Արհեստական բանականության վրա հիմնված առաջին հայկական Ռոբին ռոբոտը ճանաչվել է հեղինակավոր TIME ամսագրի 2021 թվականի լավագույն նորարարություն։
Հանրահայտ TIME ամսագրի հերթական թողարկումը նվիրված է 2021 թվականի լավագույն 100 նորարարություններին, որոնց շարքում իր ուրույն տեղն է գտել հայկական ռոբոտը։ TIME ամսագիրը Ռոբին ռոբոտին նվիրված իր անդրադարձում այն բնորոշել է որպես «հոգատար ընկեր»։
TIME-ը անդրադառնում է հայկական կլինիկաներից մեկի մի պատմության, երբ թոքաբորբով հիվանդ 8-ամյա երեխան երկու օր շարունակ հրաժարվում էր ուտելուց և այդ ժամանակ բուժ անձնակազմը Ռոբինին է հրավիրում աղջկա սենյակ։ Մոտ 20 րոպե նրանք երկուսով խաղեր են խաղում, քննարկում սիրելի կենդանիներին, որից հետո Ռոբինը հեռանում է՝ խոստանալով վերադառնալ միայն մի պայմանով՝ եթե փոքրիկը հաց ուտի, ինչից հետո, փոքրիկը զարմացնում է բոլորին, և Ռոբինն անկասկած վերադառնում է։
TIME-ը մեջբերում է նաև ռոբոտի հիմնադրի՝ Կարեն Խաչիկյանի միտքն այն մասին, որ թիմի նպատակն էր տեղծել ոչ թե հերթական տեխնոլոգիական սարք, այլ վստահելի և հասակակից ընկեր երեխաների համար։ Հոդվածում նշվում է, որ Ռոբին ռոբոտն օգտագործվում է աշխարհի 12 բուժհաստատություններում, և առաջիկա 12 ամսվա ընթացքում կտեղադրվի ևս 100 ամերիկյան հիվանդանոցներում։
«Սա աննախադեպ հաջողություն է ոչ միայն մեր թիմի, այլև ամբողջ Հայաստանի համար։ TIME ամսագրի լավագույն 100 նորարարությունների շարքում հայտնվելն իսկապես մեծ հաղթանակ է մեր երկրի և ամբողջ գիտական ներուժի համար։ Պարտավորեցնող է և միաժամանակ չափազանց հաճելի»,- նշում է Ռոբին ռոբոտն ստեղծած հայկական «Expper Technologies» ընկերության համահիմնադիր Կարեն Խաչիկյանը։
Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև ռոբոտի առաքելությանը՝ օգնել հիվանդանոցային բուժում ստացող երեխաներին հաղթահարել սթրեսը և ավելի թեթև դարձնել բուժման ընթացքը։ Ապաքինման փուլում գտնվող երեխաներին Ռոբինն օգնում է գունավորել հիվանդանոցային միջավայրը։ Իր յուրահատուկ մոտեցման շնորհիվ Ռոբինին հաջողվում է նվազեցնել երեխաների սթրեսը, բարելավվել նրանց փորձառությունը հիվանդանոցում, ինչպես նաև հեշտացնել բժշկական անձնակազմի հետագա աշխատանքը։ Բացի այդ, տարատեսակ բժշկական միջամտությունների ժամանակ Ռոբինին հաջողվում է շեղել երեխաների ուշադրությունը եւ նվազեցնել ցավի ընկալումը։ Ռոբոտը հասցրել է հյուրընկալվել նաև տուն-ինտերնատներում՝ ամբողջությամբ փոխելով տեղի բնակիչների առօրյան։
Ի դեպ, վերջերս աշխարհահռչակ «Ֆորբս» ամսագիրը նույնպես անդրադարձ է կատարել Ռոբին ռոբոտին։ Նաև՝ վերջերս հանրահայտ Fast Company-ի կողմից Ռոբինն արժանացել է լավագույն պրոդուկտի դիզայն մրցանակին։ Ռոբոտը հասցրել է արտասահմանում ևս մեծ հետաքրքրություն առաջացնել և արդեն իսկ կիրառվում է Միացյալ Նահանգների բազմաթիվ առաջատար հիվադանոցներում և բուժհաստատություններում։