«Դու չես կարող փոխել աշխարհը, բայց կարող ես ստիպել նրան մտածել». Ջեք Նիքոլսոն
Դիտումներ՝ *
14:46 2022-04-27

Անկրկնելի Ջոկերը «The Batman»-ում, սարսափելի Ջեք Թորենսը «The Shining»-ում, ապստամբ Ռենդլ ՄակՄյորֆին «One Flew Over the Cuckoo’s Nest»-ում. Ջեք Նիքոլսոնը, ով այս ամիս դարձավ 85 տարեկան, կարող է խաղալ յուրաքանչյուր դեր։

Ծննդյան առեղծվածը

Նիքոլսոնը գաղտնիքներ ունի. նրա ծննդյան վայրը կոչվում է կամ Նյու Յորք կամ Նյու Ջերսի։ Տարվա հետ կապված հստակություն նույնպես չկա։
Ընտանիքը նույնպես անսովոր էր. Ջեքին մեծացրել են տատիկն ու պապիկը, որոնց նա համարում էր իր ծնողները: Միայն հասուն տարիքում նա իմացավ, որ «ավագ քույրը», ինչպես մտածում էր Ջեքը, իրականում մայրն է:

Նիքոլսոնը վերջին սերնդի ներկայացուցիչ է, ով մեծացել է առանց հեռուստատեսության ազդեցության։ Խաղում էր ֆուտբոլ և բասկետբոլ, ինչպես նաև թղթակցում էր դպրոցական թերթին։ Նրա կատաղի բնավորությունը նկատել են շատ ուսուցիչներ. Ջեքը ծաղրին միշտ պատասխանել է բռունցքներով:

«Ես ստիպված էի մնալ դասերից հետո. ինձ հանձնարարել էին գրել հազար բառանոց շարադրություն: Ես գիտեի, որ ոչ ոք այն, այնուամենայնիվ, չի կարդա, ուստի ես չար բաներ էի գրում այն ​​մարդկանց մասին, ովքեր ղեկավարում էին դպրոցը», – հիշում է Նիքոլսոնը:

Ստեղծագործական էությունը դրսևորվել է դպրոցական թատրոնում՝ բեմում նրան միշտ ծափերով են դիմավորել։ Նա վերջապես որոշում է դերասան դառնալ Մառլոն Բրանդոյի և Ֆրենկ Սինատրայի մասնակցությամբ «On the Waterfront» և «The Man with the Golden Arm» ֆիլմերից հետո։

«Ես դիտում էի «On the Waterfront»-ը և չէի կարողանում աչքս կտրել այդ տղայից, նա կախարդում էր»,- խոստովանել է դերասանը։ Իսկ Սինատրայից Ջեքը փոխառեց սերը գլխարկների հանդեպ:

Սխալ ձայն և խորամանկ հայացք

Ժամանակի գլխավոր պրոդյուսերներից մեկը նշել է, որ Նիքոլսոնն «ունի հիանալի ժպիտ, ցայտուն կազմվածք և խորամանկ հայացք», բայց ոչ մի դերասանական փորձ՝ բացի դպրոցական թատերական ակումբից:

Ջեքին առաջարկում էին մասնակցել բեմական խոսքի դասերի։ Բայց նրա դերասան ընկերներից մեկն ասել է․ «Բոլորը կփորձեն փոխել քո արտասանությունը մասնագետների օգնությամբ։ Մի՛ համաձայնիր»։ Նիքոլսոնը հնազանդվել է և ձայնը դարձրել իր կարևոր հատկանիշներից մեկը։

Դերասանի կրքերից մեկը նորաձևությունն է։ Նա միշտ հետևում էր թրենդներին. զգեստապահարանում կային տարբեր կտրվածքի վերնաշապիկներ, սպիտակ երկարաճիտ կոշիկներ, մինչև կոճերը նեղացրած տաբատներ։

Պայթյունավտանգ խառնվածք

Նիքոլսոնը հայտնի դարձավ նաև իր հուզականությամբ։ Իր կարիերայի սկզբում նրան հեռացրել են մի քանի սերիալներից «վատ պահվածքի» համար։

Դերասանն արագ կորցնում է ինքնատիրապետումը, որի համար ամենաչնչին պատճառն էլ բավական է։ Ասում են՝ մի անգամ փողոցում ինչ-որ մեկի մեքենան ջարդել է պարզապես այն պատճառով, որ ինչ-որ բանից զայրացել է։

Նիքոլսոնը «Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային ակումբի գլխավոր և ամենանվիրված երկրպագուն է, նա երբեք բաց չի թողնում տնային խաղերը։ Կինոստուդիաներն անգամ ստիպված են եղել նկարահանումների ժամանակացույցը համաձայնեցնել խաղի ժամանակացույցի հետ։

Շատ հաճախ Նիքոլսոնը մրցավարներին բարձրաձայն հայհոյում էր, վազում բասկետբոլի դաշտ։ Մի անգամ նրան նույնիսկ տեխնիկական խախտում են նշանակել չափազանց բարձր վիճելու համար:

Անհաջողություններ և հաջողություններ

Նիքոլսոնի առաջին դերերը հաջողություն չեն ունեցել։

«Ամենազվարճալի ժամանակը, որ երբևէ անցկացրել եմ կինոդահլիճում, «The Terror» ֆիլմը դիտելն էր: Ֆիլմն աներևակայելի սարսափելի էր», – պատմել է դերասանն իր վաղ դերերից մեկի մասին:

Առաջին հաջողությունը եղավ «The Little Shop of Horrors» սև կատակերգությունը։ Ֆիլմը նկարահանվել է ընդամենը երկու օրում։

«Ես գնացի նկարահանման հրապարակ՝ իմանալով, որ պետք է տարօրինակ կերպարում լինեմ: Չէի կարող վարվել այնպես, ինչպես սցենարում էր, այնպես որ ես արեցի շատ տարօրինակ բաներ, որոնք կարծում էի, որ ծիծաղելի էին», – պատմել է դերասանը:

«Օսկար» և «Ազնվամորի»

Նիքոլսոնը ստացել է բաղձալի «ոսկե ասպետը»՝ Միլոշ Ֆորմանի «One Flew Over the Cuckoo’s Nest» դրամայում դերի համար։ Նրա հերոս Ռենդլ Պատրիկ ՄակՄյորֆին դասական է և դերասանական արվեստի չափանիշներից մեկը։

Ջեքը փառքը յուրովի էր ընկալում. նա հրաժարվել է Մայքլ Կոռլեոնեի դերից՝ «Կնքահայրը» ֆիլմում, ինչպես նաև մերժել է այլ առաջարկներ գայթակղիչ նախագծերում: Նա գերադասում էր աշխատել լեգենդների հետ՝ Բրանդոյի՝ «The Missouri Breaks»-ում, Դե Նիրոյի՝ «The Last Tycoon»-ում:

Նա իր դերը որպես տաղանդավոր խելագար համախմբեց չարագործների կերպարներով՝ Ջեք Թորենսը Կուբրիկի «The Shining»-ում և Ջոկերը Բերթոնի «The Batman»-ում: Երկու ֆիլմերն էլ դարձել են դասական:

Նիքոլսոնն ամենատիտղոսակիր արտիստներից է՝ նոմինացվել է «Օսկար»-ի 12 անվանակարգում (դա ռեկորդ է), որոնցից երեքում՝ «հաղթել»։ Մայքլ Քեյնի հետ նա արժանացել է «Օսկար» մրցանակի՝ չորս տասնամյակների ընթացքում լավագույն դերի համար՝ 1970-ականներից մինչև 2000-ականներ: Չհաշված մյուս մրցանակները՝ BAFTA, «Ոսկե գլոբուս», ԱՄՆ Սցենարիստների գիլդիա։ Նա, ի դեպ, երկու անգամ առաջադրվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակի:

«Իմ ուսուցիչ Ջեֆ Քորին ասում էր, որ արվեստը միայն մեկնարկային կետն է: Դու չես կարող փոխել աշխարհը, բայց կարող ես ստիպել նրան մտածել»,- նշել է Նիքոլսոնը։

Սա լավագույնս ցույց է տալիս Ջեքի վերաբերմունքը սեփական կինոկարիերայի նկատմամբ։

Ամենաընթերցված