Բոլոր ժամանակների լավագույն Աննա Կարենինան. 6 դերասանուհի՝ մեկը մյուսից տարբեր
Դիտումներ՝ *
19:57 2022-10-12

Չնայած այն հանգամանքին, որ Լև Տոլստոյի վեպը գրեթե 150 տարեկան է, Աննա Կարենինայի գրական կերպարը մինչ օրս արդիական է ու սիրված։ Ստեղծագործությունը ֆուրոր է առաջացրել ոչ միայն Ռուսաստանում, այլև նրա սահմաններից դուրս։

Ամուսնացած կնոջ ողբերգական սիրո պատմությունը շատ ռեժիսորների է ոգեշնչել, իսկ բարձր հասարակության տիկնոջ մարմնավորելը պատիվ է ցանկացած դերասանուհու համար:

Այս հոդվածում առանձնացրել ենք 6 դերասանուհու, որոնք տարբեր ժամանակներում մարմնավորել են Աննա Կարենինային, թեև ոչ բոլորն են արժանացել բուռն ծափահարությունների և ջերմ խոսքերի․․․

Գրետա Գարբո (1935)

Շվեդա-ամերիկացի դերասանուհին մարմնավորել է Աննա Կարենինային նրա առաջին կինոադապտացիաներից մեկում։ Այն ժամանակների կինոաստղի ցածր և փոքր-ինչ խռպոտ ձայնը՝ համեմված շվեդական թեթև առոգանությամբ, արագ գրավեց հեռուստադիտողների սրտերը։ Քիչ չեն քննադատները, որոնք կարծում են՝ Կարենինան Գրետայի լավագույն և ամենանշանավոր դերն է։ Աննայի դերի համար դերասանուհին արժանացել է NYFCC մրցանակի՝ «Գլխավոր դերասանուհի» անվանակարգում։

Գարբոյի զուգընկերը Ֆրեդրիկ Մարչն էր, որը մարմնավորում էր Աննայի սիրելիին՝ Ալեքսեյ Վրոնսկուն։ Ի դեպ, նրանց հարաբերությունները սկզբում, մեղմ ասած, հարթ չէին, բայց դա ոչ մի կերպ չազդեց ֆիլմի վրա։

Ռեժիսոր Քլարենս Բրաունի ֆիլմն ամերիկյան 100 լավագույն մելոդրամաների շարքում է՝ վաստակելով նաև Վենետիկի կինոփառատոնի Մուսոլինիի գավաթը՝ որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ։ Ի դեպ, այս կինոնկարի խորհրդատուն կոմս Անդրեյ Տոլստոյն էր։

Վիվիեն Լի (1948)

1948 թվականին աշխարհը տեսավ «Աննա Կարենինայի» բրիտանական տարբերակը, որը փայլուն կատարեց դերասանուհի Վիվիեն Լին՝ հայտնի «Քամուց քշվածները» ֆիլմից։ Ժյուլիեն Դյուվիվիեի ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։ Հանդիսատեսը, կարելի է ասել, ներխուժում էր կինոթատրոններ՝ հնարավորինս շուտ տեսնելու իր սիրելի հերոսներին։

Բայց շատ քննադատներ չկիսեցին հանդիսատեսի ոգևորությունը, քանի որ այս տարբերակում շատ անհամապատասխանություններ կային վեպի հետ։ Սակայն Վիվիեն Լիի աշխատանքը, ըստ քննադատների, երկար ժամանակ համարվում էր Կարենինայի լավագույն մարմնավորումը։ Հատկանշական է նաև, որ գլխավոր հերոսների հանդերձանքները ստեղծել է կոստյումների փայլուն դիզայներ Սեսիլ Բիտոնը։

Վիվիեն Լին, սակայն, դժգոհ է եղել իր աշխատանքից: Նրա խոսքով՝ ինքը չի կարողացել լիովին զգալ այս կերպարը և ավելի մոտենալ իր հերոսուհուն։ Չնայած, հարկ է նշել, որ Վիվիենն ու Աննան շատ ընդհանրություններ ունեին. նրանք երկուսն էլ պետք է ընտրություն կատարեին ամուսնու և սիրեկանի միջև։

Տատյանա Սամոյլովա (1967)

Չնայած այն հանգամանքին, որ Տոլստոյի վեպը նկարահանվել է մոտ երեսուն անգամ, հենց Տատյանա Սամոյլովան է համարվում Աննա Կարենինայի կերպարի բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն մարմնավորումը։ Ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Զարխին է Տատյանային հրավիրել գլխավոր դերին՝ պնդելով կոնկրետ այս թեկնածուի հարցում, թեև նրան բազմիցս հակառակն են համոզել: Տատյանային անհապապատասխան էին համարում այս դերին փոքր հասակի և թմբլիկության պատճառով, թեև այդ ժամանակ նա արդեն սիրված դերասանուհի էր «Կռունկները թռչում են» և «Չուղարկված նամակը» ֆիլմերի շնորհիվ։

