Սպասում ենք չորս նոր սմարթֆոնների և խելացի ժամացույցի մի քանի մոդելների։
Bloomberg-ը հայտնում է, որ նոր սերնդի iPhone-ի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 7-ին։ Միջոցառումը կանցկացվի առցանց։ Սմարթֆոնների վաճառքը նախատեսվում է սկսել սեպտեմբերի 16-ին։
Ըստ լուրերի՝ Apple-ը կցուցադրի iPhone 14-ի չորս մոդել.
iPhone 14 և 14 Max բազային մոդելները՝ 6,1 և 6,7 դյույմ էկրաններով:
iPhone 14 Pro և 14 Pro Max ֆլագմանները՝ 6,1 և 6,7 դյույմ էկրաններով և սելֆի-տեսախցիկի ու Face ID սենսորների համար նախատեսված անցքերով:
Սեպտեմբերի 7-ին սմարթֆոնների հետ մեկտեղ Apple-ը պետք է ներկայացնի նաև Watch Series 8-ը, որի տարբերակներից մեկը կունենա ամուր պատյան և ֆունկցիաներ ակտիվ հանգստի ու էքստրեմալ սպորտի սիրահարների համար։ Ճիշտ է, նման մոդելը կարող է արժենալ այնքան, որքան iPhone-ը:
Bloomberg-ը նաև նշում է, որ Apple-ը թարմացնում է իր ֆլագմանային արտադրանքը դժվար ժամանակներում: Սմարթֆոնների վաճառքը սկսել է նվազել, քանի որ սպառողները տառապում են գնաճի և անկայուն տնտեսության պատճառով: Երևում է, սակայն, որ ընկերության գործերն ավելի լավ են ընթանում, քան մրցակիցներինը․ մեծ թվով iPhone է վաճառվել անցյալ եռամսյակում, և Apple-ն ակնարկել է մատակարարներին, որ պահանջարկի անկում չի կանխատեսում: