Ինչպե՞ս պահպանել մեր տվյալների զետաբայթները․ քվանտային մեմրիստոր
Դիտումներ՝ *
10:09 2022-04-23

Գիտնականները ստեղծել են մեմրիստորի քվանտային տարբերակը, որը կօգնի քվանտային նեյրոմորֆ համակարգիչների ստեղծմանը։

Ի՞նչ է կատարվում

Ավստրիայից և Իտալիայից գիտնականների թիմը մշակել է մեմրիստորի քվանտային տարբերակ՝ էլեկտրական անջատիչ, որը կարող է հիշել՝ այն միացվել է, թե անջատվել է հոսանքազրկումից հետո: Մեմրիստորները համեմատվել են սինապսների՝ մարդու ուղեղի նեյրոնների շփման կետերի հետ, որոնց էլեկտրական հաղորդունակությունը մեծանում կամ նվազում է՝ կախված նրանից, թե որքան էլեկտրական լիցք է անցել դրանց միջով անցյալում։

Մեմրիստորները կարող են գործել որպես արհեստական ​​նեյրոններ, որոնք ունակ են հաշվելու և տվյալների պահպանմանը:

Նոր քվանտային մեմրիստորն աշխատում է հետևյալ կերպ՝ ինտեգրված ֆոտոնային շղթայի վրա ֆոտոնների հոսքը գտնվում է սուպերպոզիցիայի մեջ, այսինքն՝ միաժամանակ մի քանի վիճակներում։ Այս հոսքում յուրաքանչյուր ֆոտոն կարող է շարժվել ապակու վրա երկու առանձին ալիքներով, որոնք նախապես գրանցված են լազերի կողմից։ Ալիքներից մեկը չափում է ֆոտոնների հոսքը, իսկ երկրորդը փոխանցում է այս տեղեկատվությունը համակարգչին:

Ըստ ստեղծողների՝ նոր մեմրիստորը կարող է համատեղել արհեստական ​​ինտելեկտը քվանտային հաշվարկների հետ և օգնել ստեղծել քվանտային նեյրոմորֆ համակարգիչներ, որոնք կլինեն ավելի արագ և հզոր, քան ցանկացած այլ համակարգիչ:

Ի՞նչ է դա նշանակում

Կորեացի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ մինչև 2025 թվականը գլոբալ տվյալների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 175 ԶԲ (զետաբայթ): Համեմատության համար նշենք, որ 1 ԶԲ ինֆորմացիան կազմում է 83 միլիոն 12 ՏԲ կոշտ սկավառակ: Այսքան մեծ քանակությամբ տվյալներ պահելու համար գիտնականները հզոր հաշվողական տեխնոլոգիա են ստեղծում։ Նման լուծումներից են քվանտային համակարգիչները:

Ամերիկյան Fortune Business Insights վերլուծական ընկերության տվյալներով՝ 2021 թվականին քվանտային հաշվողական տեխնոլոգիաների շուկան կազմել է 486,1 միլիոն դոլար, ակնկալվում է, որ մինչև 2028 թվականը այն կաճի մինչև 3,18 միլիարդ դոլար՝ տարեկան միջինը 30,8 տոկոս աճով։ Բրիտանական Consultancy.uk վերլուծական ընկերությունը կանխատեսում է, որ 2030 թվականին աշխարհում կարտադրվի մինչև 5 հազար քվանտային համակարգիչ։

Քվանտային համակարգիչների կարևոր բաղադրիչներից են մեմրիստորները: Մեմրիստորն առաջին անգամ նկարագրվել է 1971 թվականին Բերկլիի համալսարանի պրոֆեսոր Լեոն Չուայի կողմից։ 2008 թվականին սարքը գործնականում ներդրվել է Hewlett-Packard լաբորատորիայում։ Այդ ժամանակից ի վեր տարբեր ուսումնասիրություններ են իրականացվել մեմրիստորների ստեղծման և կատարելագործման համար։

Սիրարփի Աղաբաբյան

168.am

Ամենաընթերցված