Դառը և մուգ շոկոլադի մի քանի կտորը, նախընտրելի է օրական 15-25 գրամից ոչ ավելի, կարող է օգտակար և անվտանգ լինել առողջության համար, մասնավորապես՝ սրտի և անոթների համար։ Ավելի լավ է այն օգտագործել օրվա առաջին կեսին։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան։
«Դժվար է գտնել մարդ, ով չի սիրում շոկոլադ: Ավելին, ըստ հետազոտությունների, մուգ շոկոլադի չափավոր օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը, օգնում է նորմալացնել արյան ճնշումը և լիպիդային նյութափոխանակությունը, բարձրացնում է ուղեղի աշխատունակությունը: Առավել օգտակար են շոկոլադի այն տեսակները, որոնք ունեն կակաոյի հատիկների բարձր պարունակություն՝ առնվազն 70%, և համեմատաբար ցածր շաքարի պարունակություն՝ ոչ ավելի, քան 25%, ինչը համապատասխանում է շոկոլադի դառը տեսակներին և որոշ մուգ տեսակների», – ասել է Ստարոդուբովան։
Սննդաբանը նշել է, որ կակաոյի հատիկները պարունակում են օգտակար սնուցող նյութեր՝ հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություններով։ Դրանց բաղադրութան մեջ մտնում են ալկալոիդներ՝ թեոբրոմին և կոֆեին, պոլիֆենոլներ, միկրո և մակրո տարրեր՝ ֆոսֆոր, ծծումբ, կալիում, մագնեզիում, քլոր, կալցիում և նատրիում, ինչպես նաև պղինձ, կոբալտ, մոլիբդեն, ցինկ, երկաթ, մանգան: Կակաոյի հատիկները պարունակում են նաև պրովիտամին A, PP, թիամին (B1), ռիբոֆլավին (B2):
Սննդաբանը միևնույն ժամանակ հիշեցրել է, որ նույնիսկ մուգ և դառը շոկոլադը քաղցրավենիք է, ունի բարձր կալորիականություն և պարունակում է մեծ քանակությամբ շաքար, հետևաբար առողջ մարդը այն կարող է ուտել միայն քիչ քանակությամբ՝ 15-25 գրամից ոչ ավելի, օրվա առաջին կեսին, երբ ֆիզիկական ակտիվությունն ավելի բարձր է։ Իսկ հիվանդություններ ունեցող մարդիկ շոկոլադ օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցեն բժշկի հետ։
Մասնագետը նաև նշել է, որ կակաոյի հատիկներ և դրանից պատրաստված մթերքներ պարունակող սննդամթերքները չեն օգտագործվում մինչև 3 տարեկան երեխաների սննդակարգում և կարող են միայն սահմանափակ քանակությամբ օգտագործվել հղիների և կերակրող մայրերի սննդակարգում։
Ստարոդուբովան նշել է, որ կաթնային շոկոլադները ավելի շատ շաքարավազ են պարունակում, քանի մուգ և դառը շոկոլադները, իսկ սպիտակ շոկոլադն ընդհանրապես կակաոյի փոշի չի պարունակում։