Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են հայտնի նկարիչները ստեղծել իրենց հայտնի կտավները: Ոգեշնչման պոռթկումով մի քանի օրում ստեղծված գո՞րծ, թե՞ տարիներ շարունակ ամեն մանրուք կատարելագործած։ Ստույգ պատասխանը երբեք չենք իմանա։ Բայց մի բան հաստատ է՝ շատ արվեստագետներ կարող էին մի վայրկյանում փոխել աշխատանքի վեկտորը և հեռանալ հիմնական գաղափարից։
Մեզ է հասել միայն վերջնական տարբերակը։ Սակայն թանգարանների աշխատակիցների և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մենք հնարավորություն ունենք նայելու անցյալին և տեսնելու, թե իրականում ինչպիսի տեսք պետք է ունենային լեգենդար կտավները:
Ներկայացնում ենք 6 նկար, որոնց վերին շերտի տակ բոլորովին այլ պատկերներ են թաքնված։
Կազիմիր Մալևիչ՝ «Սև քառակուսի»
Մալևիչի «Սև քառակուսու» շուրջ միշտ շատ վեճեր ու քննարկումներ են եղել։ Ոմանք ասում են, որ սա լեգենդար ստեղծագործություն է, մյուսները պնդում են, որ կարող են նկարել նույնը խոհանոցում նստած։
Սակայն 2015 թվականին Տրետյակովյան պատկերասրահի աշխատակիցները նկարի հերթական ուսումնասիրությունն են անցկացրել և պարզել, որ քառակուսու հետևում թաքնված է ևս երկու գործ։ Եվ դրանք պատկանում են գեղանկարչության տարբեր ուղղությունների։ Ամենաստորին շերտը պատկանում է կուբոֆուտուրիզմին, իսկ երկրորդը՝ պրոտոսուպրեմատիզմին։
Լեոնարդո դա Վինչի՝ «Մոնա Լիզա»
Այս առեղծվածային նկարի հետ կապված են բազմաթիվ առեղծվածային պատմություններ ու լեգենդներ։ Դրանցից մեկի մասին հայտնի դարձավ միայն 2015 թվականին, երբ ֆրանսիացի ինժեներ Պասկալ Կոտն ուսումնասիրեց Դա Վինչիի ստեղծագործության ներկի ստորին շերտերը և եզրակացրեց, որ նկարիչն ի սկզբանե բոլորովին այլ կնոջ է նկարել։ Եվ այնտեղ ոչ մի խորհրդավոր ժպիտ չկար։ Ավելին, Կոտը պնդում էր, որ հայտնի դիմանկարն ունեցել է ավելի քան երկու շերտ, և դրանցից մեկը նույնիսկ Մարիամ Աստվածածնին է հիշեցրել։ Շատ փորձագետներ համաձայն չեն այս վարկածի հետ և կարծում են, որ ստորին շերտերը նույն աշխատանքի տարբեր փուլերն են։
Ռեմբրանդտ՝ «Զինվորական կոստյումով ծերունին»
17-րդ դարի հոլանդացի նկարիչը նույնպես երբեմն նկարներ է թաքցրել այլ կտավների շերտերի տակ։ Այդ գործերից է «Զինվորական կոստյումով ծերունին»։ Դեռևս 1968 թվականին գիտնականները հայտնաբերել են նկարի երկրորդ շերտը։ Այնուամենայնիվ, այն ժամանակ դետալները տեսնելու տեխնոլոգիաներ չկային։ Դա հնարավոր եղավ անել միայն 2015 թվականին. հետազոտողները սքանավորեցին դարավոր կտավը և դրա տակ հայտնաբերեցին կանաչ կոստյումով անծանոթ երիտասարդի դիմանկար։
Լեոնարդո դա Վինչի՝ «Կզաքիսով տիկինը»
Պարզվում է, որ Լեոնարդո դա Վինչիի կտավի սկզբնական տարբերակում ամենակարևոր տարրը՝ կզաքիսը, չի եղել։ Այս մասին առաջին անգամ հայտարարել է նույն ֆրանսիացի ինժեներ Պասկալ Կոտը։ Թե ինչու է նկարիչը որոշել նկարին կենդանի ավելացնել՝ հստակ հայտնի չէ, սակայն կա մի քանի վարկած։ Առաջինն այն է, որ կտավի վրա պատկերված է դուքս Լոդովիկո Սֆորցայի սիրուհին, որի տոհմի զինանշանն էր կզաքիսը։ Երկրորդ վարկածի համաձայն՝ աղջիկը հղի է եղել, իսկ կզաքիսը փակել է նրա որովայնը։
Վինսենթ վան Գոգ՝ «Խոտերի շերտ»
2008 թվականին տեխնոլոգիաների օգնությամբ Բելգիայից և Նիդեռլանդներից գիտնականներին հաջողվել է այս նկարի շերտի տակ գտնել անհայտ կնոջ դիմանկար։ Ի դեպ, Վան Գոգը հաճախ էր նկարներ նկարում այլ գործերի վրա։ Եվ նա դա արել է ոչ թե այն պատճառով, որ ցանկանում էր ինչ-որ բան ավելացնել արդեն իսկ եղած կտավներին, այլ պարզապես գումարի սղության պատճառով։
Շատ փորձագետներ ասում են, որ Վան Գոգի աշխատանքների մոտ մեկ երրորդը թաքցնում է այլ նկարներ։
Ռաֆայել Սանտի՝ «Միաեղջյուրով կինը»
Այս նկարի ստեղծման պատմությունը նույնիսկ ավելի խորհրդավոր է, քան բոլոր նախորդները միասին վերցրած։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ միաեղջյուրով կնոջ դիմանկարը նկարվել է 1506 թվականին։ 1760 թվականին այն հիշատակվում է որպես Պերուջինոյի վրձնին պատկանող «Սուրբ Եկատերինա Ալեքսանդրացին» կտավ։ Սակայն հետագայում ապացուցվեց, որ հեղինակը Ռաֆայել Սանտին է։ Սակայն գաղտնիքներն այսքանով չեն ավարտվում: Մինչ առաջին վերականգնումը, միաեղջյուրի փոխարեն, նկարում պատկերված են եղել նահատակ սուրբի պարագաներ։ 1916 թվականին իտալացի արվեստաբան Ջուլիո Կանտալամեսսան հաստատեց, որ այդ ատրիբուտներն ավելացվել են ավելի ուշ։ Եվ միայն 1934-1936 թվականների վերականգնումից հետո հետազոտողները տեսան, որ կտավի վրա միաեղջյուր է նկարված (որն այն ժամանակ մաքրության խորհրդանիշն էր)։
Ի դեպ, «Միաեղջյուրով կինը» պատմության մեջ առաջին կտավն է, որի ուսումնասիրության համար օգտագործվել է ռենտգեն։ Նկարի ուսումնասիրության ընթացքում պարզվել է ևս մի փաստ՝ միաեղջյուրը հայտնվել է ավելի ուշ։ Սկզբնական տարբերակում պատկերված է եղել աղջիկ՝ շունը գրկին։