Կուրոսավան, Բերգմանը և Տարկովսկին՝ Ֆելինիի մասին
Դիտումներ՝ *
16:06 2022-09-22

Ինչպես են հայտնի ռեժիսորները գնահատում իրենց նախորդներին և ժամանակակիցներին:

Ֆեդերիկո Ֆելինիի մասին

Ակիրա Կուրոսավա. «Ֆելինիի ֆիլմերն իսկական արվեստի ստեղծագործություններ են: Այսօր ոչ ոք չունի այդպիսի առանձնահատուկ տաղանդ: Դա զգացվում է նրա ֆիլմերում՝ շնորհիվ հզոր, ազդեցիկ, էքզիստենցիալ ուժի: Այո, ես մի քանի անգամ հանդիպել եմ Ֆելենիի հետ, բայց նա միշտ այնքան ամաչկոտ էր, որ ինձ հետ իր ֆիլմերի մասին չէր խոսում»:

Ինգմար Բերգման. «Ֆելինին Ֆելինին է: Նա ոչ ազնիվ է, ոչ անազնիվ. նա Ֆելինին է: Նա իր վրա չի վերցնում ինչ-որ պատասխանատվություն: Եվ դուք չեք կարող նրան գնահատել բարոյական տեսանկյունից: Նա կա, և ես պարզապես ապրում եմ նրանով»:

«Նա չափազանց ինտուիտիվ է: Նա ստեղծող է: Նա հսկայական ուժ ունի: Ասես տենդ, որը գտնվում է նրա ներսում: Հասկանում եք, թե ես ի՞նչ ի նկատի ունեմ: Այդ տենդը գալիս է նրա ստեղծագործական մտքից և նա հալեցնում է այն: Իսկ նա տառապում է, ֆիզիկապես տառապում է դրանից: Մի օր, երբ նա հաղթահարի այդ տենդը և ազատվի դրանից, կհայտնվի ֆիլմ, որը մինչ այդ դուք ոչ մեկի մոտ չեք տեսել: Ինչպես ցանկացած ճշմարիտ նկարիչ՝ նա կվերադառնա իր ակունքներին: Նա կգտնի հետ տանող ճանապարհը»:

Անդրեյ Տարկովսկի. «Ես սիրում եմ Ֆելինիին իր բարության, մարդկանց նկատմամբ սիրո, պարզության և ինտիմ ինտոնացիայի համար: Եթե ուզում եք իմանալ, ոչ թե նրա հայտնիության, այլ մարդկայնության համար»:

Թերրի Գիլիամ. «Կարծում եմ՝ Ֆելինին ինձ ինչ-որ բան է ասել իմ ապագայի մասին: Կյանքի մասին: Այն մասին՝ ինչպես է այն ընթանում: Հիշողության մասին: Այս ամենը ճշմարտություն է թվում, թեև նա անընդհատ ստում է: Ինձ դուր է գալիս Ֆելինիի մեջ հենց այն, որ նա ստախոս է: Հավերժական ստախոս: Նա խեղաթյուրում է ճշմարտությունը: Չգիտեմ՝ մեզանից ինչ-որ մեկը տեսել է կյանքն այնպիսին, ինչպիսին այն իր ֆիլմերում ցույց է տալիս Ֆելինին: Ես այնպիսի սարսափելի զգացողություն ունեմ, որ նա բացել է մեր աչքերը աշխարհի առջև, աշխարհի, որը միայնակ էր: Նրանք, ովքեր կհետևեն իրեն, կկարողանան տեսնել այն աշխարհը, որը ինքն է տեսել»:

Դեյվիդ Լինչ. «Ես սիրում եմ Ֆելինիին: Նա բոլորովին այլ ժամանակ ունի, այլ՝ իտալական հայացք կյանքին: Նրա ֆիլմերում մի բան կա՝ հատուկ տրամադրություն: Դրանք ստիպում են երազել: Դրանք այնքան կախարդական են, քնարական, զարմանալի, հնարամիտ: Այդ տղան յուրահատուկ է: Եթե վերացնել նրա արվեստը, ապա կինոյի ժառանգությունից մի մեծ կտոր կպակասի: Նմանատիպ բան չկա: Ինձ դուր է գալիս նաև Բերգմանը, բայց նրա կինոն այլ է»:

Անի Գաբուզյան

168.am

Ամենաընթերցված