Օգո՞ւտ թե՞ վնաս. ինչպե՞ս է կարմիր միսն ազդում մեր օրգանիզմի վրա
Դիտումներ՝ *
13:11 2022-12-17

Վերջին ժամանակներս կարմիր մսի նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունք կա, սակայն քննադատության մեծ մասը, ըստ marieclaire.ru կայքի՝ հիմնավորված չէ:

Կարմիր մսի օգտակարության կամ վնասակարության մասին վեճերը չեն դադարում մինչ օրս՝ ինչպես բժիշկ-սննդաբանների, այնպես էլ՝ սովորական մարդկանց շրջանում:

Միսը և քաղցկեղը

Կարմիր միս ասելով՝ պետք է նկատի ունենալ խոզի, տավարի, հորթի, ոչխարի, գառան, այծի և ձիու միսը: Գիտնականները բազմաթիվ հետազոտություններ են անցկացրել՝ բացահայտելու համար, թե արդյո՞ք սննդի մեջ կարմիր մսի օգտագործումն առողջության համար վնասակար է: Այսպես, օրինակ, պազվել է, որ սննդակարգում կարմիր մսի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է հաստ աղու քաղցկեղի զարգացման վտանգը, բայց այդ վտանգը այնքան բարձր չէր, որ մարդկանց խորհուրդ տրվեր առհասարակ հրաժարվել դրանից: Կարմիր միսը համարվեց «հավանաբար քաղցկեղածին», քանի որ վիճակագրորեն քաղցկեղի ու կարմիր մսի կապը չհաստատվեց:

Հարցականի տակ է նաև ենթաստամոքսային գեղձի և շագանակագեղձի քաղցկեղի ու կարմիր մսի կապը. Դրա գիտական ապացույցներն առայժմ չկան: Որոշ հետազոտությունների համաձայն՝ 100 գրամ կարմիր մսի ամենօրյա օգտագործումը հաստ աղու քաղցկեղի առաջացման ռիսկը մեծացնում է 17%-ով:

Մյուս կողմից հստակ ասել՝ կարմիր մսի ո՞ր քանակն է բացարձակապես առողջության համար անվնաս, հնարավոր չէ:

Այսպես, օրինակ, գիտնականները ենթադրում են, որ կանցերոգենության վրա ազդում են մսի վերամշակման, պահպանման ու պատրաստման ընթացքում մսի մեջ ընկնող զանազան քիմիական նյութեր, ինչպես նաև էկոլոգիապես ոչ բարենպաստ տարածքներում կենդանիների կողմից աղտոտված բուսական սնունդ ընդունելը:

Կարմիր միսը և ավելորդ քաշը

Բացի վերը թվարկվածից, կարմիր միսը կարող է նաև այլ խնդիրներ հարուցել: Այն մեծ քանակությամբ ճարպեր ու նատրիում ունի, ինչը կարող է հանգեցնել ավելորդ քաշին ու բացասաբար անդրադառնալ սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա, այսինքն՝ հարուցել ճարպակալում, արյան զարկերակային ճնշման և արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացում և, վերջապես, որպես հետևանք՝ անոթների խցանում:

Մսային արտադրանք

Ինչ վերաբերում է երշիկեղենին ու մսային այլ արտադրանքներին, ապա բավարար տվյալներ կան պնդելու համար, որ դրանց՝ սննդի մեջ օգտագործումը հանգեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առավել բարձր ռիսկին, և ոչ միայն հաստ աղու, այլև ստամոքսի: Այդ պատճառով էլ գիտնականները վերամշակված մսային արտադրանքը դասում են ոչ թե «հավանաբար քաղցկեղածին», այլ «քաղցկեղածին» մթերքների թվին: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ մսային արտադրանքի մեջ, բացի մսից, կան նաև մարդու համար վնասակար այլ բաղադրիչներ՝ կոնսերվանտներ, արոմատիզատորներ, ստաբիլիզատորներ, համի ուժեղացուցիչներ, սննդային գունաներկեր:

Կարմիր մսի օգտակարության մասին

Խոսելով կարմիր մսի պոտենցիալ վնասի մասին՝ պետք է հիշել նաև նրա՝ օրգանիզմի համար օգտակար հատկությունների մասին: Չէ՞ որ կարմիր մասը հարուստ է սպիտակուցով, որը կարևորագույն դեր է խաղում նորմալ նյութափոխանակության համար, և որից կախված է մկանային զանգվածի ծավալը:

Միսը նաև հանդիսանում է երկաթի, ցինկի, ֆոսֆորի և B խմբի վիտամինների աղբյուր: Այս բոլոր նյութերն օրգանիզմին անհրաժեշտ են ներքին օրգանների, այդ թվում՝ նյարդային և էնդոկրին համակարգերի նորմալ աշխատանքի համար: Հենց այդ պատճառով էլ հաճախ բուսակերության անցնելիս մարդիկ սկսում են տառապել սակավարյունությամբ (երկաթի պակասի պատճառով) կամ նյարդային խանգարումներով (նյարդային համակարգը սնուցող B խմբի վիտամինների պակասի պատճառով):

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Ամենաընթերցված