Արևելյան շուկայի 5 կանոնները. ինչպե՞ս է ճիշտ սակարկել
Դիտումներ՝ *
10:30 2022-10-25

Կանոն համար 1

Խանութի կամ կրպակի տերերը հաճախ հարցնում են, թե ում համար եք ձեռք բերում այս կամ այն ապրանքը: Ամենավատը, ինչը կարող եք պատասխանել՝ երեխայի/մայրիկի համար: Ձեզ միանգամից կտեղեկացնեն, որ երեխայի/մայրիկի համար ոչինչ չի կարելի խնայել: Խորհուրդ ենք տալիս ինչ-որ բան գնելիս հայտարարել, որ դա վերավաճառելու համար է: Մի խոսքով, ավելորդ շահագրգռվածություն ապրանքի նկատմամբ մի դրսևորեք:

Կանոն համար 2

Եթե խոսքը գնում է գնի մեծ զեղչի մասին, ապա բանակցություններ պետք է վարել այն մարդու հետ, ով որոշում կայացնելու իրավունք ունի: Խնդրեք կանչել կամ կառավարչին, կամ սեփականատիրոջը:

Կանոն համար 3

Պետք չէ զրկել վաճառողին զիջելու հնարավորությունից, բայց, միևնույն ժամանակ, թույլ տվեք նրան պահպանել դեմքը: Հեռանալիս մեկ անգամ ևս ասացեք, որ Ձեզ դուր է գալիս Ձեր ընտրած ապրանքը, և պատրաստ եք վճարել դրա դիմաց որոշակի գումար: Նա չի կարող թույլ տալ, որ գնաք մեկ այլ կրպակ, որտեղ, հնարավոր է, այդ գումարը բավարար է:

Կանոն համար 4

Սակարկելիս շատ մի խոսեք. դա ցույց է տալիս Ձեր շահագրգռվածությունը: Թող Ձեր տեղը խոսի լռությունը և Ձեր ինքնավստահությունը: Հանգիստ լսեք:

Կանոն համար 5

Ամեն ինչ փորձել եք, բայց Ձեր սպասված գնի իջեցմանը չեք հասել: Այդ ժամանակ մտովի կշեռքի մի նժարին դրեք այդ ապրանքի տերը դառնալու ցանկությունը, իսկ մյուսին՝ հայտարարված գնից զրկվելու դժկամությունը: Եթե երկրորդ նժարը գերազանցում է, ապա դուրս եկեք փողոց: Շանսը, որ վաճառողը Ձեր հետևից դուրս կգա, շատ մեծ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված