Աչքերի տակ առաջացած «պարկերը» և մուգ շրջանակները կարող են տհաճ անակնկալ դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս արագ ազատվել դրանցից: Նման այտուցները կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով, այդ թվում՝ մաշկի սխալ խնամքով, քնի պակասով և անգամ առողջական լուրջ խնդիրներով, ուստի մինչ որևէ միջոց կիրառելը խորհուրդ է տրվում դիմել բժշկին։ Այնուամենայնիվ անգամ առողջական խնդիրների առկայության դեպքում հիմնական հիվանդության բուժման հետ մեկտեղ հարկավոր է պայքարել նաև այտուցների դեմ։
Այտուցները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ արտաքինի վրա՝ հաղորդելով հոգնած ու անառողջ տեսք և ստիպելով անհապաղ դրանց դեմ որևէ միջոց ձեռնարկել։ Շատ հաճախ մարդիկ պարզապես փորձում են քողարկել դրանք շպարի օգնությամբ, ինչը երբեմն էլ ավելի է վատթարացնում վիճակը, մինչդեռ կարելի է կիրառել փորձված ու պարզ բնական միջոցներ, որոնք րոպեների ընթացքում ավելի թարմ տեսք կհաղորդեն ու կազատել այտուցներից և մուգ շրջանակներից։
The Health Site կայքը ներկայացրել է այս տհաճ խնդրի դեմ պայքարի հինգ արդյունավետ ու հասանելի բնական միջոց, որոնք չեն առաջացնի որևէ կողմնակի բարդություն։
Նշի յուղ
Աչքերի տակ մի փոքր նշի յուղ քսելը կարող է հիանալի ազդեցություն ունենալ մաշկի վրա և կարճ ժամանակահատվածում ազատել մուգ շրջանակներից։ Այս յուղը կարելի է օգտագործել որպես առանձին միջոց կամ կարելի է խառնել այն վիտամի Е-ի յուղային լուծույթին էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար։
Վարունգ
Այս հասանելի մթերքը գունաբացում է մաշկն ու օգնում է շատ արագ ազատվել աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներից։ Այն նաև օժտված է սառեցնող հատկությամբ, ինչի շնորհիվ նաև թարմացնում է աչքերն ու դրանց շուրջը գտնվող նուրբ մաշկը։
Հում կարտոֆիլ
Այս բանջարեղենը բնական գունաբացող միջոց է, որն ազատում է մուգ շրջանակներից ու օգնում է նվազեցնել աչքերի տակ առաջացած «պարկերի» արտահայտչությունը։
Վարդի ջուր
Այս բուժիչ հեղուկը վերականգնում ու թարմացնում է մաշկը՝ ազատելով մուգ շրջանակներից ու աչքերի հոգնածությունից և զգալիորեն երիտասարդացնելով այդ հատվածի մաշկը։
Լոլիկ
Չնայած վառ կարմիր երանգավորմանը՝ լոլիկը ևս համարվում է բնական գունաբացող միջոց։ Ընդ որում՝ այն ոչ միայն գունաբացում է մաշկը, այլև ազատում է աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներից ու «պարկերից»։