավիճակին լավ հանգուցալուծում տալ:
Մենք պետք է գիտակցենք, որ մեզ մոտ զայրույթ առաջացնող մարդու մոտ պատճառներ կային այդպես վարվելու: Օրինակ՝ եթե մեզ ինչ-որ մեկը կշտամբում է, հնարավոր է, որ իր ղեկավարն օրվա սկզբին իր հետ նույն տոնով է խոսել, կամ էլ հնարավոր է, որ փոքր ժամանակ նրա վրա իր հարբեցող հայրն է ձայն բարձրացրել: Սա հասկանալով՝ մենք սկսում ենք մեր միջից դուրս հանել նեգատիվը և ուրիշներին կարեկցանքով վերաբերվել:
Սիրեք մենությունը
Ոմանք կարծում են, որ ուրախություն կարելի է միայն զգալ այն մարդկանց շրջապատում, որոնց հետ դուք կարող եք զրուցել, ծիծաղել և զվարճանալ:
Բայց դա այդպես չէ: Ընդհակառակը, եթե դուք միշտ գտնվեք ընկերական շրջապատում, ապա էմոցիաների սպառում կզգաք: Բայց դրա փոխարեն՝ միայնակ մնալով ինքներս մեզ հետ՝ կարգի ենք բերում մեր մտքերն ու զգացմունքները:
Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ ամեն օր որոշակի ժամանակ հատկացնենք լռության և մենության մեջ գտնվելու համար:
Սա ձեզ ուժ կհաղորդի և կօգնի խորը ներթափանցել ինքներդ ձեր մեջ:
Լավ բանի մասին մտածեք
Մարդիկ հաճախ հարցնում են՝ ի՞նչն է վատ, և սրանով իսկ մեծացնում են իրենց դժգոհությունը: Մտածելով կյանքի բացասական կողմերի մասին, կամ, թե ինչ է մեզ պակասում՝ մենք ջրում ենք տառապանքների, զայրույթի և հիասթափության սերմերը:
Մենք շատ ավելի երջանիկ կլինեինք, եթե սովորեինք հարցնել՝ ի՞նչն է լավ:
Մտածեք այն լավ բաների մասին, ինչն ունեք: Եթե ձեզ հետ ոչ մի վատ բան տեղի չի ունեցել, դա նույնպես ուրախության առիթ է: Ձեր գլուխը չի՞ ցավում, դուք այսօր ձեր աշխատանքը չե՞ք կորցրել և ոչ ոքի հետ չե՞ք վիճել, դուք ստիպված չե՞ք լինում սոված մնալ կամ դրսում գիշերել:
Դուք երջանիկ մարդ եք:
«Խաղաղություն ամեն քայլում» («Мир в каждом шаге») և «Լռություն» («Тишина») գրքերում առկա նյութերի համաձայն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լաուրա Ասատրյանը
168․ am