Միայն որոշ ժամանակ անց հաստատվեց դերասանուհու ընտրությունը։ Իսկապես, մինչ լավագույն Աննա Կարենինա դառնալը, Տատյանային քննադատում էր ոչ միայն «Գոսկինոն», այլև սովորական հեռուստադիտողները: Շատերը սովոր էին Կարենինային՝ Ալլա Տարասովայի կատարմամբ, որը երկար տարիներ մարմնավորել էր Աննային թատերական բեմում, բայց չկարողացավ խաղալ այս դերը ֆիլմում տարիքի պատճառով: Նա այդ ժամանակ 55 տարեկան էր։

Տարիներ անց միայն շատերը համաձայնեցին, որ հենց Սամոյլովան է լավագույնը մարմնավորել Կարենինային, որին հավանել են ոչ միայն հայրենական քննադատներն ու հեռուստադիտողները, այլև արտասահմանցիները: Ի դեպ, այս ֆիլմում Վրոնսկու դերակատար Վասիլի Լանովոյը Սամոյլովայի նախկին ամուսինն էր, որից նա ամուսնալուծվել էր նկարահանվելուց տասը տարի առաջ։ Դերասանների խոսքով՝ իրենց համար հեշտ է եղել Աննային և Ալեքսեյին մարմնավորելը, քանի որ նրանք շատ բան են ապրել իրենց հարաբերությունների ընթացքում։

Սոֆի Մարսո (1997)

Լեհ ռեժիսոր Անջեյ Ժուլավսկին շատ էր սիրում ռուս գրականությունը, հետևաբար որոշեց նկարահանել Տոլստոյի վեպը, որի գլխավոր դերում նկարահանվեց նրա սիրելին՝ Սոֆին։ Ֆրանսիացի գեղեցկուհու համար Կարենինայի դերը կարևոր քայլ էր կարիերայում։ Սակայն ֆիլմի ադապտացիան պատշաճ տպավորություն չթողեց՝ ստանալով բավականին հակասական արձագանքներ թե՛ կինոքննադատներից, թե՛ հեռուստադիտողներից։

Թերևս դրա պատճառը դերասանուհու սանրվածքն էր՝ ճակատի մազափունջը, որն իրականում դերասանուհու «իզյումինկան» էր, բայց այն չէր համապատասխանում Տոլստոյի ժամանակներին: Ընդհանրապես մազափունջը քննարկումների ու վեճերի առարկա դարձավ: Նաև հեռուստադիտողին դուր չեկավ խառը սյուժեն, հերոսների չբացահայտված կերպարներն ու ֆիլմի անհասկանալի գաղափարը։

Ամենայն հավանականությամբ, դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Ժուլավսկին փորձել էր նման մեծ վեպը տեղավորել ընդամենը մեկուկես ժամ տևողությամբ ֆիլմում։ Քննադատները ֆիլմի առավելությունն են համարում միայն հերոսների՝ Հռոմի լավագույն արհեստանոցներում արված զգեստները։ Այստեղ նրանք իսկապես շքեղ էին:

Կիրա Նայթլի (2012)

Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին բազմիցս մարմնավորել է ռուս կանանց, քանի որ շատերը կարծում են, որ նա սլավոնական արտաքին ունի։ Բայց դատելով քննադատների գնահատականից՝ Աննա Կարենինայի դերում Նայթլին չկարողացավ մտնել կերպարի մեջ։ Միգուցե մեղավոր է ռեժիսոր Ջո Ռայթը, որի համար կարևոր էր կինոնկարի գեղեցիկ լինելը՝ մոռանալով վեպի բուն էության մասին։

Տեսողական առումով ֆիլմն իսկապես գեղեցիկ է՝ շքեղ տեսարաններ, շքեղ հանդերձանք, հաճելի դերասաններ։ Ֆիլմը նույնիսկ «Օսկար»-ի է արժանացել լավագույն զգեստների համար։ Բայց ռեժիսորը քիչ էր մտածել հերոսների խորության ու զգացմունքների, տեքստին մոտ լինելու, հեռուստադիտողին հասկանալի սյուժեների մասին։

Ելիզավետա Բոյարսկայա (2017)

Քիչ չեն մարդիկ, որոնց դուր չի եկել Բոյարսկայան Կարենինայի դերում։ Նրան համարում էին կոպիտ, երբեմն նույնիսկ՝ վուլգար։ Հատկապես մեծ էր դժգոհությունը դերասանուհու կոպիտ ձայնի հետ կապված՝ Աննայի քնքուշ ու փխրուն ձայնի փոխարեն, ինչպես վեպում է: Վրոնսկուն այս տարբերակում մարմնավորել է Բոյարսկայայի ամուսինը՝ Մաքսիմ Մատվեևը։ Զույգի համար բավական հեշտ էր սեր և կիրք խաղալ, բայց դա չօգնեց խուսափել քննադատությունից:

Սակայն, ընդհանուր առմամբ, Կարեն Շահնազարովի այս աշխատանքը դրական արձագանքների է արժանացել՝ արժանանալով նույնիսկ «Ոսկե արծիվ» մրցանակին՝ «Լավագույն մինի-սերիալ» անվանակարգում։

Ամենաընթերցված