Անհնար է ապրել մշտական վախի մեջ. Ասթերի «Բոն վախենում է» ֆիլմը գիտի, թե որտեղ է ծնվում սարսափը
Դիտումներ՝ *
18:28 2023-06-28

Երիտասարդ ու խիստ խոստումնալից ռեժիսոր Արի Ասթերին հանդիսատեսը ծանոթ է 2018-ին էկրաններ բարձրացած «Ժառանգական» (Hereditary) սարսափ ֆիլմով (որն այն պահին A24 ստուդիայի ամենաթանկարժեք ֆիլմն էր), ինչպես նաև 2019-ի «Արևահավասար» (Midsommar) դիցաբանական հորրորով։ Առաջինում Ասթերն ուսումնասիրում էր ընտանեկան հարաբերությունների մեջ զարհուրելիի ու սարսափելիի ներթափանցման հետևանքները, իսկ երկրորդում` ավելի մեծ ընտանիք օտարների թափանցման հետևանքները։ Ընտանիքի թեման կենտրոնական է Ասթերի ֆիլմերում, բայց ոչ թե սիրո ու համերաշխության, այլ ներընտանեկան բռնության, սեփական կարծիքն ընտանիքի անդամներին կապելու առումով։ Ռեժիսորի նոր ֆիլմը` «Բոն վախենում է» (Beau is Afraid), այս ամենի քվինտեսենցիան է։

Մենք դիտել ենք Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ սյուրռեալիստական հոգեբանական տրագիկոմեդիան ու ներկայացնում ենք տպավորությունները․

Մինչև «Բոյի» մասին խոսելը, անհրաժեշտ է հիշեցնել, որ Ասթերի կարիերան սկսվել էր կարճամետրաժ ֆիլմերից, որոնց սյուժեն այս կամ այն կերպ առնչվում էր ընտանիքում տոքսիկ հարաբերություններին։ «Ինչ-որ տարօրինակ բան Ջոնսոնների մասին» (The Strange Thing About the Johnsons) ֆիլմը պատմում է հասունացման ու այդ ընթացքում ընտանեկան բռնության դրսևորումների մասին, «Մյունհաուզենը» (Munchausen) երեխայի նկատմամբ մոր տարօրինակ սիրո մասին է, իսկ «Ըստ էության» (Basically) հինգ րոպեանոց ֆիլմում գլխավոր հերոսուհին սարսափում է մորից։

«Բոն վախենում է» ֆիլմը ծնվել է հենց այս կարճամետրաժների շարքից, ավելին` համանուն կարճամետրաժ ֆիլմ նմանատիպ սյուժեով Ասթերն արդեն նկարել է։ Հաշվի առնելով ռեժիսորի տարվածությունը թեմայով՝ դժվար է կտրվել մտքից, որ «Բոն» խիստ անձնական, անգամ` կենսագրական պատմություն է Ասթերի համար։

Ֆիլմը պատմում է 49-ամյա Բո Այզեք Վասերմանի մասին, որն ապրում է մշտական վախերի մեջ, ու որի միակ հարազատ մարդը` միլիոնատեր մայրը, մահանում է դժբախտ պատահարից։ Ամբողջ ֆիլմը Բոյի ոդիսականն է Կորինա հորինված քաղաքից դեպի իր մոր շքեղ առանձնատունը։

Նախօրոք ասենք, դժվար է «Բոյի» նման ֆիլմը խորհուրդ տալ որևիցե մեկին, կամ էլ կտրականապես զերծ պահել դիտումից։ Սա այն ֆիլմերից է, որոնք յուրաքանչյուրի մոտ կառաջացնեն տարբեր ու անկանխատեսելի էմոցիաներ. ոմանք կձանձրանան, մյուսները չեն հասկանա (նրանց կարելի է հասկանալ) ու կանջատեն, երրորդները կհոգնեն ֆիլմի ձգված երեք ժամանոց քրոնոմետրաժից ու երկար ստատիկ կադրերից, չորրորդներն էլ իսկական հաճույք կստանան։ Թե որ կատեգորիայում կհայտնվեք դուք, արդյոք գլխավոր հերոսի մեջ կգտնեք ձեզ նկարագրող էլեմենտներ, կերևա միայն ու միայն դիտման ժամանակ։

Բոն տառապում է հոգեբանական խնդիրների մի ամբողջ բուկետով` տագնապայնությունից սկսած, մինչև դեպրեսիա։ Ու հանդիսատեսն այս ամենին նայելու է ոչ թե կողքից, այլ հենց Բոյի գիտակցության պրիզմայով. գլխավոր հերոսին ամենուր շրջապատում են վտանգներ ու թշնամիներ, շրջակա աշխարհը խիստ տարօրինակ է ու ամեն գնով ուզում է սպանել Բոյին, իսկ միակ փրկօղակը, լուսավոր միակ կետը մայրն է։ Բայց Բոյի վախերը, իսկական կյանք կառուցելու անկարողությունը (իսկ դրա մասին Բոն երազում է` մի քանի րոպեանոց սքանչելի անիմացիոն դրվագի տեսքով), նրա հոգեբանական խնդիրների աղբյուրը նույնպես մայրն է, ու իր ոդիսականի ընթացքում գլխավոր հերոսը պիտի փորձի ազատվել այդ կապանքներից։

«Բոն վախենում է» շատ տարօրինակ ֆիլմ է։ Պսիխոդելիկ ու սյուրռեալիստական դրվագները, սիմվոլիզմով հագեցած իրադարձությունները հանդիսատեսից պահանջում են մինիմալ ուշադրություն, սակայն երբ մի փոքր կենտրոնանում ես, երբ դադարում ես հիանալ ֆիլմի կատարյալ տեխնիկական կողմով, լավ հումորով, հնարամիտ գեղարվեստական ձևավորումով, ապա հասկանում ես, որ այս ամբողջ առակը` ընտանեկան բռնության մասին, կարված է բավական նկատելի սպիտակ թելերով ու զուրկ անհրաժեշտ նրբությունից։ Իհարկե, թելերն այնքան հաստ ու նկատելի չեն, ինչպես Դարեն Արոնովսկու «Մայրիկի» (Mother!) դեպքում, բայց Ասթերից շատ ավելի խորամանկ կոնստրուկցիա էինք սպասում։

Ամենաընթերցված