Հայտնի մարդկանց վախերը
Դիտումներ՝ *
16:21 2021-11-12

Ֆոբիան վախի անկառավարելի զգացողությունն է, որը սրվում է որոշակի իրավիճակներում: Հոգեբանական առողջության խնդիրներով զբաղվող Manchester Mind բարեգործական կազմակերպության վիճակագրական տվյալներով՝ ֆոբիաներ ունեն ավելի քան 10 միլիոն մարդիկ, և նույնիսկ պատմական դեմքերը բացառություններ չեն եղել:

1. Սերգեյ Եսենինը տառապում էր սիֆիլոֆոբիայով (սիֆիլիսով վարակվելու վախ):

Գրողի ընկերը՝ Անատոլի Մարիենգոֆը պատմել է. «Եթե հանկարծ իր քթի վրա մի բշտիկ հայտնվեր, նա տխուր-տրտում դեմքով սկսում էր հայելուց հայելի անցնել: Մի անգամ նույնիսկ գնացել էր գրադարան՝ սարսափելի հիվանդության նախանշանների մասին կարդալու-պարզելու, դրանից հետո վիճակն ավելի վատացել էր»:

2.Նիկոլայ Գոգոլը, երաժիշտ Ջակոմո Մեյերբերը և Ջորջ Վաշինգտոնը վախենում էին կենդանի թաղվելուց:

Այս վախն անվանում են տաֆեֆոբիա: Գոգոլի ֆոբիան ի հայտ է եկել դեռևս երիտասարդ ժամանակ՝ ժամանակի հետ ավելի սրվելով: Գրողն իր ընկերներին իր թաղման հրահանգներով նամակներ էր ուղղել: Մեյերբերը հրամայել էր, որ իր մահից հետո իր ձեռքերին և ոտքերին զանգակներ ամրացնեն, որ իր դիակը հսկեն 4 օր, իսկ դրանից հետո կտրեն մեկ ոտքի և մեկ ձեռքի երակները: Վաշինգտոնն իր հերթին՝ պարզապես խնդրել էր իր օգնականին, որ իր մահից հետո սպասի 2 օր, ապա նոր զբաղվի հուղարկավորությամբ:

3. Ալֆրեդ Հիչկոկը տառապում էր օվոֆոբիայով՝ օվալի ձև ունեցող իրերի վախով: Հավկիթները նա կարողանում էր օգտագործել միայն օմլետի տեսքով:

4. Ոչ պակաս տարօրինակ վախով էր տառապում Զիգմունդ Ֆրեյդը:

Հոգեվերլուծության հայրը վախենում էր պտերից (կամ՝ ձարխոտ, ռուս.՝ папоротник): Թե ո՞րն էր նրա այդ վախի պատճառը, հայտնի չէր, սակայն ենթադրվում է, որ այդ բույսը կապված էր մանկության վատ հիշողությունների հետ:

5. Իոսիֆ Ստալինը վախենում էր, որ նրան կթունավորեն:

Այս վախը կոչվում է տոքսիկոֆոբիա: Եվ քանի որ նա գիշերները չէր քնում, ենթադրվում է, որ նաև քնի վախ է ունեցել: Ըստ որոշ աղբյուրների, սակայն, ամենայն հավանականությամբ, դա պարզապես պարանոյա է եղել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

168․am

Ամենաընթերցված