1910 թվականին մի ծերունի դուրս է գալիս տնից՝ սեղանի վրա թողնելով նամակ, նամակ կնոջ համար: Նա համատեղ կյանքի 48 երկար ու դժվարին տարիներից հետո թողնում է տունն ու ընտանիքը, կնոջն ու ստեղծագործությունները և հեռանում…
Այդ ծերունին Լեւ Նիկոլաևիչ Տոլստոյն էր: Իսկ նամակը՝ հետևյալը.
«Մեր հանդիպումը և առավել ևս իմ վերադարձն այլևս լիովին անհնար է։ Քեզ համար դա կլիներ, ինչպես բոլորն են ասում, վերին աստիճանի վնասակար, ինձ համար՝ ահավոր, քանի որ հիմա իմ վիճակը, քո դյուրագրգիռության արդյունքում, կբորբոքվի, հիվանդ կարգավիճակս էլ, եթե իհարկե հնարավոր է, էլ ավելի կվատթարանա։
Խորհուրդ եմ տալիս հաշտվել այն բանի հետ, ինչ տեղի է ունեցել, տեղավորվել քո նոր, ժամանակավոր կարգավիճակում, իսկ ամենակարևորը՝ բուժվել։
Եթե դու ոչ թե սիրում ես ինձ, այլ ուղղակի չես ատում, ապա պարտավոր ես գոնե մի փոքր մտնել իմ դրության մեջ։ Եվ եթե դու դա անես, ապա ինձ ոչ միայն չես քննադատի, այլև կփորձես օգնել ինձ գտնել հանգստություն ու մարդավայել կյանքի հնարավորություն։ Քո տրամադրությունն այժմ, ինքնասպանության ցանկությունդ ու փորձերդ, առավել ևս ի ցույց են դնում ինքնակառավարմանդ կորուստը, ինչը վերադարձիս մասին միտքն անգամ անհնարին է դարձնում։ Ազատել ապրելիք տառապանքներից քո բոլոր հարազատ մարդկանց, ինձ, ամենակարևորը՝ քեզ, ոչ ոք չի կարող, ոչ ոք՝ բացի քեզանից։ Աշխատիր ողջ էներգիադ ուղղորդել ոչ թե ուզածդ ի կատար ածելու ուղղությամբ, օրինակ հիմա՝ իմ վերադարձի, այլ՝ ինքդ քեզ, հոգիդ խաղաղեցնելու համար, և այդպիսով կստանաս այն, ինչ ուզում ես։
Ես երկու օր անցկացրեցի Շամարդինում ու Օպտինոյում և հիմա գնում եմ։ Նամակը կուղարկեմ ճանապարհից։ Չեմ ասում՝ ուր եմ գնում, քանի որ և՛ ինձ, և՛ քեզ համար բաժանումը համարում են անհրաժեշտություն։ Մի՛ մտածիր, որ ես գնացել եմ, որովհետև չեմ սիրում քեզ։ Ես սիրում եմ քեզ և սրտանց ցավում եմ, բայց չեմ կարող այլ կերպ վարվել։ Նամակը քո, գիտեմ, որ անկեղծ է գրված, բայց դու ի զորու չես կատարել այն, ինչ կուզեիր։ Եվ հարցն ամենևին իմ ցանկությունների, պահանջների կատարման մեջ չէ, այլ միմիայն քո հավասարակշռվածության, կյանքին խաղաղ, բանական վերաբերմունքի մեջ։ Եվ քանի դեռ դա չկա, ինձ համար քեզ հետ ապրելն անհնար է։ Վերադառնալ քեզ մոտ, երբ դու նման հոգեվիճակում ես, ինձ համար կնշանակեր հրաժարվել կյանքից։ Իսկ ես ինձ իրավասու չեմ համարում նման բան անել։ Ցտեսություն սիրելի Սոնյա, թող օգնի քեզ Աստված։ Կյանքը կատակ չէ, և մեր կամքով լքել այն իրավունք չունենք, և այն չափել ժամանակի երկարությամբ նույնպես խելամիտ չէ։ Գուցե այն ամիսները, որ մեզ մնացել են ապրելու, ավելի կարևոր են ապրած տարիներից էլ, ուրեմն պետք է դրանք լավ ապրել»։