Մոսկվայի հոգեվերլուծության ինստիտուտի հոգեթերապիայի եւ հոգեբանական խորհրդատվության ամբիոնի դոցենտ, հոգեթերապեւտ Վլադիմիր Ֆայնզիլբերգը նշել է մարդկային երջանկության երեք գործոն։ Տվյալները ստացվել են Հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարցման արդյունքների հիման վրա, տեղեկացրել է «Ռադիո 1»-ը։
Փորձագետի խոսքով՝ գլխավորը, որը մարդուն երջանիկ է դարձնում, ընտանիքն է, ինչպես նաեւ մարդու կայացումը որպես պրոֆեսիոնալի եւ ապագայի վստահությունը։
Ընտանիք եւ երեխաներ ունեցող մարդիկ երջանիկ են համարվում, քանի որ ցեղի շարունակումը մարդու գլխավոր նշանակությունն է, ասել է հոգեթերապեւտը։
Պրոֆեսիոնալ կայացումն ուղիղ գծով կախված է մարդու եկամուտների մակարդակից։ Ուստի, եթե կա բավարարվածություն գործունեության ոլորտում, ինչպես նաեւ եկամտի մակարդակից, մարդն իրեն երջանիկ կզգա։
Ապագայի հանդեպ վստահությունը Ֆայնզիլբերգը վերագրել է երկրում եւ աշխարհում քաղաքական իրավիճակին։ Այս հարցը հատկապես անհանգստացնում է երիտասարդությանը եւ 17-45 տարեկաններին։
«Այսօր, որպես հոգեթերապեւտ, կարող եմ նշել, որ 17-45 տարեկան երիտասարդների մեծ թվաքանակը վստահ չէ ապագայի հարցում, այդ թվում եւ պրոֆեսիոնալ առումով։ Իսկ ամենագլխավորն այն է, որ նրանք մոլորված են եւ չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում»,- ասել է փորձագետը։
Նրա խոսքով՝ ապագայի վերաբերյալ մտորումների թիվը պայմանավորվել է կորոնավիրուսով, տեղեկացրել է Москва24-ը։