iPhone 16 շարքի սմարթֆոնների Face ID մոդուլի դիզայնում փոփոխություններ կլինեն, այս մասին հայտնում է MacRumors կայքը՝ հղում անելով թայվանական DigiTimes կայքին։
Աղբյուրը նշում է, որ Apple-ը պլանավորում էր այս տարի ներկայացնել էկրանի տակ գտնվող Face ID սկաները, սակայն ընկերության գործընկերները չեն հասցրել պատրաստել անհրաժեշտ սենսորները։ Այդուհանդերձ, DigiTimes-ը վստահեցնում է, որ ընկերությունը iPhone 16 մոդելներում Face ID-ի բարելավման այլ ծրագրեր ունի։
Ընդորում, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են մտցվելու և արդյոք դրանք կհանգեցնեն կենսաչափական անվտանգության համակարգի գործունեության նկատելի բարելավման, չի նշվում։
Ըստ աղբյուրի՝ ենթադրվում է, որ Apple-ը կօգտագործի նոր սենսորներ, որոնք կլինեն ավելի ճշգրիտ ու արագ, քան նախորդ մոդելներում։ Ընկերության ինժեներները պարբերաբար փոփոխություններ են կատարում iPhone-ի նոր սերունդների ներքին բաղադրիչներում, սակայն դա միշտ չէ, որ հանգեցնում է նոր հնարավորությունների կամ ակնհայտ առավելությունների գնորդների համար:
iPhone 16 շարքի սմարթֆոնների շնորհանդեսը նախատեսված է սեպտեմբերին։ Ըստ լուրերի՝ բազային iPhone 16-ը կստանա 6,3 դյույմ ընդլայնված էկրան և տեսախցիկի թարմացված դիզայն։