Ամեն ինչ այդքան էլ պարզ չէ. 12 նկար, որոնց մեջ գաղտնիքներ կան
Դիտումներ՝ *
19:39 2022-04-11

Նկարիչները հաճախ գրություններ են թողնում իրենց նկարներում, հղումներ անում այլ ստեղծագործություններին և անձնական փորձառություններ դնում դրանց մեջ: Խոսում ենք 12 նկարների մասին, որոնցում գաղտնի իմաստ է դրված։

Հավատացնում ենք՝ այս նյութից հետո դուք բոլորովին այլ կերպ կնայեք դրանց։

1. «Ադամի արարումը», Միքելանջելո

«Ադամի արարումը» Միքելանջելոյի ամենահայտնի գործերից է։ Նկարում անզեն աչքով կարելի է տեսնել մարդու ուղեղի ուրվագիծը։ Եվ սա պատահական չէ. նկարիչը անատոմիայի սիրահար էր և, ասում են, նույնիսկ դիակներ էր հերձում։

2. «Մադոննան Սուրբ Ջովանինոյի հետ», Դոմենիկո Գիրլանդայո

Այս նկարում փորձագետները տեսել են անհայտ թռչող առարկա՝ սկավառակի տեսքով, որը նկարիչը գծել է շատ մանրամասն (հիշեցնում ենք, որ նկարը նկարվել է 15-րդ դարում)։ Իսկ հետին պլանում մի մարդ է, ով նայում է սկավառակին:

3. «Ֆլամանդական ասացվածքներ», Պիտեր Բրեյգել Ավագ

Բրեյգել Ավագի այս նկարում պատկերված են ժամանակի 112 հոլանդական ժողովրդական ասացվածքներ: Օրինակ՝ «կատվի վրա զանգ կախել» նշանակում է վտանգավոր և անխոհեմ արարք կատարել, իսկ «դռան բռնակը համբուրել»՝ անկեղծ չլինել։ Նկարիչը ցանկանում էր, որ մարդիկ մտածեն իրենց արարքների մասին և վերլուծեն իրենց պահվածքը կյանքում։

4. «Ընթրիք Էմմաուսում», Կարավաջո

Այս նկարի սյուժեն ներկայացնում է հարություն առած Հիսուսի ընթրիքը իր աշակերտների հետ։ Բայց նկարում ամբողջ ուշադրությունը գրավում է սեղանը, որտեղից կարելի է «կարդալ» նկարչի կողմից դրված մի քանի գաղտնի հաղորդագրություններ։ Այսպես, օրինակ ձկան տեսքով ստվերն արտացոլվում է մրգային զամբյուղից, որն անձնավորում է քրիստոնյաների կյանքում լռության պարտադիր ուխտը։

5. «Տեր և տիկին Առնոլֆինի», Յան վան Էյք

Ենթադրվում է, որ այս նկարում պատկերված են վաճառական Ջովաննի դի Նիկոլաո Առնոլֆինին և նրա կինը (սակայն, որոշ հետազոտողներ վստահ են, որ սա նկարչի և իր կնոջ ինքնանկարն է): Բայց հենց հայելին է, որ գրավում է բազմաթիվ արվեստաբանների ուշադրությունը, որի արտացոլման մեջ կարելի է տեսնել հենց նկարիչին՝ գունապնակը ձեռքին։ Իսկ հայելու վերևում երևում է մակագրությունը՝ «Յան վան Էյքն այստեղ էր»։

6. «Ննջասենյակ Առլում», Վինսենթ վան Գոգ

1888 թվականի մայիսին նկարիչը տեղափոխվում է Առլ (քաղաք Ֆրանսիայի հարավում), որտեղ ձեռք է բերում արհեստանոց և շարունակում ստեղծագործել։ Իսկ արդեն աշնանը նա վերջապես տեղավորվում է և որոշում է նկարել իր ննջասենյակը: Նկարը ստացվում է հիմնականում դեղին երանգներով, և դա պատահական չէ։ Շատ փորձագետներ դա բացատրում են նրանով, որ Վան Գոգը էպիլեպսիայի դեղամիջոց էր ընդունում, ինչը մեծապես փոխել է գույնի ընկալումը (ամեն ինչ դարձել է կանաչ-դեղին)։

7. «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը», Գուստավ Կլիմտ

Ադել Բլոխ-Բաուերը հարուստ շաքարավազի մագնատ Ֆերդինանդ Բլոխ-Բաուերի կինն էր և Գուստավ Կլիմտի սիրուհին: Երբ ամուսինն իմացել է նրանց սիրավեպի մասին, որոշել է վրեժխնդիր լինել, և դա արել է շատ անսովոր կերպով։ Նա նկարչին պատվիրել է իր կնոջ դիմանկարը և ստիպել նրան հարյուրավոր էսքիզներ անել: Աշխատանքը տևել է մի քանի տարի, և սիրահարների զգացմունքներն արագ սառել են։ Ի դեպ, Ադելը այդպես էլ չի իմացել, որ ամուսինը տեղյակ է եղել այդ սիրավեպի մասին։

8. «Կապույտ սենյակ», Պաբլո Պիկասո

Քչերը գիտեն, որ իրականում «Կապույտ սենյակի» հետևում տղամարդու դիմանկար է։ Այս փաստը հայտնի է դարձել 2008 թվականին, երբ նկարը ներկայացվել է փորձաքննության։ Սրա մեջ միստիկա չկա, պարզապես Պիկասոն միշտ չէ, որ մաքուր կտավներ է ունեցել, որոնց վրա նկարել է: Այսպիսով, նա օգտագործել է ավելորդ նկարները:

9. «Սրճարանի գիշերային տեռասը», Վինսենթ վան Գոգ

Շատ հետազոտողներ կարծում են, որ այս նկարը հղում է Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքին»: Բանն այն է, որ նկարի հենց կենտրոնում երկար մազերով և ամբողջությամբ սպիտակ հագուստով մատուցողն է (որը հիշեցնում է Հիսուս Քրիստոսի հագուստը), տեռասում 12 հոգի է, որոնցից մեկը կանգնած է դռան շեմին՝ ինչպես Հուդան, իսկ մատուցողի հետևում խաչ է երևում (պատուհանի շրջանակից):

10. «Որտեղի՞ց ենք մենք եկել։ Ովքե՞ր ենք մենք։ Ո՞ւր ենք գնում», Պոլ Գոգեն

Գոգենի այս նկարը պետք է «կարդալ» աջից ձախ, այն անձնավորում է մարդու կյանքի ցիկլը ծնունդից մինչև մահ։

Բոնուս. «Վերջին ընթրիքը», Լեոնարդո դա Վինչի

Նկարիչը երեք տարի շարունակ Հուդայի կերպարի համար բնորդ էր փնտրում։ Մի օր նա փողոցում հանդիպեց հարբածի ու հրավիրեց նկարվելու։ Իսկ երբ դա Վինչին արդեն նկարել վերջացրել էր՝ տղամարդն ասում է, որ նախկինում իրեն մեկ անգամ էլ է նկարել… Պարզվել է, որ մի քանի տարի առաջ Լեոնարդոն նրանից նկարել է Քրիստոսին։

vnews.am