Ավարտվեց «Գահերի խաղը» սիրված հեռուստասերիալի պրիքվելի՝ «Վիշապի տունը» սերիալի առաջին սեզոնը, իսկ երկրորդ սեզոնի թողարկումը նախատեսված է 2024 թվականին։ Բայց մինչ այդ չեք հասցնի ձանձրանալ․ նկարահանվել է «Տունը, որը կառուցել են Վիշապները» վավերագրական ֆիլմաշարը, որը նվիրված է այս էպիկական ֆենթըզիի բարդ նկարահանումներին։
Ներկայացնում ենք ամենահետաքրքիր կուլիսային մանրամասները․
«Վիշապի տան» համար կառուցվել է ամբողջական դեկորացիա
Շոուն ստեղծողները՝ Միգել Սապոչնիկը և Ռայան Քոնդալը, հստակ ակնկալում էին, որ շոուն կմնա HBO-ի եթերում մի քանի տարի: Հետևաբար, դեկորացիաները ստեղծել են այնպես, որպեսզի դրանք օգտագործելի լինեն նաև հաջորդ սեզոնների նկարահանման ժամանակ: Նկարահանող թիմը կառուցել է Կարմիր ամրոցի տպավորիչ ինտերիերը, որն ունի 62 մետր երկարություն, 39 մետր լայնություն, 13,5 մետր բարձրություն: Դրանք միանգամից մի քանի ընդարձակ սենյակներ են, որոնք տեղակայված են մեկ շենքում, որպեսզի դերասանները կարողանան տեղափոխվել մի սենյակից մյուսը, իսկ տեսախցիկը կարող է նկարահանել բոլոր ուղղություններով՝ առանց կանաչ էկրան օգտագործելու։
Ի դեպ, առաջին դրվագից արքայական մրցաշարի հրապարակը նույնպես Կոլիզեումից ոգեշնչված լայնածավալ շենք է։
Նկարահանումների ժամանակ ակտիվորեն օգտագործվել է The Volume տեխնոլոգիան
Դերասանների համար բավականին դժվար է նկարահանվել քրոմեյքի ֆոնին և պատկերացնել, որ շուրջը հոյակապ լեռներ են կամ հոյակապ ամրոց, հետարտադրական փուլում դա լրացուցիչ գլխացավանք է: Հետևաբար, «Վիշապի տան» ստեղծողներն օգտագործել են The Volume-ը՝ լուսադիոդային էկրանների տեսապատը, որի վրա իրական ժամանակում ցուցադրվում է ֆոնային պատկեր: Այս տեխնոլոգիայի օգնությամբ նրանք, օրինակ, երկրորդ դրվագում նկարահանել են Դեյմոն Թարգարիենի (Մեթ Սմիթ) և Օտտո Հայթաուերի (Ռիս Իվանս) էպիկական հանդիպումը։ Կամրջի մի կտորը, որի վրա նրանք կանգնած են, իրական դեկորացիա է, բայց նույն կամրջի շարունակությունը, Վիշապաքարը և շուրջը գտնվող հիասքանչ ծովանկարները, դա արդեն The Volume է:
Միգել Սապոչնիկը կարծում է, որ այս տեխնոլոգիան ֆիլմարտադրության ապագան է, քանի որ այն դերասաններին թույլ է տալիս զգալ շրջապատը։
Նկարահանող խումբը ստիպված է եղել մաքրել միջնադարյան ամրոցը թռչնաղբից
Սապոչնիկն ահավոր հոգնել էր Բելֆաստից, որտեղ նկարահանվել է «Գահերի խաղի» մեծ մասը։ Ուստի նա սիրով գնաց Իսպանիա՝ նկարահանելու Պենտոսը (վեցերորդ դրվագ)։ Պենտոսական արքայազն Ռեջիոյի կեցավայրը հին մավրիտանյան ամրոց է, որը «Վիշապի տան» թիմը ջանասիրաբար մաքրել է թռչնաղբից:
Սա միակ իրական շենքը չէ, որն օգտագործվել է սերիալի նկարահանումների համար։ Օրինակ, Վիշապաքարը նկարահանվել է Մոնսանտու պորտուգալական բլրի գագաթին, որտեղ կանգնած է համանուն ամրոցը:
Ինչպես են ստեղծվել կոստյումները և ինչն է ոգեշնչել նրանց
Սերիալի զգեստների գլխավոր դիզայները Ջենի Թեմիմն է, որը մինչ այս աշխատել է Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի վրա: Նա պատմել է, որ յոթերորդ էպիզոդի եզրափակիչի ամուսնության արարողությունը պետք է շատ հին բանի տպավորություն թողներ, ուստի Ռեյնիրան (Էմմա Դ՛Արսի) և Դեյմոնը հագել են կիմոնոյից ոգեշնչված կոստյումներ: Իսկ երիտասարդ Ռեյնիրայի (Միլլի Օլքոք) շքեղ հանդերձանքը հիշեցնում է միջնադարյան Ֆրանսիան, բայց բյուզանդական տարրերով։ Այս բոլոր զգեստները ստեղծվել և հորինվել են մի քանի շաբաթվա ընթացքում։ Ջանքերի մեծ մասն ուղղվել է Դեյմոնի բարդ զրահի ստեղծմանը, որտեղ նա մրցաշարի է մասնակցում նորաձև սև հանդերձանքով և վիշապաձև սաղավարտով: Այն մտածել են 4 ամիս, պատրաստել՝ 8-10 շաբաթում, իսկ զրահի վրա աշխատել է միանգամից 12 մարդ։
3D տպիչները հեշտացնում են թիմի կյանքը
Վիզերիս արքան տարված է կորած քաղաքակրթությունների պատմությամբ, իսկ ազատ ժամանակ հավաքում է հին Վալիրիայի մոդելը։ Դժվար է պատկերացնել, թե որքան ժամանակ կպահանջվեր ռեկվիզիտորներից և դեկորատորներից սա ձեռքով հավաքելու համար: Սակայն օգնության են հասել 3D տպիչները. երկու ամիս է պահանջվել շենքերի հարյուրավոր մոդելներ տպելու համար: Ի դեպ, նրանց օգնությամբ ստեղծվել են կարևոր դետալներ։ Օրինակ՝ Վիզերիսի գավազանը կամ Էյգոն Նվաճողի թագը։ Վերջինը սկզբում տպվել է տպիչի վրա, պոլիմերը պատել են պղնձի շերտով, այնուհետև մետաղով և նիկելով, իսկ հետո ներկել։
Կրագհաս Դրահարի հետ ճակատամարտը սեզոնի ամենադժվար մարտական տեսարանն էր
Երրորդ էպիզոդի ռեժիսոր Գրեգ Յայտանսը Դեյմոնի և Կրագհաս Դրահարի մարտի տեսարանը համեմատել է «Գահերի խաղի» բաստարդների ճակատամարտի հետ (ի դեպ, այդ լեգենդար դրվագը նկարահանել է Սապոչնիկը)։ Իսկ շոուն ստեղծողները դա համեմատել են Վիետնամի պարտիզանական պատերազմի հետ: Տեսարանը շատ դաժան է ստացվել, օրինակ՝ կասկադյորներին իսկապես այրել են: Դիտարժան մարտերի համար հորինվել են խորամանկ զենքեր, որոնց մեջ արհեստական արյուն են լցրել, որը հարվածելիս հեղուկ է ցողել։ Շատ հավաստի է ստացվել։