Վեց ամիս անց մարդկանց ուղեղում կարող են տեղադրվել Neuralink չիպերը
Դիտումներ՝ *
15:13 2022-12-06

Իլոն Մասկի Neuralink ընկերությունը շնորհանդես է անցկացրել։ Գործարարն ասաց, որ չիպերի մշակման գործընթացին՝ մարդկային առաջին փորձարկման համար, «վեց ամիս» է մնացել: Ընկերությունն արդեն հասցրել է փաստաթղթերի մեծ մասը ներկայացնել պետական ​​կարգավորող մարմնին։

Իլոն Մասկը ելույթ է ունեցել Show and Tell միջոցառման ժամանակ, որտեղ ասել է, որ Neuralink-ն անհրաժեշտ փաստաթղթերի մեծ մասը ներկայացրել է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչություն՝ կլինիկական փորձարկումներ սկսելու համար: Մարդկանց առաջին փորձարկումները կարող են սկսվել առաջիկա վեց ամսվա ընթացքում:

Neuralink-ը նպատակ ունի ստեղծել չիպեր, որոնք կարող են տեղադրվել ուղեղում: Դրանց օգնությամբ օգտատերերը կկարողանան կառավարել սմարթֆոնը կամ համակարգիչը՝ օգտագործելով ուղեղի ակտիվությունը։ 2019 թվականին ընկերությունը սկսել է փորձարկումներ կատարել կապիկների վրա, իսկ 2020 թվականին՝ խոզերի վրա։ Show and Tell շնորհանդեսի ժամանակ կապիկներից մեկն իմպլանտի միջոցով ողջույնի հաղորդագրություն է տպել էկրանին: Ընկերությունը նաև տեսանյութ է ցուցադրել, թե ինչպես է կապիկը լիցքավորում իր չիպը՝ նստած անլար լիցքավորիչի տակ։

Այժմ ընկերությունը շարունակում է աշխատել արդիականացման արդյունավետ միջոցի վրա: Մասկը նշել է, որ Neuralink-ը չիպերն արագ թարմացնելու միջոց պետք է ունենա, քանի որ օգտատերերը «չեն ցանկանա, որ iPhone 1-ն իրենց գլխում լինի, երբ iPhone 14-ն արդեն շուկայում լինի»:

Շնորհանդեսի ավարտին ընկերությունից հայտնեցին, որ արտադրանքի մշակման փուլն արդեն ավարտված է, և մոտ ապագայում կսկսվի վերջնականացման և թողարկման գործընթացը։

Սիրարփի Աղաբաբյան

168.am

Ամենաընթերցված