Variety-ն տեղեկություն է հրապարակել հոլիվուդյան աստղերի եկամուտների մասին։ Համաձայն հրապարակված տվյալների՝ Թոմ Քրուզը հավակնում է դառնալ 2022 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանը, քանի որ «Թոփ Գան. Մավերիք» ֆիլմում դերի համար վերջինիս հոնորարը կգերազանցի 100 մլն դոլարը։
«Դերասաններից շատերը չարժեն այն, ինչ իրենց վճարում են, բայց Քրուզը և գուցե Դուեյն Ջոնսոնը արդարացնում են իրենց վարձատրությունը»,- Variety-ին ասել է հոլիվուդյան ստուդիաներից մեկի անանուն ղեկավարը: «Թոփ Գան. Մավերիք»կինոնկարն արդեն հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար կինովարձույթում:
Հաղորդվում է նաև, որ Ուիլ Սմիթը 35 միլիոն դոլար կստանա Անտուան Ֆուկուայի «Էմանսիպացիա» ֆիլմում նկարահանվելու համար։ Լեոնարդո Դի Կապրիոն 30 միլիոն դոլար կվաստակի Մարտին Սկորսեզեի նոր՝ «Ծաղկի լուսնի մարդասպանները» ֆիլմում իր դերի համար։ Նույնքան գումար է սպասվում Բրեդ Փիթին՝ Ֆորմուլա 1-ի մասին Ջոզեֆ Կոսինսկու նկարահանած նոր ֆիլմում նկարահանվելու համար։ «Սև Ադամ»-ում կատարած դերի համար Դուեյն Ջոնսոնի հոնորարը կկազմի 22.5 մլն դոլար։
Հետաքրքիր է, որ 2022 թվականի ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան կինոաստղերի ցանկում քիչ դերասանուհիներ կան։ Variety-ի ֆինանսական վարկանիշում առաջին կինդերասանը հայտնվում է միայն 18-րդ հորիզոնականում, իսկ այն զբաղեցնում է դերասանուհի Մարգո Ռոբին։ «Բարբի» ֆիլմում նկարահանվելու համար նա կվաստակի 12.5 միլիոն դոլար։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am