Հոկտեմբերի 14-ին արևի օղակաձև խավարում տեղի կունենա
Դիտումներ՝ *
18:14 2023-10-06

2023-ի հոկտեմբերի 14-ին տեղի կունենա արևի օղակաձև խավարում, որը նաև կոչվում է «կրակե օղակ»։ Այս անվանումն առաջացել է այն պատճառով, որ Լուսինն այդ պահին գտնվում է Երկրից ամենահեռու կետում և չափազանց փոքր է Արեգակն ամբողջությամբ ծածկելու համար, այնպես որ նրա շուրջը ձևավորվում է կրակի ուրույն օղակ։

Այս հազվագյուտ իրադարձության առավելագույն փուլը տեսանելի կլինի Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում: Ցավոք, Հայաստանից արևի խավարմանը հնարավոր կլինի հետևել միայն ուղիղ եթերում, որը կհեռարձակի NASA-ն երևանի ժամանակով 17.30-ին։

Այս խավարումը կտևի ընդամենը մի քանի րոպե, սակայն Նիկարագուայում և Կոստա Ռիկայում այն հնարավոր կլինի դիտել ավելի քան հինգ րոպե։

Օղակաձև արևի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսնի տեսանելի տրամագիծը փոքր է Արեգակի տրամագծից, ուստի այդ պահին երկինքը կդառնա մի փոքր ավելի մուգ, բայց ոչ այնքան, որքան արևի ամբողջական խավարման ժամանակ: Խավարման պահին դրսում նույնիսկ կարող է մի փոքր ավելի ցուրտ լինել:

2023-ին արևի առաջին խավարումը տեղի է ունեցել ապրիլի 20-ին։ Այդ օրը լուսնի ստվերն անցել է Հնդկական օվկիանոսի արևելյան և Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածով: Խավարման առավելագույն տևողությունը եղել է 1 րոպե 16 վայրկյան Թիմոր կղզու տարածքում։ 2024-ի ապրիլի 8-ին տեղի կունենա արևի ամբողջական խավարում։

Ամենաընթերցված