Սառը ձեռքերը կարող են վկայել ջերմաստիճանի փոփոխության նկատմամբ գերզգայունության մասին, սակայն որոշ դեպքերում մշտապես սառը մատները վկայում են նաև առողջական շատ ավելի լուրջ խնդիրների մասին։ Այս մասին Sputnilk ռադիոկայանի հետ զրույցում ասել է թերապևտ Ալեքսեյ Խուխրևը։
Մասնագետի խոսքով՝ առավել հաճախ սառը ձեռքերից գանգատվում են կանայք։ Եթե մատների սառնություն է նկատվում նույնիսկ ջերմաստիճանի ամենաչնչին անկման դեպքում, ապա անհանգստանալու ոչինչ չկա, սակայն եթե վերջույթներն անսպասելի սկսում են կորցնել զգայունությունը, իսկ որոշ հատվածներ մյուսներից շատ կամ քիչ են սառչում, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին:
«Օրինակ՝ եթե մատները մինչև հոդերը գունատվում են ու մոմի տեսք են ստանում, մինչդեռ ձեռքի մյուս հատվածները նորմալ գույն ու ջերմաստիճան են ունենում։ Որպես կանոն ջերմաստիճանի նման կտրուկ անկումն ուղեկցվում է ցավոտ զգացողություններով։ Այսինքն՝ մարդն իսկապես ցավ է զգում, քանի որ տեղի է ունենում անոթների սպազմ, որը, որպես կանոն, պայմանավորված է ռևմատոիդ հիվանդությամբ», – նախազգուշացրել է բժիշկը։
Բացի այդ, ռևմատոլոգի կամ նյարդաբանի հետ խորհրդակցելու լուրջ պատճառ է նաև միայն մի ձեռքի սառնությունը։ Բանն այն է, որ նման ախտանշանը կարող է պայմանավորված լինել անոթների հետ կապված խնդրով, ինչն անտեսելը շատ վտանգավոր է։