Նույն նյութը կարելի է գտնել Հավայան կղզիների լողափերում:
ՆԱՍԱ-ի առաքելության ժամանակ Perseverance մարսագնացը լճի խառնարանում հայտնաբերել է հողի անսովոր շերտեր, որոնք տարբերվում են Մարսի մնացած մակերեսից։
Ժայռերի վերլուծությունը ցույց է տվել, որ մարսագնացը գտել է հրաբխային ծագման քարեր: Դրանցից մի քանիսը ցրված են օլիվինի փոքր բյուրեղներով՝ Երկրի վրա ամենատարածված միներալներից մեկը, որի փոքր բաց կանաչ բյուրեղները հաճախ հանդիպում են Հավայան լողափերում։ Մարսի գտածոների տարիքը մոտ 3,7 միլիարդ տարի է:
Մարսի օլիվինի և երկրային հրաբխային ապարների հիմնական տարբերություններից մեկն այն է, որ այլմոլորակային հանքանյութը չի ենթարկվել այնպիսի ագրեսիվ արտաքին ազդեցությունների, ինչպիսիք են տեկտոնական շարժումները և եղանակային պայմանները: Հետազոտողները բոլորովին չէին սպասում, որ մարսագնացը կգտնի նման նյութ, մինչ այդ նրանք ենթադրում էին, որ խառնարանի հատակում կարող են հայտնաբերվել միայն նստվածքային ապարներ:
Այս հայտնագործությունը գիտնականներին թույլ կտա ավելին իմանալ Մարսի կլիմայական պատմության մասին: Նաև ՆԱՍԱ-ի առաքելությունը կօգնի պատասխանել կյանքի ծագման վերաբերյալ հարցերին՝ ինչպես Կարմիր մոլորակի, այնպես էլ՝ Երկրի վրա: Երկրային էվոլյուցիայի ուսումնասիրությունը բարդանում է նրանով, որ փոխակերպման երկար տարիների ընթացքում մեր մոլորակը շատ է փոխվել, և արդեն դժվար է պատկերացնել, թե ինչպիսին էր այն միլիարդավոր տարիներ առաջ:
Սիրարփի Աղաբաբյան
168.am