Հավանաբար ոչ մի տեղ ամանորյա տրամադրությունն ու հմայքն այնքան ակնհայտ չեն, որքան Եվրոպայում: Մայրցամաքը, հատկապես դրա հյուսիսային շրջանը, իր զով եղանակով եւ գոթական մթնոլորտով, իդեալական է նրանց համար, ովքեր կատարյալ ձմեռային հրաշքներ են փնտրում տարվա այս եղանակին:
Հրավիրում ենք ձեզ սուզվելու եվրոպական քաղաքների առասպելական մթնոլորտում:
Վիեննա
Ավստրիայի գեղեցիկ մայրաքաղաքը տարեվերջին տոնական հմայք է ստանում։ Բարձր տոնածառը եւ Սուրբ Ծննդյան շուկան, անխոս, պարտադիր կանգառներ են, սակայն Շպիտլեբերգի շուկան եւս չի կարելի անտեսել:
Հիասքանչ ձեռագործ իրերն ու սվիտերները ընդամենը մի քանի օրինակ են, որոնք առաջարկվում են Բիդերմայեր թաղամասի փողոցներում գտնվող տոնական տաղավարներում:
Այցելուները կարող են խմել տաք գինի եւ հանգիստ զբոսնել՝ հիանալով տոնական մթնոլորտով համակված ճարտարապետական կոթողներով:
Հալշտատ
Հալշտատ քաղաքը եւ դրա ապշեցուցիչ լանդշաֆտը՝ շրջապատված բարձր ալպիական գագաթներով, պաշտպանված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
16-րդ դարի քաղաքային տներն ու փոքրիկ փողոցները այն դարձնում են կատարյալ վայր՝ տոնական շունչը զգալու համար:
Հալշտատի Սուրբ Ծննդյան շուկան հարուստ է լեգենդներով։
Վառ լուսավորված տոնածառ, տեղի փայտագործների կողմից ստեղծված Սուրբ Ծննդյան տեսարան եւ դեկորացիաներ, ձեռագործ իրեր եւ տաք գինի վաճառող տաղավարներ․ դուք արդեն կես ճանապարհին եք պատկերացնելու, թե որքան յուրահատուկ է այս վայրը:
Բրյուգե, Բելգիա
Բրյուգեի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող միջնադարյան կենտրոնը լի է շենքերով, որոնք հեքիաթային են դառնում, երբ վառվում են տոնական լույսերը:
«Ձմեռային փայլատակում» ամենամյա փառատոնը ամբողջ քաղաքը վերածում է մի մեծ տոնի:
Մինեուոթերը՝ սիրո լիճը, ունի երկու Սուրբ Ծննդյան շուկա եւ լողացող սահադաշտ:
Բոլոր այցելուները պետք է վայելեն բելգիական համեղ տաք շոկոլադը՝ վաֆլիի հետ: Սեզոնի ոգու մեջ մտնելու ավելի լավ միջոց չկա:
Ռուդեշայմ, Գերմանիա
Գտնվելով Ռեյնի գինեգործական շրջանի սրտում, Ռուդեշայմը տարվա բոլոր ամիսներին հանգստավայր է համարվում:
Այնուամենայնիվ, երբ մոտենում է Սուրբ Ծնունդը, քաղաքը յուրահատուկ մթնոլորտ է ստանում:
Սուրբ Ծննդյան տոնավաճառը լի է տաղավարներով, որտեղ վաճառվում են նվերներ եւ ավանդական տոնական ուտեստներ՝ ամբողջ աշխարհից: Քաղաքի միջնադարյան շենքերն ու ծառուղիները պահպանում են դասական տոնի մթնոլորտը։
Rudesheimer սուրճը, որը պատրաստված է հարած սերուցքով, շոկոլադե չիպսերով եւ կոնյակով, մրսածությունից խուսափելու հուսալի միջոց է:
Ռովանիեմի, Ֆինլանդիա
Ռովանիեմին, որը գտնվում է Լապլանդիայում, հիանալի է տարբեր պատճառներով:
Հյուսիսափայլի վառ դրսեւորումները, բնիկների ավանդույթները եւ ֆինլանդական բաղնիքի զարմանահրաշ մշակույթը այդ պատճառներից մի քանիսն են միայն: Ի վերջո, հենց այստեղ է գտնում Սանտա Կլաուսի տունը:
Տաուբերի Ռոտենբուրգ, Գերմանիա
Բավարիայի սրտում գտնվող այս գերմանական քաղաքի տպավորիչ ճարտարապետությունը բավական է, որ տարվա ցանկացած եղանակին Սուրբ Ծննդյան զգացողություն ունենաք: Սակայն ամենամյա Reiterlesmarkt-ն, իսկապես, առանձնահատուկ է դարձնում այն:
«Reiterles»-ը, որը նաեւ հայտնի է որպես փոքրիկ ձիավոր, առասպելական կերպար է, ով, ինչպես ասում են, հազարավոր տարիներ շարունակ այցելել է քաղաք ձմռանը: Նրա՝ այստեղ գալը Սուրբ Ծննդյան ավանդույթի մի մասն է, այդ իսկ պատճառով շուկան անվանակոչվել է նրա անունով։
Արդյունքում ստեղծվել է ֆանտաստիկ տարածք, որը լցված է պատմությամբ, ինչպես նաեւ՝ առատ ուտելիքի ու տաք ալկոհոլի պարզ ուրախությամբ