Կատարյալ ընթրիք լավ քնի համար. խորհուրդներ՝ սննդաբանից
Դիտումներ՝ *
17:04 2022-04-04

Ինչպիսի՞ ընթրիքը կօգնի բարելավել քնի որակը: Ե՞րբ է ավելի լավ ընթրել՝ քնի հետ խնդիրներ չունենալու համար: Այս հարցերի շուրջ իր կարծիքով կիսվել է սննդաբան Իրինա Պիսարյովան (Ռուսաստան):

Ինչպես ներկայացնում է URA.RU կայքը, ճիշտ ընթրիքը, մասնագետի կարծիքով, չպետք է չափազանց կալորիական լինի: Բացի այդ, պետք չէ ընթրել շատ ուշ, այլապես սնունդը չի հասցնի մարսվել: Սակայն սննդի երեկոյան ընդունումից ամբողջությամբ հրաժարվել էլ չի կարելի, քանի որ, մասնագետի կարծիքով, դա կարող է վատթարացնել քունը:

«Ավելի լավ է ուտել 18:00-ին, հետո պետք չէ»,- խորհուրդ է տալիս Պիսարյովան:

Նրա խոսքով՝ ընթրիքը պետք է թեթև լինի, քանի որ օրվա երկրորդ կեսին մարդ քիչ էներգիա է ծախսում, եւ օրգանիզմը հանգստանալու կարիք ունի, իսկ սննդի մարսումը մեծ աշխատանք է:

«Երեկոյան ճիշտ սննդակարգի պարագայում ե՛ւ քունն ավելի լավը կլինի, ե՛ւ առավոտից ավելի լավ տրամադրությամբ կարթնանաք»,- ասել է մասնագետը:

Սննդաբանը խորհուրդ է տալիս ընթրիքին օգտագործել խաշած ձուկ, բանջարեղեն, հնդկահավ, լոբազգիներ: Իսկ սունկ, խոզի կողիկներ եւ տավարի միս, մասնագետի խոսքով, երեկոյան ուտել պետք չէ: