Սթիվ Ջոբս և Լորեն Փաուել. մի սիրո պատմություն
Դիտումներ՝ *
13:18 2023-02-25

Փետրվարի 24-ին է ծնվել ՏՏ ոլորտի ամենահայտնի ձեռնարկատերերից և գյուտարարներից մեկը՝ Սթիվ Ջոբսը, որի մասնագիտական ​​ձեռքբերումների մասին գիտի նույնիսկ ծույլը, սակայն Apple-ի համահիմնադրի անձնական կյանքի մասին շատերը չգիտեն։ Մինչդեռ նա իր միակ կնոջ՝ Լորեն Փաուելի հետ ապրել է ավելի քան 20 տարի։

Նախապատմությունը

1980-ականների վերջին Սթիվ Ջոբսն արդեն լեգենդ էր. այդ ժամանակ Սթիվ Վոզնյակի հետ նա կարողացավ ստեղծել Apple համակարգիչների մի քանի մոդել, հիմնեց և գլխավորեց Macintosh ընկերությունը, այնուհետև հեռացվեց Apple-ից, հիմնեց NeXT-ը և Pixar-ը։ Բացի այդ, նա արդեն իսկ ուներ մի քանի բուռն սիրավեպ և 1978 թվականին ծնված մի դուստր, որի հայրությունը երկար ժամանակ չէր ցանկանում ճանաչել։ Այս ամենից բացի, Սթիվը հայտնի էր իր անտանելի բնավորությամբ։

Լորեն Փաուելն իր ապագա ամուսնու հետ հանդիպման ժամանակ Փենսիլվանիայի համալսարանին կից Ուորթոնի բիզնես դպրոցի շրջանավարտ ու Սթենֆորդի MBA ծրագրի մասնակից էր: Մինչ այդ, նա հասցրել էր աշխատել Ուոլ սթրիթի վրա գտնվող Merrill Lynch և Goldman Sachs ընկերություններում։ Լորենն ամբիցիոզ էր, խելացի և ինքնավստահ:

Ծանոթությունը

Սթիվ Ջոբսը երբեք չի գնացել զիջումների, նույնը կարելի է ասել նրա ռոմանտիկ հարաբերությունների մասին: Նա շուտ սիրահարվող էր, իմպուլսիվ, արագ էր նոր հարաբերություններ սկսում, նույնքան արագ էլ խզում էր դրանք:

1989 թվականին Սթիվի սիրային պոռթկումները հանդարտվեցին, և նա նույնիսկ ամուսնության առաջարկ արեց իր սիրելիին՝ Թինա Ռեդսեին, որի հետ սիրավեպը տևեց 4 տարի: Թինան հրաժարվեց, քանի որ հասկացավ, որ չի կարող դառնալ այն կինը, որին ցանկանում էր իր կողքին տեսնել Սթիվը, և նրանք բաժանվեցին:

Նույն տարվա հոկտեմբերին Ջոբսը համաձայնեց դասախոսություն կարդալ Սթենֆորդի բիզնես դպրոցում: Դահլիճը գրեթե լի էր, երբ ներս մտան 25-ամյա Լորեն Փաուելն ու նրա ընկերուհին: Աղջիկները ստիպված տեղավորվեցին միջանցքի աստիճաններին։ Ուսուցիչը խնդրեց աղջկան չխախտել կարգն ու նստել առաջին շարքի 1-2 ազատ տեղերից մեկում: Սթիվը նստեց աղջկա ձախ կողմում: Իր ելույթին սպասելիս, Ջոբսը սկսեց զրուցել իր կողքին նստած աղջկա հետ, իսկ Լորենը կատակեց, թե եկել է այստեղ, քանի որ վիճակախաղ է շահել, որի գլխավոր մրցանակը Սթիվ Ջոբսի հետ ընթրելն է։ Նրանք անմիջապես հավանեցին միմյանց։ Շատ տարիներ անց Լորենը խոստովանել է, որ երբ ընկերուհին իրեն կանչել է Apple-ի հիմնադրի դասախոսությանը, նա պատկերացրել է, թե տեսնելու է Բիլ Գեյթսին.

«Ես գիտեի, որ խոսնակը Սթիվ Ջոբսն է լինելու, բայց մտածում էի Բիլ Գեյթսի մասին: Ես շփոթել էի նրանց»։

Դասախոսությունից հետո Ջոբսը դեռ շարունակում էր շփվել ուսանողների հետ և չէր կարողանում աչքը կտրել Լորենից: Երբ հասկացավ, որ անծանոթուհին գնաց, և նրանք կարող են այլևս չտեսնվել, նա վազեց աղջկա հետևից:

«Ներեցեք, Դուք ինչ-որ վիճակախաղի մասին էիք խոսում և որ ես պետք է Ձեզ ընթրիքի հրավիրեմ, հանդիպե՞նք շաբաթ օրը»:

Աղջիկը համաձայնում է ու հեռախոսահամարը փոխանցում ձեռնարկատիրոջը:

«Իսկ միգուցե այսօ՞ր» – վայրկյաններ անց ասում է Ջոբսը:

Իր կենսագրական հուշերում Ջոբսն ավելի ուշ անդրադարձել է իրենց առաջին հանդիպմանը:

«Ես նստած էի մեքենայում ու ինքս ինձ մտածում էի՝ եթե սա լիներ իմ վերջին գիշերը երկրի վրա, ես կնախընտրեի այն անցկացնել գործնական հանդիպմա՞ն, թե՞ այս կնոջ հետ»:

Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ Ջոբսի և Լորենի առաջին ժամադրությունը Պալո Ալտոյի Saint Michael’s Alley ռեստորանում: Ընթրիքը տևեց 4 ժամ. Սթիվն ու Լորենը շատ բան ունեին խոսելու…

