Նա դեռ սիմֆոնիա չի գրի, բայց կարող է ծաղիկներ բերել։
Xiaomi-ն ծալովի սմարթֆոնից, մեծ պլանշետից և նորաձև աքսեսուարներից հետո ներկայացրել է իր առաջին մարդանման ռոբոտը, որը կոչվում է CyberOne: Այն նման է նախկինում ցուցադրված Tesla Bot-ին։
Նրա հասակը 177 սմ է՝ 52 կգ քաշով։ Ինքնուրույն կարող է շարժվել 3,6 կմ/ժ արագությամբ։ Մարմնի վրա տեղադրված հաղորդիչների հավաքածուն և Mi-Sense-ի հատուկ խորության սենսորը թույլ են տալիս կառուցել տարածքի 3D քարտեզներ խոչընդոտներից խուսափելու և մոտակայքում գտնվող մարդկանց ճանաչելու համար:
CyberOne-ն ի վիճակի է բացահայտել շրջակա միջավայրի 85 ձայն և 45 մարդկային էմոցիա: Ռոբոտի ռեակցիաները ցուցադրվում են կոր OLED էկրանի միջոցով, որը փոխարինում է նրա դեմքը:
Կա նաև հարցերին կարճ պատասխանների հնարավորություն։ Առայժմ դա պարզունակ խոսակցություն է, սակայն Xiaomi-ն խոստանում է մշտապես բարելավել հաղորդակցման համակարգը։
Ռոբոտի շարժումները ծրագրավորվում են պարզ դեմոնստրացիաների միջոցով։ Այսինքն՝ CyberOne-ը կարողանում է սովորել՝ ընդօրինակելով մարդկային շարժումները։
Xiaomi-ի շնորհանդեսի ժամանակ ռոբոտը բեմ է բարձրացել՝ ծաղիկը ձեռքին։ Ընկերության ղեկավար Լեյ Ցզյունն ասել է, որ դա մանր իրեր կրելու ունակության միայն մեկ օրինակ է։
Xiaomi-ում կարծում են, որ CyberOne-ի ապագա տարբերակները կարող են դառնալ կենցաղային օգնականներ, ինչը հատկապես օգտակար կլինի սահմանափակ շարժունակությամբ մարդկանց և տարեցների համար:
«Իսկ առայժմ սա բավականին պարզունակ մոդել է, որը շատ հեռու է իսկապես «խելացի» ռոբոտներից»,- հավելել է ընկերության ղեկավարը։
Այս մոդելը հազիվ թե վաճառքի հանվի, բայց հավանական է, որ այն հասանելի դառնա ռոբոտաշինության զարգացմամբ զբաղվող որոշ մշակողների: