Իր մահից 50 տարի անց Պիկասոն շարունակում է մնալ ամենապահանջված և թանկարժեք նկարիչը
Դիտումներ՝ *
21:59 2023-12-22

Իր մահից կես դար անց Պաբլո Պիկասոն պահպանում է իր դիրքը ժամանակակից արվեստի կիզակետում: Այս տարի մի շարք ցուցահանդեսներով եւ նրան նվիրված վավերագրական ֆիլմերով վերագնահատվել է նկարչի ժառանգությունն ու ազդեցությունը, գրում է Artsy-ն։

Նրան շատերը համարում են 20-րդ դարի մեծագույն արվեստագետը։ Թեեւ նրա մահվան տարելիցը դրդեց ուսումնասիրել նկարչի անձնական կյանքի (հատկապես կանանց հետ հարաբերությունների) մանրամասները, նրա ստեղծագործական կյանքը շարունակում է մնալ առաջնային հետաքրքրություն:

«Պիկասոյի ժառանգության կախարդանքը ոչ միայն այն հիմնարար ազդեցությունն է, որը նա ունեցել է արվեստագետների վրա 20-րդ եւ 21-րդ դարերի ընթացքում: Դա նրա ազդեցությունն է արվեստի պատմության եւ դրա միջոցով մեր աշխարհընկալման վրա»,- ասել է Opera Gallery-ի գործադիր տնօրեն Իզաբել դե Լա Բրյուերը:

Քանի որ գեղարվեստական ​​միտումներն ու ճաշակները զարգանում եւ փոխվում են, Պիկասոյի նկատմամբ հետաքրքրությունը մնում է նույնքան ուժեղ եւ համատարած, որքան երբեւէ:

«Կոմերցիոն առումով Պիկասոն դարձել է ամենաթանկարժեք նկարիչը, գեղագիտական ​​առումով եւս նա մնում է ամենաազդեցիկը»,-նշվում է New Yorker-ի՝ 1939 թ-ի հոդվածում, որտեղ անանուն դիլերն ասում էր ամսագրին, որ գնում է Պիկասոյի աշխատանքը ոչ այն պատճառով, որ ճաշակ ունի, այլ՝ որովհետեւ վստահ էր, որ մի օր այն շատ թանկ է արժենալու։

Այս անանուն դիլերը ճիշտ էր. Պիկասոյի դիրքը 21-րդ դարի արվեստի շուկայում եզակի է: Նկարչի աշխատանքներից հինգը աճուրդում վաճառվել են ավելի քան 100 միլիոն դոլարով։ Նշվում է, որ նկարիչը ստեղծել է մոտ 50000 արվեստի գործ, այդ թվում՝ տպագրություն, կերամիկա, թղթի վրա գործեր, քանդակներ եւ, իհարկե, նկարներ։

«Պիկասոյի աշխատանքները դեռ հետաքրքիր են, իսկ նրա մասին միշտ շատ բան կարելի է բացահայտել, ինչը շատ հուզիչ է եւ թույլ է տալիս հետագա հետազոտություններ իրականացնել՝ օգնելու նկարագրել ստեղծագործական բազմաթիվ փուլերը, որոնց միջով նա անցել է իր երկար կյանքի ընթացքում»,-ասում է Փոլ Ստոլպերը, որի համանուն պատկերասրահը Լոնդոնում ներկայումս ցուցադրում է Պիկասոյի՝ 1907-1958 թվականներից ի վեր ստեղծված գծագրերի, կոլաժների, կտրվածքների եւ կերամիկայի ընտրանին։

Նոյեմբերին «Femme la Montre» (1932) կտավը դարձավ այս տարի աճուրդում վաճառված ամենաթանկ աշխատանքը՝ 139,3 միլիոն դոլարով։ Այս գինը կարող է շատ բարձր լինել, սակայն Artsy Price տվյալների բազայի հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ այս տարի Պիկասոյի, նույնիսկ, 100-րդ ամենաթանկ ստեղծագործությունը վաճառվել է 174,585 դոլարով: Փաստորեն, այս տարի աճուրդում վաճառվել է Պիկասոյի մոտ 672 աշխատանք՝ ընդհանուր 556,3 մլն դոլարով։

Սակայն վերջին տարիներին նկարչի աշխատանքների հասանելիությունն աճուրդում աչքի է ընկել քանակի հետեւողական անկմամբ: Դա երեւում է նախորդ տարիների տվյալներից. 2021 թվականին 645,67 մլն դոլարով վաճառվել է 1359 աշխատանք, իսկ 2019 թ-ին 333 մլն դոլարով վաճառվել է 1722 աշխատանք։ 2015-ին Պիկասոն աճուրդում նոր ռեկորդ էր սահմանել․ 1955 թ-ի Les femmes d’Alger (Version O) աշխատանքը վաճառվել էր 179,4 միլիոն դոլարով։ Նկարչի 2924 աշխատանքները աճուրդներում վաճառվել են ապշեցուցիչ՝ 705,1 միլիոն դոլարով:

Սա խոսում է այն մասին, որ Պիկասոյի աշխատանքները գնալով սահմանափակվում են աճուրդների աշխարհում, եւ հիմա նրա գործերն աճուրդներում ավելի թանկ արժեն, քան նախկինում:

Ամենաընթերցված