Մարգարեթ Թետչեր. նպարավաճառի աղջկանից Երկաթե լեդի
Դիտումներ՝ *
19:50 2022-10-21

Մարգարեթ Թետչերը սիրում էր ամեն ինչում լինել առաջինը։ Առաջին կինը, որը գլխավորել է Մեծ Բրիտանիան, առաջին վարչապետը, որը երեք անգամ անընդմեջ հաղթել է ընտրություններում, առաջին բրիտանացի քաղաքական գործիչը, որն իշխանության է մնացել ռեկորդային 11,5 տարի։

Նրա նկատմամբ վերաբերմունքը դեռևս հակասական է հայրենիքում. ոմանց համար նա շարունակում է մնալ «ազգի մայրը», ոմանց համար՝ «Կախարդ Թետչերը»։ Բայց մի հարցում այսօրվա բրիտանացիները բացարձակապես միակարծիք են՝ բարոնուհու անհատականության և ժառանգության նկատմամբ անտարբեր չէ ոչ ոք:

1925 թվականի հոկտեմբերի 13․ Նպարավաճառի դստեր ծնունդը

Բրիտանիայի ամենահզոր կինը ծնվել է Լինքոլնշիր կոմսության փոքրիկ քաղաքում՝ բանջարեղեն վաճառողի ընտանիքում: Թետչերի շատ կենսագիրներ հումորով ասում են, որ նման պայմաններում ծնված Մարգարեթը պետք է ավելի շատ լեյբորիստ դառնար, քան պահպանողական։ Այնուամենայնիվ, մանկության տարիներին աղջկա հայրը՝ Էլֆրիդ Ռոբերթսը, սկսեց ակտիվորեն ընտելացնել նրան Թորի արժեքներին (Toryism)՝ հատկապես շատ խոսելով շուկայական տնտեսության առավելությունների մասին։ Մարգարեթը «հայրիկի աղջիկ» էր (տնային տնտեսուհի մոր կյանքն ամենևին չէր գրավում աղջկան). հոր հետ նրանք հաճախում էին համալսարանական դասախոսությունների, կարդում գրքեր և ռադիոյով լսում քաղաքական հաղորդումներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ուինսթոն Չերչիլը դարձավ Մարգարեթի հերոսը. նրա հզոր ելույթներն ու ձեռքբերումներն ի շահ Մեծ Բրիտանիայի ոգեշնչում էին աղջկան մտնելու քաղաքականություն:

Հայրը Մարգարեթին սովորեցնում էր քրտնաջան աշխատել և անկախ լինել հասարակական կարծիքից: Մարգարեթը չուներ ուսման նկատմամբ փայլուն ունակություններ, սակայն, այնուամենայնիվ, նա ավարտեց դպրոցը որպես լավագույն աշակերտ՝ շնորհիվ իր համառության և կարգապահության։

«Ոչ, ոչ թե իմ բախտը բերեց, այլ ես արժանի էի դրան», – ասել է 9-ամյա Մարգարեթը դպրոցական մրցումներում հաղթելու ժամանակ:

1943․ Քիմիկոսի կարիերան

Մարգարեթն ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Նա քիմիա սովորեց ապագա Նոբելյան մրցանակակիր Դորոթի Հոջկինի ղեկավարությամբ, բայց շուտով հիասթափվեց իր ընտրությունից՝ որոշելով, որ պետք է զբաղվեր իրավաբանությամբ։

Ի դեպ, Թետչերն ամենևին էլ չէր մոռացել քաղաքականության մասին. Հավատարիմ մնալով իր հոր խորհուրդներին՝ նա դարձավ այն քչերից մեկը, որը որոշեց միանալ ​​Օքսֆորդի Պահպանողական ասոցիացիային: Մի քանի տարի անց Մարգարեթը դարձավ ասոցիացիայի առաջին կին նախագահը:

Համալսարանն ավարտելուց հետո Մարգարեթը որոշեց զբաղվել իր մասնագիտությամբ՝ մի քանի տարի աշխատելով պլաստիկ արտադրող ընկերությունում։

1950․ Երիտասարդ Մարգարեթը խորհրդարանում

Համալսարանն ավարտելուց հետո Մարգարեթը տեղափոխվեց Դարտֆորդ քաղաք, որտեղ 24 տարեկանում առաջին անգամ փորձեց դառնալ խորհրդարանի անդամ: Տեղի պահպանողականները հաստատեցին նրա թեկնածությունը, բայց, ավաղ, աղջիկը չկարողացավ հաղթել 1950 թվականի ընտրություններում, քանի որ Դարտֆորդն ավանդաբար քվեարկում էր լեյբորիստների օգտին:

Անհաջողությունը ծանր հարված հասցրեց Մարգարեթի ինքնագնահատականին, բայց հանձնվելը նրա մասին չէր: Առավել ևս, որ այդ նույն թվականին աղջիկը վերջապես հանդիպեց իր կուռքին՝ Ուինսթոն Չերչիլին, որը վերադարձրեց նրան իր հանդեպ ինքնավստահությունը: Մարգարեթը դիմեց իրավաբանական ֆակուլտետ, իսկ երկու տարի անց ամուսնացավ 33-ամյա հարուստ գործարար Դենիս Թետչերի հետ և երկվորյակ ունեցավ: Դենիսը հովանավորում էր նրա կրթությունը և ապագա քաղաքական արշավները: Շատերն ասում էին, թե նա հաշվարկով է ամուսնացել գործարարի հետ, որպեսզի նա հովանավորի իր կրթությունն ու արշավները։

Հաջորդ ընտրություններում Մարգարեթը կրկին ձախողվեց։ Պատճառը չափազանց պարզ էր. ընտրողները կարծում էին, որ երիտասարդ մայրը չի կարող առաջադրվել որպես պատգամավոր, նա պետք է հոգա իր ընտանիքի մասին:

«Հուսով եմ, որ շուտով մենք կտեսնենք ավելի շատ կանանց, որոնք համատեղում են ընտանիքն ու կարիերան» (Մարգարեթ Թետչեր, 1952 թվական):

1959․ Խորհրդարանի ամենաերիտասարդ (նաև կին) պատգամավորը

Երեխաներին մեծացնելոուց և գիշերօթիկ դպրոց ուղարկելոուց հետո Մարգարեթը կրկին փորձեց մտնել խորհրդարան։ Եվ այս անգամ նրան հաջողվեց: Նախ այն պատճառով, որ պահպանողականներն այդ ժամանակ երկրում իշխանության ղեկին էին, նաև պատճառով, որ Թետչերին մեծամասամբ ընտրեցին Ֆինչլի շրջանի՝ Թորի……….

1970․ Կաթի գողը

Լեյբորիստական ​​կուսակցությունից մի շարք պարտություններից հետո վերջապես 1970 թվականին պահպանողականները՝ Էդվարդ Հիթի գլխավորությամբ, կրկին իշխանության եկան: Հիթը Մարգարեթին նշանակեց կրթության նախարար։ Այսպես սկսվեց Թետչերի կարիերան մեծ քաղաքականությունում: Համայնքների պալատի ղեկավար Ուիլյամ Ուայլթրոուն այդ առիթով ասել է.

«Քանի որ նա արդեն այստեղ է, մենք երբեք չենք ազատվի նրանից»:

Թետչերն ամենայն պատասխանատվությամբ և վճռականությամբ ստանձնում է իր պարտականությունները՝ նախ կրճատելով կրթության բյուջեն։ Բայց, թերևս, նրա ամենավիճահարույց և սկանդալային հրամանագիրը հարուստ ընտանիքներից դպրոցականների համար նախաճաշի ընթացքում հատկացվող 1 բաժակ կաթի տրամադրման վերացումն էր: Այս քայլի համար մամուլը նրան հեգնանքով անվանեց «Կաթ գողացող Թետչեր»: Թերևս սա նրա առաջին ձախողումն էր, քանի որ կաթի խնայողությունն առանձնապես չի ազդել պետական ​​բյուջեի վրա, իսկ ժողովրդական վրդովմունքը դեռ երկար ժամանակ հետապնդեց պահպանողական կուսակցությանը։

«Այս փորձից ես մի դաս քաղեցի. ես հրահրեցի առավելագույն քաղաքական ատելություն՝ նվազագույն քաղաքական օգուտներով» (Թետչերը՝ «կաթի» սկանդալի մասին)

1974 թվականին Էդվարդ Հիթի կառավարությունը ջախջախիչ պարտություն կրեց ընտրություններում։ Մարգարեթն ընդունեց սա որպես վճռական գործողությունների դիմելու ազդանշան: Առանց վարանելու՝ Թետչերն առաջադրեց իր թեկնածությունը կուսակցության ղեկավարի պաշտոնում։

1979 թվականի մայիսի 4․ Առաջին կին վարչապետը

Չորս տարի անց Մարգարեթ Թետչերը վերջապես իրականացրեց իր՝ մանկության թերևս ամենագլխավոր երազանքը։ Ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ նրան հաջողվեց լեյբորիստ Ջ. Քալագենից խլել վարչապետի պաշտոնը և սկսել իր 11-ամյա կառավարումը:

«Ցանկացած կին, որը ծանոթ է տնային տնտեսության խնդիրներին, ավելի լավ է գլուխ հանում երկրի կառավարման խնդիրներից»։

1980․ «Տիկնայք չեն շրջվում»

Չնայած Թետչերի՝ ազատ շուկայի սկզբունքների ներդրմանն ուղղված ջանքերին, երկրի տնտեսությունն անկում էր ապրում: Քննադատները հորդորում էին վարչապետին փոխել սկզբունքները 180 աստիճանով, սակայն Մարգարեթն անդրդվելի էր և հաճախ էր ասում, որ այսպես ճիշտ է:
«Եթե ուզում եք, կարող եք շրջվել։ Կանայք չեն շրջվում»:

1982․ Ֆոլկլենդյան պատերազմը

Թետչերի վարչապետության ժամկետը մոտենում էր ավարտին, իսկ ներքին բարեփոխումները ոչ մի դրական արդյունք չէին տալիս։ Ժողովրդի գիտակցության մեջ նա մնում էր որպես «Կախարդ Թետչեր», որը նրանցից գողացավ կաթն ու աշխատատեղերը: Սա, իհարկե, լավագույն արդյունքը չէր երկրորդ ժամկետով վերընտրվելու համար:

Սակայն բախտը ժպտաց կնոջը:

1982 թվականին Արգենտինան ագրեսիա է հրահրում հեռավոր Ֆոլքլենդյան կղզիների նկատմամբ (սրանք բրիտանական տարածքներ են, որոնք գտնվում են Արգենտինայից ոչ հեռու): Բուենոս Այրեսը ցանկանում էր յուրացնել այդ տարածքները, որտեղ հիմնականում ապրում էր Արգենտինայի բնակչությունը, և բրիտանական կառավարությունը պատրաստ էր գնալ այդ քայլին՝ պատերազմ չսկսելու համար։ Դա, իհարկե, տարածքներ աջուձախ նվիրելու նպատակ չէր հետապնդում, պարզապես Ֆոլքլենդյան կղզիների պահպանումը հեշտ չէր․․․

Բայց Մարգարեթն այլ կարծիքի էր։ Դա հիանալի հնարավորություն էր բրիտանացիներին ցույց տալու, որ նա պատրաստ է դառնալ նրանց «երկրորդ Չերչիլը»։ Անկախ ծախսերից (իսկապես, ավելի էժան կլիներ արգենտինացիներին տալ մոռացված հողերը), Մարգարեթը նավատորմ ուղարկեց Ատլանտյան օվկիանոսից այն կողմ և պատերազմ մղեց, որը նրանք, իհարկե, հաղթեցին: Թետչերը բրիտանացիներին վերադարձրեց իրենց հպարտությունը՝ արթնացնելով հետիմպերիալիստական ​​ժողովրդի փառասիրությունը, որը, բնականաբար, պետք է գլխավորեր ինքը։

Պատերազմից հետո շուկան ուշքի եկավ. ցանկացած բրիտանացի սեփականաշնորհված ընկերությունների բաժնետոմս ուներ, գրեթե ոչ ոք բաց չթողեց սեփական տունը գնելու հնարավորությունը, և Լոնդոնն այն ժամանակ իրապես դարձավ աշխարհի ֆինանսական մայրաքաղաքը։

Բնավորության ամրության համար Մարգարեթին անվանեցին «Երկաթե լեդի», բայց, թերևս, ոչ ոք նրանից նման քայլ չէր սպասում։

Արհմիությունները մեծ կշիռ ունեին Մեծ Բրիտանիայում, բայց ոչ Թետչերի աչքին: Իսկ երբ բրիտանացի հանքափորները որոշեցին գործադուլ անել՝ ի պատասխան մի քանի հանքերի փակման, Մարգարեթն աննախադեպ որոշում կայացրեց. ոստիկանական մեծ ջոկատները կրակոցներով ու ծեծով ցրեցին ցուցարարներին։ Հանքափորների հետ պատերազմը տևեց մոտ մեկ տարի, և Թետչերը ոչ մի անգամ չցանկացավ զիջումների գնալ։ Նա հաղթեց: Բայց վերջնականորեն կորցրեց բանվոր դասակարգի աջակցությունը։

1990․ Ճակատագրական սխալ

Թետչերը կարող էր դեռ երկար ժամանակ ղեկավարել Մեծ Բրիտանիան, եթե չլիներ բանական մարդկային գործոնը՝ հոգնածությունը։ Նրա ցանկացած նախաձեռնություն միայն զայրույթ էր առաջացնում ժողովրդի մոտ: Վերջին կաթիլը Թետչերի նոր հարկերն էին հանրային հարցումների համար: Ավելի քան հարյուր հազար մարդ բողոքի ցույցերով դուրս եկավ Լոնդոնի փողոցներ, ոստիկանները բռնի ուժով ցրեցին ցույցերը, ինչպես նախորդ անգամ:

1990 թվականի նոյեմբերին Թետչերի գրեթե ամբողջ կաբինետը դեմ գնաց նրա ղեկավարությանը։ Դա դավաճանություն էր. նրա հետ վարվեցին մոտավորապես այնպես, ինչպես նա վարվեց Էդվարդ Հիթի հետ, երբ իր թեկնածությունն առաջադրեց վարչապետի պաշտոնում: Եվ, ինչպես նախկինում Հիթը, այնպես էլ «Երկաթե լեդին» ոչինչ չուներ հակադրելու իր կուսակից գործընկերներին, որոնք երես էին թեքել նրանից:

Թետչերը հրաժարական տվեց:

«Դա դավաճանություն էր՝ ժպտացող դեմքով» (Մարգարետ Թետչեր)

2007․ Լեգենդ կենդանի ժամանակ

2007 թվականին Թետչերը պատիվ ունեցավ դառնալու առաջին ողջ նախկին վարչապետը, որի պատվին խորհրդարանի շենքում հուշարձան կանգնեցվեց։ Խորհրդանշական է, որ նրա արձանը տեղադրված է հենց Ուինսթոն Չերչիլի արձանի դիմաց։

Մարգարեթ Թետչերը մահացել է 87 տարեկանում, սրտի կաթվածից: Նրա մահը (ինչպես, ըստ էության, նրա կառավարումը) տարբեր արձագանքներ առաջացրեց. ինչ-որ մեկն ուրախացավ՝ «Կախարդը մեռավ» կարգախոսներով, ինչ-որ մեկն, ընդհակառակը, հայտարարեց մի ամբողջ դարաշրջանի ավարտի մասին․․․

Ամենաընթերցված