Սիրավեպը

Լորենն ու Սթիվը միասին հիանալի ժամանակ էին անցկացնում. նրանք ապրում էին Ջոբսի տանը, Մաունթին-Վյուում, հաճախ պիկնիկների էին գնում ընկերների հետ, ստվարաթղթե թրերով և զրահներով մարտեր էին կազմակերպում տան բակում, հինգշաբթի օրերին դիտում էին ցածրբյուջետային գիտաֆանտաստիկ ֆիլմեր և արտհաուս, և սիրելի ֆիլմերի հերոսներով քարտեր հավաքում:

1 տարի անց՝ 1990 թվականի հունվարի 1-ին Ջոբսն ամուսնության առաջարկություն արեց իր սիրելիին։ Լորենը համաձայնեց։ Բայց նշանադրությունից անմիջապես հետո Սթիվը տարվեց աշխատանքով և դադարեց ուշադրություն դարձնել հարսնացուին։ Աղջիկը երկար համբերեց, բայց սեպտեմբերին որոշեց վերջ տալ հարաբերություններին, որտեղ ակնհայտորեն 2-րդ տեղում էր։ Սակայն Սթիվն արագ ուշքի եկավ և մի քանի շաբաթ անց, նախապես գնելով ամուսնական մատանի, ներողություն խնդրեց: Մի քանի շաբաթ անց նրանք մեկնեցին Հավայան կղզիներ: Տուն վերադառնալուն պես Փաուելն իմացավ, որ հղի է։

Հարսանիքը տեղի ունեցավ 1991 թվականի մարտի 18-ին Յոսեմիթեի ազգային պարկի Ahwahnee հյուրանոցում։ Հյուրերի ցանկում միայն նորապսակների հարազատներն ու մտերիմներն էին՝ մոտ 50 հոգի։

Ամուսնական կյանքը

Հարսանիքից հետո Ջոբսն իր ամբողջ ժամանակն անց էր կացնում ընտանիքի, որդու հետ՝ հրաժարվելով ակտիվ կյանքից: Բայց դա երկար չտևեց. 1995 թվականին աղջկա՝ Էրինի ծննդից հետո Ջոբսը վերադարձավ իր սովորական ռիթմին՝ ընտանիքի խնամքն ամբողջապես թողնելով Լորենի ուսերին: Ասում են՝ Ջոբսը մեծ հույսեր էր կապում փոքր աղջկա հետ՝ Եվայի, և նույնիսկ վստահեցնում էր, որ հենց նա է ղեկավարելու Apple-ը, եթե, իհարկե, չորոշի դառնալ ԱՄՆ նախագահ: Եվան, սակայն, նախընտրեց ձիասպորտը:

Լորենը միայն երեխաների խնամքով չէ, որ զբաղվում էր. նա մարդասիրական գործունեություն էր ծավալում:

Հիվանդութունն ու մահը

2003 թվականի հոկտեմբերին Սթիվ Ջոբսի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ախտորոշեցին։ Ջոբսը երկար ժամանակ հրաժարվում էր վիրահատությունից՝ նախընտրելով այլընտրանքային բժշկության մեթոդները, ինչի համար հետագայում շատ զղջաց… Բայց ոչ ոք չէր կարող համոզել Սթիվին, նույնիսկ ամենամոտ մարդիկ։ Արդյունքում նա, այնուամենայնիվ, համաձայնեց վիրահատության, բայց կորցրեց ամենաթանկը՝ ժամանակը։

Սթիվ Ջոբսը մահացավ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Պալո Ալտո քաղաքի իր տանը՝ շրջապատված ընտանիքով:

Սթիվից հետո…

«Ես նրա հետ եմ մեծացել»,- ամուսնու մահից հետո The New York Times-ին տված հարցազրույցում ասել է Լորեն Փաուել Ջոբսը, – «Մեր միջև շատ-շատ գեղեցիկ և հարուստ կապ էր»:

Լորենը ժառանգել է ամուսնու միլիարդները, բաժնետոմսեր Apple-ում և Disney-ում և այժմ ակտիվորեն ծախսում է դրանք բարեգործական նպատակով: Հիմնադրել է Emerson Collective-ը, որը ներդրումներ է կատարում կրթության և սոցիալական նախաձեռնություններում:

Բացի այդ, Լորենը բաժնետոմսեր է ձեռք բերել մի քանի լրատվամիջոցներում և Washington Wizards բասկետբոլային թիմի և Washington Capitals հոկեյի ակումբի համասեփականատերն է։ Ազատ ժամանակ Փաուել Ջոբսը գնում է արվեստի գործեր (նրա հավաքածուն համարվում է ԱՄՆ-ի լավագույններից մեկը) և մեղվաբուծությամբ է զբաղվում։

Փաուել Ջոբսը երբեք չի հոգնում կրկնել, թե որքան է Սթիվն ազդել իր կյանքի վրա.

«Ես նրանից մի կարևոր դաս սերտեցի. մենք կարիք չունենք ընդունելու աշխարհը, որտեղ ծնվել ենք, որպես անփոփոխ և անթափանց մի բան: Մեր շուրջը ամեն ինչ կազմված է ատոմներից, ինչպես մենք: Եվ նրանք անընդհատ շարժվում են: Էներգիայով և կամքի ուժով, հաստատակամությամբ և կենտրոնացվածությամբ մենք կարող ենք փոխել այս աշխարհը»:

Սթիվ Ջոբսը միշտ դեմ է եղել ժառանգական հարստությանը, հետևաբար նրա երեխաները ստիպված կլինեն ինքնուրույն վաստակել իրենց միլիոնները…

Ամենաընթերցված