Քեմբրիջի համալսարանի մասնագետները պարզել են, որ երեխաները հակված են ավելի շատ վստահել ռոբոտներին, քան ծնողներին և հոգեբաններին:
Հետազոտությանը մասնակցել են 8-13 տարեկան 28 երեխաներ, որոնց խնդրել են խոսել փոքրիկ (60 սմ) մարդանման ռոբոտ Նաոյի հետ:
Նաոն հարաբերություններ հաստատեց մասնակիցների հետ՝ ընկերական զրույց վարելով մանկական ձայնով։ Այնուհետև նա հարցրեց անցած շաբաթվա ուրախ և տխուր հիշողությունների մասին, հարցեր տվեց երեխայի հույզերի և տրամադրության մասին և պատասխանների հիման վրա ախտորոշեց անհանգստության մակարդակը և պարզեց խուճապի խանգարման և դեպրեսիայի առկայությունը: Հարցազրույցը տևել է 45 րոպե։
Պարզվել է, որ երեխաները պատրաստ են ռոբոտին շատ ավելին ասել, քան ծնողներին կամ հոգեբաններին։
Նաոյի կողմից անցկացված հարցումը ցույց տվեց արդյունքներ, որոնք տարբերվում էին ավանդական հարցաշարերից: Պարզվեց, որ իրականում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներն ավելի շատ են։
Գիտնականները երեխաներին առաջարկել են ռոբոտին ընկալել որպես ընկեր, որին կարող են պատմել իրենց իրական փորձառությունների և զգացմունքների մասին։ Այսպիսով, ծնողներից մեկը, ով դրսից հետևում էր փորձին, չգիտեր, թե ինչ անախորժությունների մեջ է հայտնվել որդին, մինչև չլսեց նրա խոստովանությունը Նաոյին։
Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր և ռոբոտաշինության և աֆեկտիվ ինտելեկտի լաբորատորիայի ղեկավար Հատիս Գյունեսի խոսքերով, երեխաները ծնողներին և հոգեբաններին չեն ասում ճշմարտությունը, այլ այն, ինչ երեխաները կարծում են, որ մեծահասակներն ակնկալում են լսել:
Երեխաների և ռոբոտների փոխազդեցության վերաբերյալ հետազոտություններ արդեն իսկ իրականացվել են։ Օրինակ՝ 2020 թվականին մի խումբ ամերիկացի գիտնականներ ուսումնասիրեցին Նաո ռոբոտի և երեքից յոթ տարեկան երեխաների միջև վստահելի հարաբերություններ հաստատելու հնարավորությունը։ Փորձն իրականացվել է խաղի տեսքով։ Պարզվեց, որ յոթ տարեկան երեխաներն ավելի շատ են վստահում Նաոյին, մինչդեռ երեք տարեկան երեխաները՝ կենդանի մարդկանց։ Գիտնականները դա բացատրում են տարբեր տարիքի երեխաների զարգացման յուրահատկությամբ։ Վաղ տարիքում երեխայի համար կարևոր է խաղի զուգընկերոջ հուզական արձագանքը, որը ռոբոտը, ի տարբերություն մարդու, չի կարող տալ։
2018 թվականին Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականները նաև հետազոտություն են անցկացրել, որտեղ նրանք ուսումնասիրել են ռոբոտի և երեխաների հարաբերությունները: Փորձին մասնակցել են 7-9 տարեկան 43 երեխաներ Մեծ Բրիտանիայից: Նրանք պետք է համաձայնվեին կամ հերքեին ռոբոտի պնդումները: Արդյունքում երեխաները ճիշտ են նշել ռոբոտի բոլոր սխալ պատասխանների ¾-ը: Գիտնականները ենթադրել են, որ դա կարող է ցույց տալ, որ երեխաների վրա ազդում են ոչ միայն հասարակությունը և հասակակիցները, այլև ռոբոտները:
Սիրարփի Աղաբաբյան
168.am