Իսրայելական ընկերությունը սկսել է 3D տպագիր սաղմոն արտադրել ռեստորանների համար
Դիտումներ՝ *
23:00 2022-11-09

Իսրայելական Plantish ընկերություն սկսել է ռեստորաններին մատակարարել 3D տպագրությամբ բուսական հիմքով սաղմոն:

Ընկերությունը մտադիր է էապես նպաստել սննդի արդյունաբերության ձևերի փոփոխությանը, մասնավորապես՝ մարդկության կողմից ձկնատեսակների սպառման մասով: Ընկերության հիմնադիրները հույս ունեն, որ նոր տեխնոլոգիան կօգնի փրկել ձկների պոպուլյացիան:

Արտադրության համար ստարտափն օգտագործում է բուսական բաղադրիչներ, որոնք հարստացված են սպիտակուցներով և օմեգա-3-ով՝ իրական ձկների հետ համեմատելի համամասնություններով։ Արտադրողները նշում են, որ իրենց ձուկը ներառում է բոլոր սպիտակուցներն ու հիմնական սննդանյութերը, սակայն զերծ է սնդիկից, միկրոպլաստիկներից և օվկիանոսում տարածված այլ աղտոտող նյութերից:

Ըստ ընկերության ներկայացուցիչների, սաղմոնի արտադրությունը միայն առաջին քայլն է սննդի արդյունաբերության արդիականացման ուղղությամբ։ Նրանց ծրագրերը ներառում են բոլոր տեսակի ձկների ստեղծումը, որոնք վաճառվում և սպառվում են ֆիլեի տեսքով։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ ձկան համաշխարհային սպառումը 2018 թվականին կազմել է 179 միլիոն տոննա և նախատեսվում է, որ 2030 թվականին կհասնի 204 միլիոն տոննայի։ Այս փոփոխությունը էական ազդեցություն կունենա օվկիանոսների զարգացման վրա և կարող է բնապահպանական խնդիրներ ստեղծել, եթե ձկնատեսակների որսը շարունակվի մեծանալ։

Նշենք նաև, որ 2018 թվականին ձկան համաշխարհային արտադրության մոտ 88%-ը (156 մլն տոննա) օգտագործվել է մարդու ուղղակի սպառման համար։ Մնացած 12%-ը (22 մլն տոննա) օգտագործվել է ոչ պարենային նպատակներով, որի 82%-ը (կամ 18 մլն տոննան) օգտագործվել է ձկան ալյուրի և ձկան յուղի արտադրության համար։

Ամենաընթերցված