Հանրահայտ կտավների շարքում ամենավիճահարույցներից մեկը՝ հոլանդացի վարպետ Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» (Het meisje met de parel, 1665), դրա շուրջ շահարկումների և վեճերի քանակով կարող է միայն համեմատվել Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդայի» հետ։ Կտավում աղջիկ է, որը գլխաշոր և բավականին մեծ մարգարտե ականջօղ է կրում։
Կտավի հեղինակը Յան Վերմեերն է, այն վարպետի՝ մինչ օրս պահպանված 34 կտավներից մեկն է, որը ոչ միայն հեղինակի կարևորագույն ստեղծագործությունն է, այլև հոլանդական գեղանկարչության պատմության ամենաառեղծվածային կտավներից մեկը։
Գլխաշորով աղջկա գաղտնիքը
Վառ հույզեր, գլխաշոր, մեծ ականջօղ, ինչպես նաև աշխույժ, դինամիկ կեցվածք. այս ամենն այնպիսի տպավորություն է ստեղծում, ասես աղջիկը պարզապես մի վայրկյանով շրջվել էր նայելու նկարչին։
Թվում է՝ հեռավոր ժամանակներում գլխաշորն ընդունված չէր որպես գլխազարդ օգտագործելու համար: Բայց դա այդպես չէ շնորհիվ սուլթան Սուլեյմանի, որն ակտիվորեն նվաճել է Եվրոպան 17-րդ դարում: Այն ժամանակ նորաձևությանը հետևողներն աջակցեցին էկզոտիկ նմուշի օգտագործմանը: Սակայն նկարում պատկերված չալման տարբերվում է դասականից իր գույներով, ինչը նույնպես խոսում է դրա անսովոր լինելու մասին։
Հաջորդ անսովոր դետալն ականջօղն է: Ավելի ճիշտ՝ ականջօղի անսովոր ձևն ու դրանում մարգարտի չափը։ Մասնագետներն ասում են, որ նման չափսի քար բնության մեջ չի հանդիպում։ Ի դեպ, նմանատիպ ականջօղ է պատկերված Վերմեերի ևս 8 կտավում՝ «Մարգարտյա վզնոցով կինը» (Vrouw met parelsnoer, 1662—1665), «Լյուտնյայով կինը» (Donna con liuto, 1663) և «Կինը, նամակը և աղախինը» (Fantesca che porge una lettera, 1667):
Դիմանկարի գլխավոր առեղծվածը
Գոյություն ունեն մի շարք ենթադրություններ, որոնք հիմնված են նկարչի մասին պահպանված քիչ տեղեկությունների վրա։ Դրանցից առաջինն ու նաև ամենահայտնին այն է, որ նկարում պատկերված է Վերմեերի դուստրը՝ Մարիան։ Այնուամենայնիվ, աղջկա տարիքը կասկածի տակ է դնում այս փաստի հավաստիությունը: Այդ ժամանակ նա ընդամենը 12 տարեկան էր, իսկ դիմանկարի հերոսուհին մի փոքր ավելի մեծ տեսք ունի։
Ի դեպ, Մարիան ընկերուհի ուներ՝ բարերար Ռյույվենի դուստրը, որն էլ հովանավորում էր Վերմեերին։ Այդ օրիորդը նույնպես կարող էր լինել դիմանկարի հերոսուհին, բայց նա վարպետի դստեր տարիքին էր․․․
Երկրորդ ենթադրությունն այն է, որ Վերմեերը նկարում պատկերել է իր կնոջը՝ Կատարինա Բոլնեսին։ Այս դեպքում հերոսուհու տարիքը կրկին կասկած է առաջացնում։ Նկարիչը հաճախ էր հրավիրում իր գեղեցկուհի կնոջը որպես մոդել աշխատելու։ Ենթադրվում է, որ Կատարինան կեցվածք է ընդունել «Կշեռք բռնած կինը» (Vrouw met weegschaal, 1663) և «Աղջիկը, որը նամակ է կարդում բաց պատուհանի մոտ» (Brieflezend meisje bij het venster, 1657) նկարների համար։ Սակայն «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի ստեղծման ժամանակ նկարչի կինն այդքան երիտասարդ չէր:
Ըստ մեկ այլ ենթադրության՝ կտավում վարպետի սիրուհին է։ Սակայն այստեղ կան մի շարք հակասություններ, այս դեպքում դրանք կապված չեն հերոսուհու տարիքի հետ։ Պատմաբանների կարծիքով՝ Վերմեերը, ամենայն հավանականությամբ, հավատարիմ է եղել իր կնոջը: 15 երեխաների առկայությունը դժվար թե կասկածի տակ դնի նրանց զգացմունքների անկեղծությունը։
Վերջին տարբերակը ենթադրում է, որ «Մարգարտյա ականջօղով աղջիկը» կտավի հերոսուհին սպասուհին էր։ Այս ենթադրությունը բավականին տարածվել է շնորհիվ աղմկահարույց վեպի և դրա հիման վրա նկարահանված ֆիլմի։ Սակայն կենսագիրներն այն իրատեսական չեն համարում. 17-րդ դարում դասակարգային բաժանումը բավականին խստորեն կարգավորում էր ծառայողների դիրքը։ Քիչ հավանական է, որ այդքան մեծ ընտանիքում սովորական աղջիկը կարող էր այդքան մոտ լինել տիրոջը։
Ամերիկացի գրող Թրեյսի Շևալյեի «Մարգարտե ականջօղով աղջիկը» վեպը 17-րդ դարի իրադարձությունների ազատ մեկնաբանությունն է, որի արդյունքում նկարվել է այս սենսացիոն դիմանկարը։ Ու թեև գրքի հեղինակն ընդգծում է, որ իրականության հետ ցանկացած համընկնում պատահականություն է, լսարանին այդ վարկածն է ամենից շատ դուր եկել:
Համանուն ֆիլմը
Ռեժիսոր Փիթեր Ուեբերը 2003 թվականին ֆիլմ է թողարկել համանուն վեպի հիման վրա: Գլխավոր դերը խաղացել է Սքարլեթ Յոհանսոնը։ Կինոնկարը հաջողություն ունեցավ կինովարձույթում՝ միգուցե հենց դերասանուհու շնորհիվ։ Հաջողությանը նպաստել է նաև պատմական ճշգրտությունը. կինոարտադրողները չեն խնայել ռեկվիզիտների և զգեստների վրա՝ փորձելով ճշգրիտ վերարտադրել 17-րդ դարի հոլանդական քաղաքի ամբողջ տեսքը, ինտերիերն ու փողոցները:
Ռոմանտիկ այս հեքիաթը չի տալիս հարցի պատասխանը, թե ով է թաքնված նկարում պատկերված կերպարի ետևում՝ Վերմեերի դուստրը, թե՞ նրա ընկերուհին, նրա կի՞նը, սիրուհի՞ն, սպասուհի՞ն, թե՞ գուցե մեկ ուրիշը: Հավանաբար, այս գաղտնիքը երբեք չի բացահայտվի, ինչպես հայտնի չի դառնա, թե ինչ է թաքցնում Ջոկոնդոյի խորհրդավոր ժպիտը:
Vnews.am